Մատչելիության հղումներ

Վարչապետն այցելեց Մեղրի, խոսեց կառուցվելիք երկաթուղուց


Ջրի կորստից մինչև երկաթգծի կառուցում. ուիքէնդը վարչապետ Փաշինյանը որոշել էր անցկացնել Մեղրի համայնքի բնակիչների հետ զրույցներով.

«Ջուր ունե՞ք, թե՞ չունեք»: - «Երկաթգիծը որ գնաց, մենք էդ ջուրը չենք ունենալու»: - «Երկաթգիծը հենց էկավ, էդ ջուրը կտրելու ա, ու տենց մնալու ենք անջուր: Խի՞ պտի դեմ ըլնենք երկաթգծին, երկաթգիծը ըլնելը ... հլը դու ասա ըլնի»:

Սյունիքի մարզ այցի նպատակը, ըստ Փաշինյանի ֆեյսբուքյան տեսահոլովակների, Ագարակում կառուցվող նոր մաքսակետն էր, Էկոպարեկային ծառայության աշխատանքին ծանոթանալը, նաև առիթն օգտագործեց տեղացիներին մտահոգող հարցերից զրուցելու: Հենց այդ հարցերի քննարկման ժամանակ էլ երկաթուղու թեման առաջ եկավ: Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի բնակիչների բարձրաձայնած անհանգստությունը վարչապետ Փաշինյանը շտապեց փարատել անվտանգության և հարստանալու մասին խոստումներով։ Հրապարակված հատվածներում ոչ մի խոսք Բաքվի պահանջած անխոչընդոտ ճանապարհի մասին.

«Նկատի ունեմ՝ երկաթգիծը մեզ վնաս չի բերելու է, մեզ միլիարդների օգուտ ա բերելու, մեզ անվտանգություն ա բերելու, տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն և փոխադարձություն: Բեռնատարի առումով մեզ ահագին օգուտ կտա, որովհետև բեռները կբերենք, ասենք, մեր, նույն Իրանից, ստեղ բաներ կսարքենք»:

Դեռ երկու շաբաթ առաջ Կառավարության նիստի ժամանակ էր վարչապետը հայտնել՝ Նռնաձորի հատվածում ազատում են երկաթուղու ճանապարհը, որ հնարավոր լինի կառուցել նորը։ Փաշինյանն ասել էր, որ սա «Խաղաղության խաչմերուկի» իրականացման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանք է, չնայած Բաքուն տարածաշրջանային ապաշրջափակման այս նախագծին դրական չի արձագանքել: Ադրբեջանի նախագահն այս հունվարին հայտարարել էր, թե այն «գրոշի արժեք չունի, ինչի մասին տարբեր խողովակներով հայկական կողմին բազմիցս հասկացրել են»։

Ճանապարհների ապաշրջափակման թեման Փաշինյանի հրապարակած տեսանյութերում այսքանով ամփոփվեց: Սակայն ակնկալվող երկաթգծից միլիարդների ու միլիոնների օգուտներ կանխատեսող վարչապետին նռնաձորցիները եկամտի այլ աղբյուրի օրինակ բերեցին, ակնարկելով՝ հանկարծ չստացվի՝ «ունքը սարքելու տեղը աչքը հանեն».

«Եթե Դուք ուզում եք միլիոնների բերք ունենաք, ստեղ առաջին հերթին կարևորը ջուրն ա»: - «Բա էդ եմ ասում»: - «Ու ասեմ՝ Դուք իմանաք՝ մեր ջուրը գալիս ա Մեղրու գետից, եթե երկաթգիծը կառուցվում ա, առաջին հերթին էդ ջրի հարցը պտի ոռոգման լուծվի, նոր երկաթգիծը կառուցվի»: - «Երկաթգիծը ի՞նչ կապ ունի»: - «Հենց երկաթգծի տեղով ա գալի խողովակը»: - «Խողովակը կտեղափոխենք, եթե էդ երկաթգիծը սարքենք, դա միլիարդների ծախսի մասին ա, հիմի էդ տրուբեն չենք կարո՞ւմ լցնենք»: - «Սկզբից պետք ա ոռոգման ցանցը տեղափոխվի, նոր էն մնացածն արվի»: - «Ուրիշ բան եմ ասում՝ էդ 250-300 միլիոն դոլարի ծախսի մեջ 10 միլիոն դոլար էլ ավել դնենք, 20 միլիոն դոլար, որ ձեր ջրի հարցը լուծենք, եղանակ չի փոխում»: - «Դե դրա հմար Ձեզ նախօրոք ենք ասում, որ Դուք իմանաք, որ Դուք ... անտեղյակ չլնելով բերեն քանդեն, հետո մենք մատներներս բերանների մնանք, 30 տարվա քրտինքն էլ հեչ անեն»: - «Հա, ճիշտ եք անում, էդ ընդունեցի»:

Փաշինյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութերի պատառիկներից երևում է, որ ջրի թեման սյունիքյան այցի «կարմիր թելն» էր։ Շվանիձորում էլ վարչապետը նկատեց, թե ինչպես են անարդյունավետ ծախսվում բնական պաշարները՝ գյուղացիների՝ ջրի պակասի մասին բողոքը լսելուց հետո. - «Ասում եք ջուր չի ըլնում, օրերով ջուր չի ըլնում, մեկ էլ տենամ՝ չըռ-չըռ-չըռ-չըռ-չըռ-չըռ-չըռ, ասում եմ էս ի՞նչ ջրի ձեն ա: Ասում եմ՝ ժողովուրդ, խի՞ չեք մի բան դնում փակում»:


Բնական ռեսուրսների պահպանումից մինչև կրթության նորաձևություն.
սահմանամերձ մարզում անցկացրած հանգստյան օրերին վարչապետ Փաշինյանը միայն իր պատկերացրած ապահով ու տնտեսապես կայուն Հայաստանը չէր ներկայացնում. տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սյունեցիներին ցույց տվեց նաև կրթվելու նորաձև կողմը, սեփական օրինակով էլ քարոզեց առողջ ապրելու գաղտնիքը՝ ընդամենը մի հեծանիվ, որով թիկնապահների ուղեկցությամբ վարչապետն անցավ Մեղրի-Լեհվազ-Մեղրի 17 կմ-անոց ճանապարհը։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG