Մատչելիության հղումներ

Զելենսկին Թրամփին կոչ է արել այցելել Ուկրաինա՝ «հասկանալու, թե ինչ է արել Պուտինը»


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CBS News-ի «60 րոպե» հաղորդաշարի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել մինչև Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ որևէ որոշումը կայացնելը այցելել Ուկրաինա՝ «հասկանալու համար, թե ինչ է արել Պուտինը»։

«Մենք հարգում ենք ձեր դիրքորոշումը։ Բայց խնդրում եմ, նախքան որևէ որոշում կայացնելը կամ բանակցությունների պլաններ կազմելը, եկեք և նայեք մարդկանց, քաղաքացիական անձանց, զինվորականներին, հիվանդանոցներին, եկեղեցիներին, զոհված կամ վիրավորված երեխաներին։ Եկեք, տեսեք և այդ ժամանակ պլաններ կկազմենք պատերազմը դադարեցնելու համար։ Դուք կհասկանաք, թե ում հետ գործ ունեք», - Թրամփին դիմելով ասել է Զելենսկին։

Հարցազրույցը ձայնագրվել է Կրիվոյ Ռոգում, որտեղ ապրիլի 4-ին ռուսական հրթիռակոծության հետևանքով 20 մարդ է զոհվել, այդ թվում՝ 9 երեխա։

Հարցազրույցից հետո՝ կիրակի օրը, ռուսական ուժերը հրթիռակոծել են Սումի քաղաք, որի հետեւանքով ավելի քան 30 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը, այդ թվում՝ բազմաթիվ երեխաներ՝ վիրավորվել։

Ամերիկյան լրատվամիջոցի հետ զրույցում Ուկրաինայի նախագահը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանին և այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին չի կարելի վստահել, համոզմունք հայտնելով, որ Պուտինի վերջնական նպատակը «Ռուսաստանյան կայսրությունը վերականգնելն է, ՆԱՏՕ-ի պաշտպանության տակ գտնվող տարածքները վերադարձնելը»։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG