Նոր Սահմանադրություն ունենալու որոշումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առաջին անգամ հայտարարեց՝ տեքստում Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի, հստակ շեշտելով` դա իր քաղաքական դիրքորոշումն է:
«Այդ տեքստը նրա մասին է, որ Հայաստանի անկախ հանրապետություն, պետականություն չի կարող լինել, չի կարող լինել, դա անհնար է: Եթե ես սա ասում եմ, հետևաբար՝ ես չեմ կարող ասել, որ նոր Սահմանադրության տեքստում պետք է լինի հղում Անկախության հռչակագրին։ Ընդհակառակը՝ ես կարող եմ ասել, որ իմ կարծիքով՝ նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին, բայց էլի ուզում եմ ասել՝ որոշողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, իհարկե՝ փաստարկներ, կողմ և դեմ փաստարկներ բերողը քաղաքական ուժերն են», - ընդգծեց վարչապետը:
Բաքուն հրաժարվում է ստորագրել հայ - ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ Մայր օրենքի նախաբանից չի հեռացվել հղումն Անկախության հռչակագրին, որտեղ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա: Սա Բաքվի գնահատմամբ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է:
Հայաստանի Սահմանադրական դատարանն անցած սեպտեմբերին վճռել էր, որ Անկախության հռչակագիրը իրավական նշանակություն չունի և այլ երկրների նկատմամբ տարածքային պահանջներ չի պարունակում:
Նիկոլ Փաշինյանն այսօր Անկախության հռչակագիրը յուրովի մեկնաբանեց՝ կրկնելով, թե դրա բովանդակությունն այն մասին է, որ Հայաստանը չի կարող գոյություն ունենալ: Սա, ի դեպ, այդ փաստաթուղթը մեկնաբանելու Փաշինյանի երկրորդ փորձն է, անցած տարեսկզբին էլ նա ցլի և կարմիր շորի օրինակն էր բերել՝ զգուշացնելով, թե այն կարող է Հայաստանի նկատմամբ պատերազմի պատճառ դառնալ: Այսօր, սակայն, Նիկոլ Փաշինյանն ուղիղ չասաց՝ Սահմանադրության մեջ հղումն Անկախության հռչակագրին խոչընդոտո՞ւմ է խաղաղությանը:
«Ես համարում եմ, որ էդ հարցերը պետք է իրարից տարբերել: Ոչ, իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որ ես հիմա ներկայացնում եմ, ես էդ հարցին հատուկ անդրադարձ եմ անում և հատուկ ընդգծում եմ, թե ինչն է պատճառը, որ ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում նոր Սահմանադրություն պետք է ընդունվի», - ասաց վարչապետը:
Փաշինյանը, որ պաշտոնավարման նախորդ տարիներին պնդել է՝ գործող և նախորդ սահմանադրությունները լեգիտիմ չեն, նորն ունենալու ուղղությամբ մինչև 2024 թվականը ոչ մի գործնական քայլ չի արել: Նորը մշակելու որոշումն ընդունեց անցած տարվա մայիսին, երբ Բաքուն արդեն հստակ հայտարարում էր՝ դա խաղաղության հաստատման նախապայման է: Այժմ Արդարադատության նախարարությունում առանց հայեցակարգի տեքստն են գրում, բայց հայտնի չէ՝ ինչ առանցքային փոփոխություններ են նախատեսվում:
Վարչապետն այսօր նոր Սահմանադրության անհրաժեշտությունը բացատրեց իրավակարգի և քաղաքացիների միջև խզումով. - «Իրավակարգը, որը բխում է Սահմանադրությունից, կտրված է ժողովրդից մի պարզ պատճառով՝ սահմանադրական բոլոր հանրաքվեները, հանրային համոզվածության համաձայն, ժողովրդի անհրաժեշտ թվով ձայներ չեն ստացել, այլ կերպ ասած՝ հանրաքվեների արդյունքները մանիպուլացվել են կամ կեղծվել են»:
Խորհրդարանական ընդդիմությունից միաձայն պնդում են՝ Նիկոլ Փաշինյանը որքան էլ փորձի Անկախության հռչակագրից հրաժարվելու հիմնավորումներ ներկայացնել, իրականությունն այն է, որ նա կատարում է Ադրբեջանի հերթական պահանջը՝ իշխանությունը պահելու համար:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի կարծիքով՝ նույնիսկ Փաշինյանի այս հայտարարությունից հետո Բաքուն չի ստորագրի խաղաղության համաձայնագիրը:
«Դրա համար այս իշխանությունները, որոնք սկզբից խոսում էին՝ Սահմանադրություն ընտրություններից հետո, հետո ասին՝ «լավ, սկսում ենք աշխատանքները, մշակումը», հետո էլ մի քանի օր առաջ հայտարարեցին, որ հայեցակարգ էլ չի լինելու՝ ուղղակի այ սենց, առանց հայեցակարգի, առանց սկզբունքային մեկնակետերը հստակեցնելու, առանց հանրային լայն քննարկումների սկսում են տեքստը մշակել, որովհետև, կրկնում եմ, ինքը պետք է պարտադրի, փորձի պարտադրել ժողովրդին Ադրբեջանի հրահանգով ընդունել մի Սահմանադրություն, որ բավարարի Բաքվին, որպեսզի ինքը կարողանա մնա իշխանություն», - հայտարարեց դաշնակցական պատգամավորը:
Ընդդիմադիր մյուս՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը կարծում է՝ նոր Սահմանադրության հանրաքվեն կտապալվի, որովհետև քաղաքացիները հասկանում են՝ դա Բաքվի օրակարգն է:
«Ես խիստ, շատ, շատ, շատ խիստ կասկածում եմ, որ փաշինյանենք ունակ են ապահովել հանրաքվեի համար անհրաժեշտ բավական մեծ թվով ձաների քանակը՝ դա բավական բարձր ցենզ է էնտեղ՝ 600 հազարից ավել քվե է անհրաժեշտ», - հայտարարեց Մամիջանյանը:
Վարչապետն այսօր Սահմանադրության փոփոխության ժամկետներից չխոսեց, ասաց՝ դեռ քննարկումների փուլում են:
Մինչ խաղաղության համաձայնագրի ստորագրման հեռանկարն անորոշ է, այսօր Փաշինյանը նաև հայտնեց՝ Բաքուն դեռ գրավոր չի պատասխանել ճանապարհների ապաշրջափակման Երևանի առաջարկներին: Այս հարցը խաղաղության համաձայնագրից հանվել է, կողմերն այն առանձին են քննարկում: Վարչապետը պնդեց, թե 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ապաշրջափակված ճանապարհներին երրորդ երկների ուժերի ներկայության մասին խոսք չկա: Եռակողմ հայտարարության մեջ նշված է՝ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու են ռուս սահմանապահները: Սրան ևս Նիկոլ Փաշինյանն ուներ իր մեկնաբանությունը. - «Ինչի՞ վերահսկողություն, հասկանո՞ւմ եք, շատ կարևոր է էդ հարցի պատասխանը ստանալ, և որտե՞ղ վերահսկողություն: Մենք էդ հարցին տվել ենք պատասխան և ասել ենք, որ դա կարող է լինել, և մեր ընկալմամբ՝ դա կարող է լինել մոնիտորինգի գործառույթ, որը կարող է իրականացվել Մոսկվայից կամ, չգիտեմ, արբանյակային կապի միջոցով, արբանյակային գործիքների միջոցով»:
Այսօր նաև հայտնի դարձավ, որ Երևանը Բաքվին սահմանազատումը շարունակելու շուրջ ևս գրավոր առաջարկներ է ուղարկել: Սրան ևս արձագանք չկա: Թե Երևանն ինչ առաջարկներն է արել, վարչապետը չբացահայտեց: Հանձնաժողովները այս հունվարին պայմանավորվել էին սահմանազատումը շարուկել հյուսիսից հարավ՝ այսինքն Տավուշի մարզից, բայց գործնական աշխատանքների մասին որևէ տեղեկություն չկա: