Մատչելիության հղումներ

Ի՞նչ է կատարվում սահմանամերձ Ոսկեպարում. փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակն ու ԱԱԾ-ն լուռ են


Ի՞նչ է կատարվում սահմանամերձ Ոսկեպարում. անհանգստացած վարչական ղեկավարը երեկ ընթացող աշխատանքների մասին էր խոսել, այսօր՝ հրաժարվեց մեկնաբանել իր հայտարարությունը, սահմանազատման հայկական հանձնաժողովը գլխավորող փոխվարչապետի գրասենյակն ու ԱԱԾ-ն լուռ են։

Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը «Հրապարակ»-ին երեկ ասել էր, որ Տավուշում սահմանազատման գործընթացի շրջանակներում ինչ-ինչ աշխատանքներ են սկսվել, սակայն, չէր հստակեցրել՝ կոնկրետ ի՞նչ են անում։

«Ազատությունն» այսօր Աղբալյանից փորձեց մանրամասներ ճշտել: Պաշտոնյան նաև ասել էր, որ կան տարածքներ, որտեղ իրենց մուտքն արգելվում է, հարցերի դեպքում խորհուրդ տվել դիմել սահմանապահ զորքերին։ Չնայած մի քանի ժամ առաջ Ոսկեպարի վարչական ղեկավարը խիստ մտահոգված էր ընթացող աշխատանքներով, նաև Երևանում «միտինգ անողներին» էր իրենց միանալու կոչ անում, այսօր արդեն հրաժարվեց իր ղեկավարած գյուղում տեղի ունեցողին անդրադառնալ:

«Ոչ մի բան էլ չեմ ասում, ում հետաքրքրում է՝ գա նայի տեղում», - ասաց նա:

Սահմանազատման հայ-ադրբեջանական հանձնաժողովները ղեկավարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից մինչ այս պահը չի հաջողվել ճշտել՝ ի՞նչ աշխատանքներ են Ոսկեպարում ընթանում, զանգերն անպատասխան են մնում:

Հրապարակային գործունեությամբ աչքի չընկնող հանձնաժողովի աշխատանքների մասին վերջին լուրը անցած շաբաթավերջին տարածվեց, որ Երևան-Բաքու տեսակապի միջոցով նիստ գումարած հանձնաժողովականները քննարկել են սահմանազատման անցկացման համար անհրաժեշտ ուղեցույցների նախագծերը:

Կանոնակարգի համաձայն, այդ ուղեցույցների շարքում է նաև այն քարտեզը, որի հիման վրա պետք է իրականացվի սահմանազատումը: Բայց ընդունման մասին որևէ խոսք չկար: Սահմանազատումը, ըստ կողմերի, պետք է շարունակվի հյուսիսից՝ հարավ, այսինքն էլի Տավուշից։ Որպես մեկնարկ նշվել էր Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետը: Բայց եռակողմ աշխատանքների մասին էլ տեղեկություն չկա:

Փոխարենը կան լուրեր, որ Ոսկեպարում արդեն սահմանազատված սահմանի մի հատվածն է կահավորվում՝ տրակտորով։ Բայց ոչ Ոսկեպարի գյուղապետի անհանգստություննները, ոչ էլ գյուղից ստացվող լուրերը պետական մարմինները ողջ օրվա ընթացքում չմեկնաբանեցին:

Սահմանապահ զորքերը, որոնցից էլ գյուղապետը խորհուրդ էր տալիս տեղեկությունը ճշտել, ԱԱԾ կազմում են գործում։ Անվտանգության ծառայությունից բանավոր չպարզաբանեցին՝ ի՞նչ աշխատանքներ են ընթանում Ոսկեպարում ու ինչո՞ւ է մարդկանց արգելվում մտնել այդ հատվածներ։ Գրավոր հարցում ենք ուղարկել։

Այս պահին հայ-ադրբեջանական մոտ 1000 կմ-անոց հատվածից 12-ն է սահմանազատված։

Մարկուս Ռիտերը սահմանին իրավիճակը «հանգիստ» է բնորոշում

Սահմանին իրավիճակը «հանգիստ» է բնորոշում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում, սակայն, նա իրենց դիտարկումներն է ներկայացրել, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցող թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը ամրապնդում են իրենց դիրքերը:

«Երկու կողմերն էլ շարունակում են պատրաստվել ավելի վատ զարգացման, դա ակնհայտ է: Բայց մենք այս պահին լարվածություն չենք տեսնում, և սա ամսից ի վեր է, ուստի մենք բավականին վստահ ենք, որ տարածաշրջանը լավ ուղու վրա է: Եվ մենք միշտ ասում ենք՝ նախապատրաստված եղիր վատագույնին, բայց պատրաստ եղիր լավագույնին: Այսպիսով, մեզ թվում է, որ երկու կողմերն էլ հետևում են այս խորհրդին», - նշել է Ռիտերը:

2 տարվա պարեկությունից հետո ԵՄ դիտորդների անզեն քաղաքացիական առաքելությունն այս փետրվարին ևս երկու տարով երկարաձգվեց։

«Մենք հետևում ենք, թե ինչ է կատարվում սահմանին։ Դա նշանակում է, որ մենք ոչ միայն նայում ենք, թե ինչ է անում ադրբեջանական կողմը, մենք նաև հետևում ենք, թե ինչ է անում հայկական կողմը, քանի որ Բրյուսելը ցանկանում է իմանալ մեզնից՝ ինչպես է իրավիճակը սահմանին», - ասել է ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը:

Ռիտերը նաև բացահայտել է, որ այս երկու տարիների ընթացքում իրենց աշխատանքից դժգոհող Բաքուն մշտապես տեղեկացված է իրենց շարժից, որը բացառապես Հայաստանի տարածքում է տեղի ունեցել:

«Նույնիսկ այն պարեկություններին, որոնց մենք գնում ենք ուղկցորդներով, մեկ շաբաթ առաջ հատուկ ներկայացուցչի գրասենյակի միջոցով ծանուցում ենք Բաքվին։ Դա նշանակում է, որ նրանք նույնիսկ նախապես գիտեն, թե ուր ենք մենք գնում և որտեղ ենք հայտնվում: Դա շատ-շատ բաց և թափանցիկ է, և մենք ոչ մի հետախուզական աշխատանք չենք կատարում», - ընդգծել է Ռիտերը:

ԵՄ առաքելության հարցը նաև խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունների թեմաներից է։ «Արմենպրես»-ը հիշեցրել էր վարչապետ Փաշինյանի առաջարկը Բաքվին՝ ԵՄ դիտորդներին հեռացնել սահմանի արդեն իսկ սահմանազատված հատվածներից։ Ո՞րն է առաքելության դիրքորոշումն այս հարցում։ Եվրոպացի պաշտոնյան իր ու Հայաստանի ղեկավարի քննարկումից եզրակացրել է՝ այդ առաջարկը իրենց սահմանից հեռացնելու մասին չէ, ու սա չի նշանակում, որ իրենց առաջև սահմանամերձ համայնքների մուտքը կփակի:

«Եթե Հայաստանի կառավարությունը և ադրբեջանական կողմը համաձայնեն, որ մենք չպետք է պարեկություն կատարենք ուղղակիորեն արդեն հստակ սահմանազատված սահմանային շրջաններում, մենք դրանում խնդիր չենք տեսնում», - պատասխանել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG