Խաղաղության պայմանագիրն ավարտելու համար Ադրբեջանը շարունակում է պահանջել՝ Հայաստանը պետք է լուծարի ղարաբաղյան հակամարտության լուծման համար ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբը և փոխի Սահմանադրությունը:
Այսօր թուրքական Անթալիայում, դիվանագիտական ֆորումի ժամանակ, նախապայմանները կրկնեց Ադրբեջանի արտգործնախարարը: Ուղիղ մեկ ամիս առաջ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելուց հետո սա Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագետների առաջին հանդիպումն էր:
«Մենք կարծում ենք, որ այս քայլերից հետո լրացուցիչ խոչընդոտներ չեն լինի խաղաղության համաձայնագիրն ավարտին հասցնելու ու ստորագրելու ճանապարհին», - ասաց Բայրամովը:
Ադրբեջանական իշխանությունը պնդում է, թե Հայաստանի գործող Սահմանադրությամբ տարածքային պահանջ կա Ադրբեջանի նկատմամբ: Նախաբանում հղում կա Անկախության հռչակագրին, որտեղ էլ հիշատակվում է Հայաստանի ու Ղարամաղի միավորման մասին: Բաքվից պահանջում են, որ այս հղումը հանվի:
Հայաստանի Սահմանդրությունում ոչինչ չկա, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է, Բայրամովի պահանջին այսօր հակադարձեց Միրզոյանը:
«Ոչի՛նչ չկա: Հակառակը՝ մենք ենք էլ մեր մտահոգություններն ունենք Ադրբեջանի սահմանադրության մասին, բայց ինչո՞ւ չենք բարձրաձայնում այս խնդիրը, որովհետև խաղաղության պայմանագրի տեքստում հատուկ դրույթ ունենք, որ ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, և մի դրույթ էլ ունենք, որում ասում ենք, որ կողմերից ոչ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանն՝ արդարացնելու այս համաձայնագրի իրագործման ձախողումը: Նկատի ունեմ, այս հարցը լուծված է, և ամենակարճ ճանապարհը համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է», - նշեց Միրզոյանը:
Բայրամովին այս փաստարկը չհամոզեց. պնդեց՝ եթե Սահամանադրության հարցը չլուծվի, խաղաղության պայմանագիրը կհակասի մայր օրենքին: Ըստ նրա՝ խաղաղության պայմանագրում ամրագրվածը գերակա է լինելու երկու երկրների ներքին օրենսդրության նկատմամբ բացառությամբ Սահմանադրության:
«Եթե կենտրոնանանք միայն խաղաղության համաձայնագրի վրա՝ չլուծելով Սահմանադրության հետ կապված խնդիրը, դա կնշանակի, որ խաղաղության համաձայնագիրը զրո է, որովհետև կհակասի երկրի մայր օրենքին: Եվ այս խնդիրը մենք արդեն երկու տարուց ավելի է բարձաձայնում ենք», - հայտարարեց Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Հայկական կողմին էլ Ադրբեջանի Սահմանդրությունն է մտահոգում: Այնտեղ էլ հղում կա Անկախության ակտին, որ Ադրբեջանի այս հանրապետությունն իրեն հռչակում է առաջին հանրապետության իրավահաջորդը, ադրբեջանցի գործընկերոջը հակադարձեց Միրզոյանը:
«Եվ բոլորս գիտենք, որ Ադրբեջանի առաջին հանրապետությունն իր ինքնիշխանությունը հռչակում է շատ ավելի մեծ տարածքի վրա, քան այսօրվա Ադրբեջանն է, ներառյալ ներկայիս Հայաստանի ինքիշխան տարածքի մոտ 60 տոկոսը», - ասաց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Չնայած Ադրբեջանի նախապայմաններին, որ մինչև ստորագրելը Հայաստանը պետք է փոխի Սահմանդրությունն ու լուծարի Մինսկի խումբը՝ Միրզոյանը ասաց, թե այն ստորագրելու համար բոլոր դրական նախադրյալները կան: Նա կրկնեց Հայաստանի դիրքորոշումը, որ պատարստ են Մինսկի խումբը լուծարելու գործընթաց սկսել:
«Մինսկի խմբի կառույցները կարող են լուծարվել, երբ արդեն չկա հակամարտություն: Շատ հետաքրքիր հարց է՝ մենք հիմա կոնֆլիկտ ունե՞նք, թե՞ չունենք: Գետնի վրա մենք դե ֆակտո կոնկֆլիտ չունենք, բայց չունենք խաղաղություն հաստատելու ու ներպետական հարաբերություններ սկսելու ստորագրված ու վավերացված փաստթղթեր: Լուծումը մեզ համար ակնհայտ է՝ պետք է ստորագրենք համաձայնագիրն ու ինստիտուցիոնալ եղանակով վերջ դնենք այս հակամարտությանը: Եթե կուզեք, հենց նույն օրը կամ տասը րոպե անց կարող ենք լուծարել Մինսկի խումբը, մի փաստաթուղթը՝ մյուսի ետևից», - հայտարարեց Միրզոյանը:
Հարավային Կովկասի խնդիրներին նվիրված պանելային քննարկմանը չշրջանցվեց նաև ճանապարհների ապաշրջափակման հարցը: Հայաստանի հարավով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերաբերյալ հայկական կողմի առաջարկները մինչ օրս դրական արձագանքի չեն արժանացել, ասաց Միրզոյանը:
«Ընդ որում առաջարկել ենք կիրառել ժամանակակից տեխնոլոգիաները, էլեկտրոնային սկաներներ, որոնք թույլ կտան մեզ խուսափել ապրանքների ֆիզիկական ստուգումից, կիրառել էլեկտրոնային հայտարարագրեր, այս տեղեկատվությունը կարող են փոխանակել համապատասխան կառույցները, ինչը թույլ կտա ունենալ այդ տրանզիտը առավելագույն արագությամբ: Բայց դրական պատասխան չկա», - նշեց Հայաստանի արտգործնախարարը:
Հայկական կողմի այս պայմաններին Բաքվում համաձայն չեն, քանի որ մտավախություն ունեն, որ Հայաստանում իշխանության փոփոխությունից հետո խնդիրներ կունենան, ինչպես 30 տարի առաջ, երբ հակամարտությունը սկսվեց ու Նախիջևանի ինքնավար հանրապետությունը դարձավ այս իրավիճակի գերին:
«Հենց այդ պատճառով էլ մեզ համար շատ կարևոր է, որ սա լինի անխոչընդոտ անցում՝ բոլոր անհրաժեշտ երաշխիքներով, որ այս իրավիճակն այլևս ենթակա չլինի փոփոխության և կախված չլինի Հայաստանում քաղաքական փոփոխություններից», - ասաց Բայրամովը:
Ադրբեջանի արտգործնախարարը հիշեցրեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրված դրույթը երկու երկրների միջև կոմունիկացիաները բացելու մասին․ պահանջում են անարգել մուտք Ադրբեջանից Նախիջևան:
Այսօր նախքան այս պանելային քննարկումը, Բայրամովն ու Միրզոյանը առանձին էլ են հանդիպել: Ըստ պաշտոական հաղորդագրության՝ քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության համաձյանգրին վերաբերող հարցեր: Վերահաստատել են երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը: Կողմերի նույնաբովանդակ պաշտոնական հաղորդագրություններում կոնկրետ պայմանավորվածության վերաբերյալ որևէ բառ չկա։