Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հաստատել է՝ Սումիին հարվածել է «Իսկանդեր»-ով


Ռուսական զինուժը երեկ հրթիռակոծել է ուկրաինական Սումի քաղաքի կենտրոնը, զոհվել է 34 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, վիրավորվել՝ 119-ը, նրանցից 15-ը՝ երեխա:

Ռուսաստանն այսօր հաստատել է, որ հարվածել են «Իսկանդեր-Մ» հրթիռներով՝ պնդելով, թե թիրախը եղել է ուկրաինացի հրամանատարների նիստի վայրը։ Կրեմլի խոսնակն ասել է, թե ռուսական զինուժը հարվածում է միայն ռազմական թիրախներին:

Սակայն հաղորդվում է, որ թիրախում եղել է քաղաքի այն հատվածը, ուր այդ պահին անցկացվել է զինծառայողների պարգևատրման արարողություն, որին ներկա են եղել նաև խաղաղ բնակիչներ: Սումիի շրջանային վարչակազմի ղեկավար Վլադիմիր Արտյուխին քննադատել են, որ թույլ է տվել նման միջոցառում անցկացնել, նաև քրգործ է հարուցվել:

Սումիի բնակիչներ Վլադիմիր Դեսչենկոն և Վալերիա Մաքսիմովան պատմում են, որ նախատեսում էին մասնակցել Ծաղկազարդի տոնին, սակայն չեն հասցրել:

Մինչ Սումիում ուշքի են գալիս երեկվա արյունալի հարձակումից, ռուսական զինուժն այսօր կրկին հարվածել է քաղաքին, այս անգամ՝ անօդաչուով:

Ուկրաինայի նախագահը դատապարտել է երեկվա հարձակումը՝ միջազգային հանրությանը կոչ անելով ավելի կոշտ արձագանքել Ռուսաստանի գործողություններին: Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ծաղկազարդի օրը նման բան կարող էին անել միայն «կեղտոտ սրիկաները»։

«Պատերազմներն ավարտվում են միայն, երբ հանցավոր պատերազմները չեն մոռացվում, և երբ ագրեսորի վրա ճնշում է գործադրվում: Հիմա դա տեղի չի ունենում ... Նրանք վախ չունեն, դրա համար էլ բալիստիկ հրթիռներով են հարվածում», - հավելել է նա:


CBS հեռուստաընկերությանն էլ տված հարցազրույցում նա ԱՄՆ նախագահին կոչ է արել գալ Ուկրաինա և տեղում տեսնել, թե ինչ է անում Վլադիմիր Պուտինը:

Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ իրեն զեկուցել են, թե ռուսները սխալմամբ են հարվածել Սումիին: Սպիտակ տան ղեկավարը Ռուսաստանի հասցեին ուղիղ քննադատություն չի հնչեցրել. «Կարծում եմ, որ դա սարսափելի էր: Եվ ինձ ասացին, որ նրանք սխալ են թույլ տվել: Բայց ես կարծում եմ, որ դա սարսափելի բան է: Կարծում եմ՝ ամբողջ պատերազմն է սարսափելի»:

Խաղաղ բնակիչների հրթիռակոծումը չի դատապարտել նաև ԱՄՆ պետքարտուղարը: Մարկո Ռուբիոն միայն ասել է, որ Նահանգները ցավակցում է ռուսական «այս սարսափելի հարձակումից տուժածներին»՝ նշելով, որ սա ողբերգական հիշեցում է այն մասին, թե ինչու է ԱՄՆ-ն «այդքան ժամանակ և ջանք գործադրում այս պատերազմն ավարտելու և արդար ու կայուն խաղաղության հասնելու համար»:

Հարձակումը կոշտ քննադատել են Եվրահանձնաժողովի նախագահը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ: Ֆրանսիայի նախագահը սոցցանցում գրել է, որ խիստ միջոցներ է պետք կիրառել Ռուսաստանի նկատմամբ՝ նշելով, թե բոլորը գիտեն, որ միայն Ռուսաստանն էր ցանկանում այս պատերազմը։

«Այսօր պարզ է, որ միայն Ռուսաստանն է որոշել շարունակել պատերազմը՝ անտեսելով մարդկային կյանքերը, միջազգային իրավունքն ու նախագահ Թրամփի դիվանագիտական առաջարկները: Ռուսաստանին հրադադար պարտադրելու համար խիստ միջոցներ են հարկավոր», - նշել է նա:

Այս ֆոնին Լյուքսեմբուրգում այսօր հանդիպում են Եվրամիության արտաքին գործերի նախարարները, որոնք քննարկելու են նաև Ուկրաինայի հարցը: Հանդիպումից առաջ Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը կոչ է արել «առավելագույն ճնշում» գործադրել Ռուսաստանի վրա, որպեսզի դադարեցնի պատերազմը. «Խաղաղության հասնելու համար երկու կողմերը պետք է դա ցանկանան, իսկ պատերազմի դեպքում բավական է միայն մեկը ցանկանա: Տեսնում ենք, որ Ռուսաստանն իսկապես պատերազմ է ուզում»:

Մինչ եվրոպացի առաջնորդները կոչ են անում ուժեղացնել Ռուսաստանի վրա ճնշումը, ռազմական իրադրությունը լարված է մնում: Ռուսական կողմը գիշերն անօդաչուներով հարվածել է Օդեսային, կա ութ վիրավոր, վնասվել է մեկ հիվանդանոց: Չեռնիգովում գնդակոծվել է մարդատար գնացք, վագոններից մեկում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան: Ռուսական կողմն իր հերթին հայտարարել է, որ ուկրաինական անօդաչուներ է խոցել մի քանի շրջանում:

XS
SM
MD
LG