Մատչելիության հղումներ

Ի՞նչ սպասել Մյունխենում այսօր մեկնարկող անվտանգության համաժողովից


Մյունխեն, Գերմանիա, համաժողովից մեկ օր առաջ՝ փետրվարի 13-ին, 2025թ.
Մյունխեն, Գերմանիա, համաժողովից մեկ օր առաջ՝ փետրվարի 13-ին, 2025թ.

Մյունխենում՝ Bayerischer Hof հյուրանոցում, այսօր մեկնարկում է անվտանգության միջազգային համաժողովը։ Արդեն ավելի քան 60 տարի է՝ տասնյակ երկրների առաջնորդներ, քաղաքական գործիչներ ու փորձագետներ հավաքվում են այստեղ՝ քննարկելու աշխարհի անվտանգությանը սպառնացող հիմնահարցերը։

Համաժողովն անցնում է Ուկրաինայում արդեն շուրջ երեք տարի շարունակվող պատերազմի առանցքային փուլում, երբ ԱՄՆ նոր նախագահը քայլեր է ձեռնարկում՝ այն կանգնեցնելու ուղղությամբ։ Համաժողովի նախօրեին Դոնալդ Թրամփը մեկուկես ժամանոց հեռախոսազրույց ունեցավ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, որը երկու երկրների առաջնորդների առաջին ուղիղ շփումն էր Ուկրաինայի վրա ռուսական հարձակումից ի վեր։

Հիմա Մյունխենի համաժողովում թե՛ Ուկրաինան, թե՛ դաշնակիցներն ակնկալում են Նահանգներից պարզաբանումներ լսել՝ ինչպես է Թրամփի վարչակազմը պատկերացնում խնդրի կարգավորումը։ Եվ որ առավել կարևոր է՝ ինչ է պատրաստ Վաշինգտոնն անել դրա համար, և որոնք են կարմիր գծերը։

Համաժողովից առաջ Պենտագոնի նոր ղեկավարը Բրյուսելում դաշնակիցների հետ հանդիպմանն արդեն հայտարարել է, թե պետք չէ հույսեր փայփայել, որ Ուկրաինան կարող է վերադարձնել 2014-ից հետո կորցրած տարածքները կամ անդամակցել ՆԱՏՕ-ին։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը նաև նշել էր, թե Ամերիկան չի մասնակցելու Ուկրաինայում հնարավոր խաղաղապահ առաքելությանը, և որ այդ առաքելության վրա չպետք է տարածվի ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը, ինչը նշանակում է, որ խաղաղապահների ու ռուսների միջև հնարավոր բախման դեպքում Նահանգները կամ ՆԱՏՕ-ի որևէ անդամ պարտավորված չի լինի օգնության գալ։

«Եթե եվրոպական երկրներն ուզում են խաղաղապահներ տեղակայել, իրենք պետք է վճարեն դրա համար», - հայտարարել է նա, հավելելով, - «Միացյալ Նահանգները մարտահրավերներ ունի սեփական տանը, մենք պետք է և կկենտրոնանանք մեր սահմանների անվտանգության վրա»:

Այս հայտարարություններից, Պուտին-Թրամփ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի նախագահը Մյունխենում առաջին հանդիպումը կունենա Թրամփի վարչակազմի՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, ինչպես նաև Ուկրաինայի ու Ռուսաստանի հարցով գլխավոր բանագնաց Քիթ Քելլոգի հետ: Չի բացառվում, որ նախագահ Զելենսկին հանդիպի նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի, ինչպես նաև եվրոպացի առաջնորդների հետ, որոնք վերջին օրերին շարունակ կրկնում են՝ Եվրոպան ևս պետք է մասնակցի ուկրաինական կարգավորման գործընթացին։

Գազայի պատանդների վերջնաժամկետ

Ուկրաինայից բացի, Մյունխենում աշխարհի առաջնորդների ուշադրության կենտրոնում կլինեն նաև Մերձավորաևելյան զարգացումները։ Փետրվարի 15-ի կեսօրին՝ համաժողովի երկրորդ օրը, լրանում է «Համաս»-ի կողմից գերեվարված իսրայելցի պատանդների վերադարձնելու վերջնաժամկետը։ ԱՄՆ նախագահը զգուշացրել է՝ եթե մինչ այդ պատանդները ազատ չարձակվեն, «դժոխքը կսկսվի»։

Գրենլանդիան՝ ԱՄՆ նոր վարչակազմի ու Եվրոպայի տարաձայնության կենտրոնում

ԱՄՆ նախագահի վերջին հայտարարությունները՝ աշխարհի ամենամեծ կղզին՝ բնական պաշարներով հարուստ Գրենլանդիան Ամերիկային միացնելու մասին մեծ անհանգստություն ու վրդովմունք է առաջացրել Եվրոպայում։ Ոչ միայն Դանիան, որի կազմում է կղզին, այլև եվրոպական այլ երկրներ են այն քննադատել։ Եթե ամերիկյան պատվիրակությունը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գլխավորությամբ, վերահաստատի այս մտադրությունը Մյունխենում, ամենայն հավանականությամբ, կհանդիպի լուրջ հակազդեցության, ասում են փորձագետները:

Թրամփի հայտարարություններին ի պատասխան՝ եվրոպացի առաջնորդները զգուշացրել են, որ ԱՄՆ-ը պետք է ենթարկվի միջազգային իրավունքին։

«Սահմանների ամբողջականությունը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքն է: Այս սկզբունքը պետք է վերաբերի բոլորին»,- ընդգծել է Մյունխենի հանաժողովը հյուրընկալող երկրի՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:

Եվ, թերևս, պատահական չէ, որ կոնֆերանսի նախագահ Հոյսգենը համաժողովի նախօրեի ելույթներում հարկ էր համարում անընդհատ ընդգծել՝ «ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված կարգին ավելի լավ այլընտրանք չկա»:

XS
SM
MD
LG