Մատչելիության հղումներ

Հայաստանն արդեն կորցրել է Ղարաբաղը, Սյունիքն առևտրի առարկա չի դարձնի․ Թոմ դե Վաալ


Ադրբեջանի համար մեծ ռազմական գործողության անցնելը շատ ռիսկային կլինի, ավելի հավանական սցենարն այն է, որ Ադրբեջանը կսպառնա ուժ կիրառել ու կձեռնարկի փոքր ծավալի ռազմական գործողություն, «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Կովկասի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հարցերով առաջատար փորձագետ Թոմ դե Վաալը, արձագանքելով այն մտահոգություններին, թե Ադրբեջանը կարող է դիմել ռազմական գործողությունների՝ ստիպելու Հայաստանին տրամադրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» հատկապես հաշվի առնելով նաև Բաքվի ագրեսիվ հռետորաբանությունը։

Բաքուն շարունակում է Հայաստանից ճանապարհ պահանջել, որն Ադրբեջանը կկապի Նախիջևանին ու այն կլինի առանց մաքսային հսկողության ու անխոչընդոտ: Երևանն էլ պնդում է, որ այդ ճանապարհները պետք է գործեն երկրների ինքնիշխանության ներքո:

Ըստ փորձագետի՝ ինքը Բաքվից հետևյալ ուղերձն է ստացել՝ «մենք շատ չենք շտապում, մենք իրականում ստացել ենք գրեթե այն ամենը, ինչ ուզում էինք, խաղաղության պայմանագիրը լավ կլիներ, եթե լիներ, բայց դե եթե մենք չստանանք այն ամենը, ինչ ուզում ենք, մենք կսպասենք»:

«Իսկ Երևանում ես առավելապես տպավորություն ստացա, որ պարոն Փաշինյանն արդեն նախընտրական քարոզարշավի մեջ է։ Նա չի պատրաստվում այլևս զիջումների գնալ։ Նա զգում է, որ բավականին շատ զիջումների է գնացել, և, հետևաբար, իմ կարծիքով, պատրաստ չէ ավելի շատ զիջումների գնալ Ադրբեջանին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Թոմ դե Վաալը:

ԱՄՆ Պետդեպարտամենտը գաղտնազերծել է փաստաթղթեր, որոնք վկայում են՝ 90-ականների վերջին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը տետ ա տետ՝ առանց միջնորդների, համաձայնության էին եկել լուծել Ղարաբաղյան խնդիրը տարածքների փոխանակմամբ` Մեղրին Ղարաբաղի դիմաց։ Թեև այդ բանակցություններն այդպես էլ չեն ավարտվել որևէ փաստաթղթի ստորագրմամբ։

Հարցին, թե ինչպե՞ս է այս բացահայտումը վերափոխում տարածքային զիջումների շուրջ առկա խոսակցությունը, Թոմ դե Վաալը պատասխանեց, որ Հայաստանն արդեն կորցրել է Ղարաբաղը, այնպես որ Սյունիքն առևտրի առարկա չի դարձնի։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

XS
SM
MD
LG