Մատչելիության հղումներ

Տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպում


Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյան, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաև, կոլաժ, արխիվ
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյան, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաև, կոլաժ, արխիվ

Այսօր Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի շրջանակներում, հաղորդում է Հայաստանի արտգործնախարարությունը:

«Հանդիպման ընթացքում Կողմերը քննարկել են սահմանազատման համալիր աշխատանքների անցկացման համար անհրաժեշտ ուղեցույցների նախագծերը, ինչպես նաև մտքեր են փոխանակել Հանձնաժողովների հաջորդ առկա ձևաչափով հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցերի շուրջ:

Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում;

Այլ մանրամասներ չեն փոխանցվում:

Հանձնաժողովների նախորդ հանդիպմանը՝ հունվարի 16-ին, համաձայնություն էր ձեռք բերվել սկսել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի հետ:

Կողմերը նաև քննարկել էին սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը:

Անցած գարնանը Երևանն ու Բաքուն մոտ 12 կիլոմետր սահմանազատեցին Տավուշի ու Ղազախի հատվածներում, հայկական կողմը նախկին ադրբեջանական չորս գյուղ վերադարձրեց Ադրբեջանին։ Այն ժամանակ Հայաստանի վարչապետը դա պիլոտային սահմանազատում էր անվանել, գործընթացը տեղի ունեցավ նախքան սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի հաստատումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG