Իրանի արտգործնախարարը Աբբաս Արաղչին Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը շեշտել է Թեհրանի շարունակական աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանը: Նա ընդգծել է տարածաշրջանում գոյություն ունեցող սահմանների անխախտելիության կարևորությունը, հայտնում են կառավարությունից:
Նիկոլ Փաշինյանն ու Աբբաս Արաղչին խոսել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Կառավարությունը հավատարիմ է խաղաղության օրակարգի իրագործմանը: Միաժամանակ, Իրանի ԱԳ նախարարը հայտնել է իր երկրի աջակցությունը Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը՝ հավելելով, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունության ապահովմանը:
Ինչ վերաբերում է Երևան-Թեհրան հարաբերություններին, Իրանի արտգործնախարարն ասել է, որ դրանք ունեն ռազմավարական նշանակություն, և տեղի ունեցող զարգացումներն էլ ավելի են ընդգծում երկկողմ փոխգործակցության կարևորությունը:
Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող» Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, Ղարաբաղյան հարցով տարիներ շարունակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, վերջին օրերին էլ Հայաստանին մեղադրում հրադադարը խախտելու համար։
Հայաստանի ԱԳ նախարարն այսօր ասել է, որ պետք է շարունակեն աշխատել, «բանակցել և գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ՝ արժանապատիվ լուծումներ և երկարատև խաղաղություն ապահովող լուծումներ»։
Ըստ իրանական կողմի՝ Արաղչին Երևանում է՝ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային հարցեր։ Երևանում կկայանա նաև Արաղչիի «Բանակցության ուժը» գրքի շնորհանդեսը։
Պաշտոնական Թեհրանը տևական ժամանակ պաշտպանում է Երևանի դիրքորոշումը տարածաշրջանի ապաշրջափակման հարցում և Ադրբեջանից հնչող սպառնալիքներին ֆոնին պնդում՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխություն թույլ չի տա։