Մատչելիության հղումներ

«Հատիկ առ հատիկ». ՍԴ-ում վիճարկվող օրենքով մարդկանց սեփականությունից զրկելը մասնագետները բացասական են որակում


ՀՀ Սահմանադրական դատարանի նիստ, արխիվ
ՀՀ Սահմանադրական դատարանի նիստ, արխիվ

«Հատիկ առ հատիկ» հեշթեգը Ֆեյսբուքում տարածող վարչապետն այս անգամ կիսվել է մի վճռով, որը կայացվել է դեռ երկու տարի առաջ: Ընդ որում, առանց դատաքննության, քաղաքացին իր իսկ կամքով է սեփական հողամասը հանձնել պետությանը: Այս մի «հատիկ առ հատիկը» Երևանի Ծարավ Աղբյուր փողոցում գտնվող 573 քառակուսի մետր տարածք է, գինը՝ 33 միլիոն դրամ: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ ակտիվ ռեժիմով շարունակելու է ներկայացնել պետության հաղթանակները:

«Հատիկ առ հատիկ»-ը բառիս բուն իմաստով հատիկ առ հատիկ է։ Եթե տենց ձեզ դուր չի գալիս, ուրեմն՝ «Ռենջ Ռովեր» առ «Ռենջ Ռովեր» ենք վերադարձնելու, «Բրաբուս» առ «Բրաբուս», «Յաշիկ» առ «Յաշիկ», - հայտարարել էր վարչապետը։

Իշխանականները վերջերս հաճախ են պնդում՝ անցած 30 տարիներին թալանվածը վերադարձնելու ինստիտուտը կայացել է:

Ի՞նչն է կայացել, հարցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով զբաղվող մասնագետներն ու մի փաստարկ ներկայացնում:

«Եթե մենք գործ ունենք մի օրենքի հետ, որի ամբողջ նորմերի մասով առնվազն էս պահին կա հակասահմանադրականության խնդիր, գործ ունենք մի օրենքի հետ, որը մեր ամբողջ համալսարանական ստացած կրթությանը հակասող տրամաբանությամբ է կիրառվում, ես գտնում եմ, որ պիտի գործի վարույթը կասեցվի», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբան Հարություն Հարությունյանը։

Ընդդիմության դիմումի հիման «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը» երկու տարուց ավելի վիճարկվում է Սահմանադրական դատարանում: Հարություն Հարությունյանը մի քանի գործեր ունի դատարանում, դրանցից մեկն էլ երկրորդ նախագահի որդու՝ Սեդրակ Քոչարյանի գործն է:

Կարծում է՝ դատարանները վճիռներ կայացնելու փոխարեն պետք է կասեցնեին այդ գործերն ու սպասեին Բարձր դատարանի եզրահանգմանը:

«Երբ որ ամեն անգամ վարչապետը հայտարարում է, որ «հատիկ առ հատիկ», հակակոռուպցիոն քաղաքականություն, և այլն, և այլն, ես չեմ կարծում դրանից հետո միշտ զուգադիպություն է լինում, որ, օրինակ, էն գործերը, որոնց մինչև էդ նշանակում էին նիստերի ինտերվալը, օրինակ, մեկ ամիս, մեկ էլ հանկարծ դառնում է 20 օր, դառնում է 15 օր», - ընդգծեց փաստաբանը։

Դատավորները մերժել են դատաքննությունը կասեցնելու՝ փաստաբանի միջնորդությունները: Մերժման պատճառներից մեկն էլ այն է, որ եթե լիներ նման անհրաժեշտություն, հենց Սահմանադրական դատարանը կկասեցներ օրենքի կիրառումը: Բարձր դատարանը չի պարզաբանում, թե իր քննության ընթացքում ինչու չի կասեցրել օրենքի կիրառումը: Հարություն Հարությունյանի դիտարկմամբ՝ վարչապետի «հատիկ առ հատիկից» հետո են դատարաններն ակտիվանում․ - «Էն մեսիջները, ուղերձները, որ տալիս է քաղաքական իշխանությունը, ինչքան էլ անունը դնենք դատական իշխանությունը անկախ է, և այլն, և այլն, մեկ է՝ իրենց համար դա ազդակ է դառնում»:

Պաշտոնյաների թալանածը հետ բերելու խոստումով 2020-ին ընդունված օրենքի քննությունը Սահմանադրական դատարանում կասեցված է հենց դիմումի սկզբից: Ըստ Բարձր դատարանի՝ քննության համար սահմանված առավելագույն 9 ամիսը չէր բավարարի այդ ծավալուն գործը քննելու, և կասեցրել են, որ ուսումնասիրեն նյութերը, հետո էլ վերսկսեն քննությունը: Բայց թե երբ, չեն ասում:

«Շատ կարևոր է Սահմանադրական դատարանի գնահատականը օր առաջ, և հետաքրքիր է, սա կարելի է իհարկե Սահմանադրական դատարանին հարցնել, թե իրապես ինչու է ուշանում, իսկապե՞ս արդյոք այդքան ծավալուն են այդ դեպքերը, գործերը, փաստաթղթերը, միջազգային փորձն են միգուցե ուսումնասիրում։ Բայց կարծում եմ արդեն բավականին ժամանակ է անցել, և հրատապ է իրապես ունենալ որոշակիություն այս հարցով», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց դատարանների աշխատանքին հետևող «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության ղեկավար Արաքս Մելքոնյանը։ Նա ևս պնդում է՝ դատարանները պետք է կասեցնեն ապօրինի գույքի գործով քննությունը, քանի որ հենց օրենքն է դա պահանջում:

Մասնագետն այլ խնդիրներ էլ է նշում՝ ամբողջ գործընթացը՝ ուսումնասիրությունից մինչև դատարանի վճիռ, գաղտնի է. բանկային գաղտնիքի անվան տակ դատարանը չի հրապարակում վճիռն ամբողջությամբ, ու հանրությունը չի կարող տեսնել, թե ինչու է դատարանն այս կամ այն գույքը ճանաչել ապօրինի:

Մյուսն այն է, որ Դատախազությունը մեկը մյուսի հետևից հայցերն ուղարկում է դատարան: Եվ եթե Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչի օրենքը, բացասական հետևանքներ կլինեն հենց պետության համար. գույքից զրկվածները կարող են փոխհատուցում պահանջել՝ ընդհուպ հասնելով Եվրոպական դատարան:

«Չեմ ուզում մտնել կոնսպիրոլոգիայի դաշտ, անկեղծ ասած, այս մասով, բայց սա, թերևս, այո, արագ որոշում ակնկալող իրավիճակ է, որովհետև ամբողջ մի դատարան է ստեղծվել այս գործընթացները իրականացնելու համար, անձինք աշխատում են, և հենց դատավորների համար ևս պետք է կարևոր լինի, թե իրենք ինչպիսի որոշումներ են կայացնում», - նշեց Արաքս Մելքոնյանը։

Ի վերջո, ինչո՞ւ է Բարձր դատարանը ձգձգում իր այսքան սպասված վճիռը. փաստաբան Հարություն Հարությունյանի կարծիքով՝ դա նշանակում է, որ, այնուամենայնիվ, խնդիր տեսել է:

Այս գործերով անցնում են Հայաստանի նախկին երկու նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրենց ընտանիքներով, այլ նախկին բարձրաստիճաններ՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և այլոք: Գործող իշխանության և որևէ ներկայացուցչի ենթադրյալ ապօրինի գույքի քննության մասին Դատախազությունը որևէ տեղեկատվություն չի տալիս:

«Իսկապես սա աննախադեպ երևույթ է, և մինչ այդ նման որևէ դեպք Սահմանադրական դատարանում չի գրանցվել, որ գործը ըստ էության երեք տարի մոտավորապես մնա առանց դատական քննության; Ակնհայտ քաղաքական միտում եմ տեսնում այստեղ», - ասում է սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։

Օրենքը հնարավորություն է տալիս Դատախազությանը հետ գնալ մինչև 1991 թվականն ու ստուգել՝ արդյոք պաշտոնյան օրինական ճանապարհով է հարստացել։ Սա էլ հենց խնդիրներից մեկն է, ասում է Վարդան Պողոսյանը: Մինչ նա կարծում է, որ այս վիճակը ձեռնտու է իշխանությանը, որ դատարանները շարունակեն վճիռներ կայացնել և բռնագանձել քաղաքացիների ունեցվածքը, Դատախազությունը թվեր է հրապարակում:

Մինչև օրս կայացված 12 վճիռներով պետությանն է վերադարձվել ավելի քան 17 միլիոն դոլար։ Անցած տարիներին դատարան են ուղարկել 136 հայցադիմում՝ ավելի քան 527 միլիարդ դրամի, նաև՝ 270 շարժական, 1381 անշարժ գույքի բռնագանձման պահանջով:


Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG