Ընդդիմադիր Հանրապետականի խորհրդի անդամ Արման Սահակյանը նոր մեղադրանքի պատճառով ձերբակալվել, ապա ազատ է արձակվել :
Իրավապահները պետական գույքի կառավարման նախկին պետին դեռ 2018-ից մեղադրում են կոռուպցիոն հանցագործության՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար: Այս գործն արդեն 2 տարուց ավելի է՝ դատարանում է: Այժմ դրա շրջանակում Սահակյանին ու ևս 12 հոգու մեղադրում են նաև փողերի լվացման համար: Թե որքան գումարի մասին է խոսքը, Քննչականը չի մանրամասնում:
«Ակնհայտ անհիմն որակումներ են, չեն բխում գործի փաստական տվյալներից, քանի որ էդ գործով գտնվում ենք դատարանում, նույնիսկ պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքում պարոն Սահակյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Հետևաբար նաև էս մեղադրանքը, որը բխեցնում են մյուս մեղադրանքից, իրականության հետ որևէ աղերս չունի», - նշեց փաստաբան Էմին Խաչատրյանը:
Քննչական կոմիտեից, մինչդեռ, վստահեցնում են՝ մեղադրանքը հիմնավոր է. - «Պաշտոնատար անձանց կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու, նույն լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու, պաշտոնատար անձանց օժանդակելու հատկանիշներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 13 անձի նկատմամբ»:
Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը հայտնեց՝ նոր մեղադրանքն առնչվում է 2012-2015-ին Երևանում գտնվող երեք կրթական հաստատություններին:
«Ապօրինի կերպով առանձնացրել են հողատարածքներ, որոնց հանցավոր ծագումը, իրավունքներն ու պատկանելիությունը թաքցնելու նպատակով նշված անշարժ գույքերը ձևական աճուրդների միջոցով օտարել են իրենց հետ փոխկապակցված անձանց», - ներկայացրեց Ավդալյանը:
ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին, որն արդեն ազատության մեջ, է, վարչական հսկողության տակ է՝ սահմանափակված են նրա շփումները այլ անձանց, այդ թվում՝ լրագրողների հետ:
Փաստաբան Էմին Խաչատրյանն ասաց՝ իրենց համար դեռ պարզ չէ՝ ինչո՞ւ երկու տարվա դատաքննությունից հետո Քննչականը նոր մեղադրանք է առաջադրել:
«Վարույթ իրականացնող մարմինը գտել է, որ նոր արարք պետք է մեղսագրի, որը ևս մեր կողմից անընդունելի է: Նույնիսկ մեզ պարզ չէ, թե վերջիվերջո մեզ ինչում են մեղադրում», - նշեց փաստաբանը:
Քննիչն ի սկզբանե միջնորդել էր դատարանին՝ կալանավորել Սահակյանին, բայց մերժվել էր: Խաչատրյանը պնդում է՝ պաշտպանյալը տարածքներ օտարելու որևէ լիազորություն չի ունեցել, ոչ էլ նպաստել է, որ դրանք անցնեն իր մերձավորներին:
Մինչդեռ, ըստ իրավապահների, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետը կազմակերպել է, որ մայրաքաղաքի դպրոցներից մեկի մակերեսը նվազեցվի ավելի քան 3800 քառակուսի մետրով: Հետո արդեն այդ հողամասը աճուրդի ու միջնորդների միջոցով օտարվել է Արման Սահակյանի մերձավորներին:
Դատարանում քննվող այս գործով Արման Սահակյանի հետ մեղադրյալ է նաև Երևանի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Տարոն Մարգարյանը՝ կրկին պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածով: Նա ևս մեղադրանքը չի ընդունում:
Ըստ Քննչականի՝ Մարգարյանը ևս հանձնարարել է ճշգրտել հատուկ դպրոցներից մեկի հողամասի սահմանները, ինչից հետո տարածքը փոքրացել է ավելի քան 3600 քառակուսի մետրով, այնուհետև տարածքն օտարվել է նրա մերձավորներին: