Հարավային Կովկասում հաղորդակցության միջոցների ապաշրջափակման գործընթացը կանգ է առել Արևմուտքի կործանարար ազդեցության պատճառով, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը, հավելելով՝ Հայաստանի դիրքորոշումը նույնպես հաճախ հարցեր է առաջացնում։
«Մենք տեսնում ենք արևմտյան երկրների կործանարար ազդեցությունը, և Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, որը երբեմն և ոչ հազվադեպ, մեզ համար հարցեր է առաջացնում: Այս երկու գործոնների պատճառով Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերի խմբում համագործակցությունը կանգ է առել», - ասել է Մարիա Զախարովան:
Ըստ Մոսկվայի, «եռակողմ համագործակցության հնարավորինս շուտ վերսկսումը ոչ միայն կնպաստի Հարավային Կովկասի տրանսպորտային և լոգիստիկ համակարգի վերականգնմանը, այլև կապահովի ողջ Հայաստանի հետագա զարգացումը»։
Ռուսական կողմից այդ խմբում նախագահող Ալեքսեյ Օվերչուկն էլ պնդել է, թե Հայաստանը չի կարող «երկու աթոռի վրա նստել. Երևանը պետք է ընտրություն կատարի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրամիության (ԵՄ) միջև»։
Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի պատգամավորները երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել էին ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը։