Անխոչընդոտ և անժամկետ կապ Նախիջևանի հետ. վերջին հինգ օրերի ընթացքում արդեն երկրորդ անգամ Երևանին ուղղված այս պահանջն է հնչեցնում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Շաբաթ օրը ադրբեջանական դիվանագիտության ղեկավարն այս մասին խոսեց Անթալիայում կազմակերպված միջազգային համաժողովի ընթացքում, այսօր արդեն՝ Սլովենիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն ի հավելում Ադրբեջանը հատուկ մոտեցում է պահանջում մեր երկրի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապի ապահովման հարցում։ Նման բան գոյություն չունի, երբ մի երկրի տարածքը բաժանված է երկու մասի։ 2020 թվականին Հայաստանն անխոչընդոտ հաղորդակցության պարտավորություն է ստանձնել, և այդ պարտավորությունը պետք է կատարվի։ Ադրբեջանի համար Նախիջևանի հետ կապը պետք է լինի անխոչընդոտ, որևէ խոչընդոտ չպետք է լինի։ Եվ դա այնպիսի պարտավորություն պետք է լինի, որ ապագայում Հայաստանի օրենսդրության հնարավոր փոփոխությունները այդ իրավիճակի վրա չազդեն ոչ կարճաժամկետ, ոչ միջնաժամկետ, ոչ էլ երկարաժամկետ կտրվածքով»,-հայտարարել է Բայրամովը։
Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքով՝ հաղորդակցության նման ռեժիմի հաստատման անհրաժեշտությունը բխում է խորհրդային տարիների պատմությունից, երբ «300 հազար բնակիչ ունեցող ինքնավար հանրապետությունը հայտնվեց շրջափակման մեջ»։ Այժմ, ըստ Բայրամովի, «Ադրբեջանի ակնկալիքն է ազատ և անխոչընդոտ հաղորդակցություն՝ անկախ քաղաքական հարաբերակցության տարրերի փոփոխությունից»։
«Մենք շարունակում ենք ջանքեր գործադրել այդ ուղղությամբ»,-պնդել է ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը։
Հայաստանի արտգործնախարարն այդ քննարկմանն ասել էր, որ երկրի հարավով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերաբերյալ հայկական կողմի առաջարկները մինչ օրս դրական արձագանքի չեն արժանացել:
«Ընդ որում առաջարկել ենք կիրառել ժամանակակից տեխնոլոգիաները, էլեկտրոնային սկաներներ, որոնք թույլ կտան մեզ խուսափել ապրանքների ֆիզիկական ստուգումից, կիրառել էլեկտրոնային հայտարարագրեր, այս տեղեկատվությունը կարող են փոխանակել համապատասխան կառույցները, ինչը թույլ կտա ունենալ այդ տրանզիտը առավելագույն արագությամբ: Բայց դրական պատասխան չկա», - նշել էր Արարատ Միրզոյանը:
Անդրադառնալով Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի համաձայնեցմանն ու դրա ստորագրման հեռանկարներին՝ Ջեյհուն Բայրամովն այսօր կրկնել է Բաքվի առաջ քաշած երկու նախապայմանները։
«Խաղաղության համաձայնագրի շուրջ գործընթացը վերջնականապես ավարտելու և այն ստորագրման մակարդակի հասցնելու համար ես Անթալիայում [Հայաստանի ԱԳ նախարար] Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ հայկական կողմին մեկ անգամ ևս հիշեցրի Ադրբեջանի լեգիտիմ պահանջների մասին։ Հայաստանը փորձում է դրանք որպես նոր պայմաններ ներկայացնել։ Դա, սակայն, այդպես չէ։ Մենք Հայաստանի կողմից այդ պահանջների կատարմանը սպասում ենք 2022 թվականից։ Մենք Երևանի ուշադրությունը մեկ անգամ ևս հրավիրեցինք Հայաստանի Սահմանադրությունում տեղ գտած տարածքային պահանջները վերացնելու և անօգուտ Մինսկի խումբը վերացնելու կարևորության վրա»,- նշել է նա։
Հայաստանի Սահմանդրությունում ոչինչ չկա, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է, Բայրամովի պահանջին հակադարձել էր Արարատ Միրզոյանը:
Անթալիայում Արարատ Միրզոյանի հետ բանակցությունները «ընդհանուր առմամբ օգտակար» որակելով՝ Բայրամովն ընդգծել է, թե դա կողմերի տեսակետները հստակեցնելու ևս մեկ հարմար առիթ էր. «Դա կարևոր հանդիպում էր նաև այն պատճառով, որ առաջինն էր խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից հետո»:
Ադրբեջանի ԱԳ նախարարն այսօր խոսել է նաև հայ-ադրբեջանական սահմանազատման մասին՝ հատուկ հիշատակելով անցած տարվա գարնանը տեղի ունեցած իրադարձությունները։
«2024 թվականն այս առումով հիշարժան էր։ Առաջին անգամ բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք բերվեց, և տեղի ունեցավ 90-ականների սկզբից հայկական օկուպացիայի տակ գտնվող Ղազախի շրջանի 4 գյուղերի ազատագրումը։ Սահմանազատման պետական հանձնաժողովների շփումները շարունակվում են, և ակնկալում ենք, որ գործընթացը կշարունակվի արդեն առաջիկա ամիսներին»,- ասել է Բայրամովը։
Սահմանազատման շարունակականության հետ կապված հայկական կողմն առաջարկներ է ուղարկել Բաքվին, երեկ հայտնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ պատասխան դեռ չկա:
Սահմանազատման կանոնակարգը հաստատելուց հետո հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովները համաձայնել են գործընթացը շարունակել հյուսիսից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից, ապա հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի հետ: