«Ադրբեջանն այս պահին ռազմական հարձակում է ծրագրում և դա կանգնեցնելու միակ ձևը նոյեմբերի 9-ն է», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը:
Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
Մարուքյան. - Հենց հիմա Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի հետ քննարկում է ճանապարհ ոչ մի բանի դիմաց, ինչի մասին ԱԺ նախագահը մի քանի օր առաջ հայտարարեց. բեռները փակ գան, անցնեն գնան, դա միջանցք է: Այսինքն, Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն ասում Ղարաբաղ, ժողովուրդը, փախստականները թող հետ գնան, չեն ասում՝ խաղաղապահներ են դրա համար անհրաժեշտ, չեն ասում, որ մենք միջանցք ունեինք, որ գրված է միջանցք, քննարկում են միակողմանիորեն ոչ մի բանի դիմաց Ադրբեջանին միջանցք տալու հարցը: Ես պաշտոնապես ասում եմ, եթե Հայաստանն ուզում է չտա միջանցք Ադրբեջանին, դրա միակ ճանապարհը նոյեմբերի 9-ի եռակողմ հարթակ վերադառնալն է:
«Արցախի ժողովուրդը անվտանգ վերադարձի պարագայում խնդիր չեմ տեսնում 9 -րդ կետի կատարման մեջ»
«Ազատություն». - Այսինքն՝ համաձայնի՞ Հայաստանի իշխանությունը, որ ռուսները վերահսկողություն են սահմանելու այդ ճանապարհի նկատմամբ:
Մարուքյան. - Այո: Այնպես, ինչպես որ գրված է, պետք է ասեն, որ մենք պատրաստ էինք կատարել այդ կետը այնպես, ինչպես որ գրված է: Հիմա ես զգուշացնում եմ մեր իշխանություններին, եթե իրենք չվերադառնան նոյեմբերի 9-ի հարթակ, էդ միջանցքը դառնալու է իրականություն, թե ո՞նց է դառնալու, մենք բոլորով իրար հետ կնայենք: Էդ միջանցքի իրականություն չդառնալու ճանապարհը, նոյեմբերին 9-ի հարթակն է: Եվ՝ այո, եթե կա Լեռնային Ղարաբաղ, եթե ժողովուրդը գնացել, այնտեղ ապրում է, անվտանգ ապրում է, ժողովուրդը վերադարձել է տուն, ես խնդիր չեմ տեսնում 9-րդ կետի կատարման մեջ այդ պարագայում:
«Ազատություն». - Իսկ ո՞վ է ասում, որ Ադրբեջանը համաձայնելու է վերադառնալ այդ փաստաթղթին:
Մարուքյան. - Ես բացարձակապես չեմ կարծում, որ մենք պետք է քննարկենք, թե Ադրբեջանը ինչին է համաձայնվելու: Մենք պետք է ձևակերպենք մեր օրակարգը, մեր օրակարգը հետևյալն է՝ եթե դուք ուզում եք միջանցք, իսկ դուք ուզում եք միջանցք, մենք պահանջում ենք էն մյուս կետերի կատարումը:
«Ազատություն». - Քայլ անելուց առաջ մենք պետք է հասկանանք, թե երրորդ քայլում ինչ անել, ո՞վ կամ ինչը՞ պետք է Ադրբեջանին ստիպի, որ ինքը, ունենալով այսօրվա իրավիճակը, վերադառնա նոյեմբերի 9-ի կետերը քննարկելուն:
Մարուքյան. - Ադրբեջանն իր ստորագրությունը չի հանել այդ փաստաթղթից և պնդում են, որ փաստաթուղթն իրավազոր է և դրա հիման վրա մեզնից ուզում են ճանապարհ:
«Ազատություն». - Համաձայնեք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ այդ հայտարարության տակ Ալիևի ստորագրությունը Ալիևին չի ստիպելու վերադառնալ, այսինքն, ավելի ծանրակշիռ որևէ ազդեցիկ լծակ է անհրաժեշտ: Այսինքն, Ռուսաստա՞նն է ստիպելու, ո՞վ է ստիպելու: Պետք է 1 բավական ազդեցիկ ուժ ստիպի Ալիևին վերադառնալ, եթե իհարկե Հայաստանը համաձայնի:
Մարուքյան. - Հիմա Ռուսաստանը բավականին ազդեցիկ չէ՞ այս պահին: Հենց էս պահին մենք քննարկում ենք մի բան, որ ամբողջ աշխարհն է քննարկում:
«Եթե Ադրբեջանը կորցնում է իր ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում, մենք էլ պետք է պատրաստ լինենք, որ իրենք անցնեն իրենց ուզած ճանապարհով».
«Ազատություն». - Կարծում եք, հիմա հենց այն ճիշտ պահն է, որ Հայաստանի իշխանությունը բարձրաձայնի նոյեմբերի 9-ի հայտարարության օրակարգ բերելու մասին, հաշվի առնելով Ռուսաստանի դիրքերը, ամրապնդվում է:
Մարուքյան. - Բնականաբար ուշացած է, պետք չի էդ բանով անել, դե որ ամրապնդվեց ձեր դիրքերը, մենք էլ կասենք, ձեր մոտ.... շատ վատ պահվածք է: Բայց պետք է ասել՝ «լավ Ալիև շաբաթը 6 անգամ հայտարարում եք, որ ճանապարհը ուզում եք, շատ լավ ստորագրությունդ էլ չես հետ քաշել, էդ ժողովուրդը, որ էստեղ է ինքնասպան է լինում, պիտի գան տուն», ձև չունենք, պետք է Ղարաբաղի ժողովրդի վերադարձը ուզենք, որ միջանցքից պրծնենք, ուրիշ ձև չկա:
«Ազատություն». - Բայց հետո էլ պետք է տանք ռուսների վերահսկողությամբ:
Մարուքյան. - Բա ինչ պետք է անենք:
«Ազատություն». - Էդ ճանապարհի վրա մեր ինքնիշխանությունը չե՞նք կորցնելու:
Մարուքյան. - Եթե Ադրբեջանն իր ինքնիշխանությունը կորցնում է Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում: Մենք էլ պատրաստ պետք է լինեն, որ իրանք անցնեն այդտեղով: Հենց հիմա պրոցես է գնում մեր երկիրը գրավելու մասին, մեր իշխանությունը զբաղված է Range Rover-ով:
«Ազատություն». - Այսինքն կարծում եք Ադրբեջանը ռազմական հարձակում է ծրագրում այս պահին:
Մարուքյան. - Վստահ եմ, կասկած չունեմ: Ինչը չի ստանալու, խաղաղ ստանալու է պատերազմով: Բա ինչո՞ւ եմ ամեն օր կանգնում, ասում, գնացեք, արագացրեք, ժամանակ չկա, դրա կանգնեցնելու միակ ձևը նոյեմբերի 9-ն է: