Ուկրաինայի տեղական իշխանությունների խոսքով՝ Սումի քաղաքի վրա ռուսական ուժերի հրթիռային հարվածի հետևանքով ապրիլի 13-ին զոհերի թիվը հասել է 34-ի: Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Եվրամիության և ՄԱԿ-ի առաջնորդները դատապարտել են տեղի ունեցածը:
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ սպանվածների թվում երկու երեխա կա: Միջադեպի հետևանքով տուժել է նաև առնվազն 117 մարդ, այդ թվում՝ 15 երեխա։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հարձակումն անվանել է «միջազգային իրավունքի բացահայտ խախտում»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը «խորապես անհանգստացած և ցնցված» է Սումիում տեղի ունեցած հարձակումից, հայտարարել է նրա խոսնակը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուսական հարվածը Սումիին «սարսափելի բան է»:
«Կարծում եմ, որ դա սարսափելի էր: Եվ ինձ ասացին, որ նրանք սխալ են թույլ տվել: Բայց ես կարծում եմ, որ դա սարսափելի բան է: Կարծում եմ, որ ամբողջ պատերազմը սարսափելի բան է», - ասել է նա լրագրողներին Air Force One ինքնաթիռով Ֆլորիդայից Վաշինգտոն վերադառնալիս, թեև նա չի հստակեցրել, թե ինչ նկատի ունի «սխալվել» ասելով:
Մոսկվան հերքել է պատերազմի ողջ ընթացքում Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտներին միտումնավոր հարվածներ հասցնելու մասին մեղադրանքները, թեև հակամարտության ընթացքում արձանագրվել են բազմաթիվ հարձակումներ հիվանդանոցների, դպրոցների, էներգետիկ օբյեկտների և բնակելի շենքերի վրա:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն դա անվանել է «սարսափելի ռուսական հրթիռային հարձակում», իսկ Թրամփի Ուկրաինայում հատուկ բանագնաց Քիթ Քելլոգն ասել է, որ «Ծաղկազարդի կիրակի օրը ռուսական ուժերի հարձակումը Սումիում քաղաքացիական օբյեկտների վրա հատում է պարկեշտության ցանկացած գիծ»:
Գերմանիայի նոր կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրել է «միտումնավոր և հաշվարկված ռազմական հանցագործություն» կատարելու մեջ։
Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի առաջնորդները, ի թիվս այլոց, նույնպես արագորեն դատապարտել են հարձակումը:
«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը հայտնել է, որ հարձակումը տեղի է ունեցել «շատ մարդաշատ վայրում՝ քաղաքի կենտրոնում», այն ժամանակ, երբ շատ ուկրաինացիներ եկեղեցի էին գնում Ծաղկազարդի տոնին: