Պաշտոնական Մոսկվան Բաքվին և Երևանին կոչ է անում զսպվածություն դրսևորել և քայլեր ձեռնարկել սահմանին լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով՝ Մոսկվան հետևում է հայ - ադրբեջանական սահմանային գոտու իրավիճակին։
«Վերահաստատում ենք մեր կոչը Բաքվին և Երևանին՝ զսպվածություն դրսևորել, քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար և խուսափել ցանկացած գործողություններից, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը», - ասել է Զախարովան և հավելել, որ ռուսական կողմը «պատրաստ է օգնել իր գործընկերներին հաղթահարելու հակասությունները՝ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու, ինչպես նաև տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանի սահմանազատման հարցում, հումանիտար հարցերը լուծելու համար՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների համաձայն»։
Արդեն շուրջ մեկ ամիս գրեթե ամեն օր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություններ է տարածում սահմանագոտում իբր հայկական կողմից կրակոցների մասին, որոնք Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքում է: Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային գյուղերից, մինչդեռ, հաղորդում են ադրբեջանական կողմի կրակոցների մասին, որոնցից մասնավորապես մարտի 31-ին Խնածախում բնակելի տներից մեկի պատուհանն ու պատն էր վնասվել։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հիշեցնում է՝ վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։