Մատչելիության հղումներ

Ստեփանավանի նախկին ղեկավարի և ընտանիքի նկատմամբ՝ ապօրինի գույքի բռնագանձման վարույթ


Սարգիս Ղարաքեշիշյան, արխիվ
Սարգիս Ղարաքեշիշյան, արխիվ

Դատախազությունը մեկը մյուսի ետևից ապօրինի գույքի բռնագանձման վարույթներ է սկսում նախկին համայնքապետերի ու նրանց ընտանիքի անդամների նկատմամբ։

Այժմ էլ Լոռու մարզի Ստեփանավանը 10 տարի ղեկավարած Սարգիս Ղարաքեշիշյանը, երկու որդիներն ու դուստրն են ապօրինի գույքի բռնագանձման վարչության ուշադրության կենտրոնում։

Դեռ անցած տարեվերջին Ղարաքեշիշյանն ու նրա երկու որդիները կանգնեցին դատարանի առաջ։ Նրանք մեղադրվում են 20 տարի առաջ Ստեփանավանում օտարման ոչ ենթակա հողամասերը սեփականացնելու, կեղծիք կատարելու և փողերի լվացման մեջ։

Թե օրերս հարուցած վարույթով դատախազությունը որքան ապօրինի գույք է նախատեսում բռնագանձել, դեռ չեն հայտնում, բայց անցած տարի սկսված դատական գործում 13 ապօրինի սեփականացված տարածքի մասին էր խոսք գնում։

«Հանցավոր մեխանիզմով, մի քանի այլ անձանց, այդ թվում՝ քաղաքապետի 2 որդիների, մորաքրոջ որդու, մտերիմների, համայնքապետարանի աշխատակիցների ներգրավմամբ Ստեփանավանի նախկին քաղաքապետը ապօրինի 13 հողատարածք է օտարել ու սեփականացրել», - ասված է քրեական գործում։

«10 տարի Ստեփանավանի քաղաքապետի պաշտոնն զբաղեցրած Սարգիս Ղարաքեշիշյանը, պաշտոնեական կեղծիք կատարելով, հիմնականում որպես կանաչ գոտի և ճանապարհ հանդիսացող հողամասերը, օտարել է տարբեր անձանց, այդ թվում՝ իր մասնակցությամբ հիմնադրված «Վերածնունդ» բարեգործական հիմնադրամին, հետո դրանք ձևական առուվաճառքի միջոցով փոխանցել է իր որդիներին ու հարազատներին, այդ կերպ տեղի է ունեցել փողերի լվացում», - սա ևս հատված է Ղարաքեշիշյանների նկատմամբ տարիներ առաջ հարուցված քրեական գործից։

Ղարաքեշիշյանների փաստաբան Արտակ Ոսկանյանն «Ազատությանն» ասաց՝ իր պաշտպանյալները մեղքը չեն ընդունում, ու հրաժարվեց այս փուլում մեկնաբանություն տալ։

Գործը դատարան ուղարկելուց առաջ անցած տարի նախկին քաղաքապետը կալանավորվել էր, հետո ազատ արձակվել 150 միլիոն դրամ գրավի դիմաց։ 150 միլիոնի գրավը եղել է անշարժ գույքի տեսքով, ասաց փաստաբանը։ Արդյո՞ք գրավի տակ է առնվել հենց այն գույքը, որի ծագումը կասկածներ է հարուցել իրավապահների մոտ՝ դեռ հայտնի չէ։

Սարգիս Ղարաքեշիշյանի 10 տարվա պաշտոնավարումից հետո 8 տարի էլ քաղաքը ղեկավարել էր նրա հարազատ եղբայրը՝ Միքայել Ղարաքեշիշյանը, որ պաշտոնավարման ժամանակ՝ 2020-ին մահացավ կորոնավիրուսից։

Մինչ մահը նմանատիպ կոռուպցիոն չարաշահումների 8 քրեական գործ էլ նրա դեմ էր հարուցված։ Կենդանության օրոք իրավապահները պնդում էին, թե նա ձևական աճուրդներով ու կեղծիքներով որդուն է օտարել համայնքին պատկանող հողամասեր։

Հանգուցյալ Ղարաքեշիշյանի նկատմամբ քրեական վարույթներն այդպես էլ ավարտ չունեցան։ Նրա մահվանից ուղիղ մեկ տարի անց արդեն քրեական վարույթներն ուղղվեցին եղբորը՝ Սարգիս Ղարաքեշիշյանին, որ ավելի վաղ էր պաշտոնավարել։

Գրեթե 5 տարի դատարանի առաջ է կանգնած նաև հանգուցյալ Ղարաքեշիշյանի որդին՝ Ալբերտ Ղարաքեշիշյանը։ Նա ևս քաղաքում բարձր պաշտոն է զբաղեցրել՝ մինչև 2018-ը Ստեփանավանի սոցիալական ծառայության ղեկավարն էր։ Այս պաշտոնն էլ իրեն էր անցել քաղաքապետ դարձած հորից։ Իրենից առաջ ավելի քան 10 տարի հայրն էր զբաղեցրել այդ պաշտոնը։ Թավշյա հեղափոխությունից հետո, սակայն, պաշտոնանկ արվեց, և ինքն ու իր ենթակաները մեղադրվեցին կոռուպցիոն սխեմայի միջոցով մոտ կես միլիարդ դրամի չափով սոցիալական նպաստներ հափշտակելու համար։

Ո՛չ Ալբերտ Ղարաքեշիշյանի, ո՛չ էլ նրա քաղաքապետ եղած հորեղբոր ընտանիքի դատական գործերի վերջը չի երևում։

«Ազատություն»-ը օրերս տեղեկացրել էր, որ դատախազությունը Լոռու մարզում կասկածի տակ է առել նաև Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի սեփականության օրինականությունը։ 17 տարի ղեկավարած Դարբինյանի նկատմամբ քրեական գործերն ու դատական որոշումներն այդպես էլ նրան պատասխանատվության չհասցրին։ Նա պատժից ազատվեց գործերի վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, չնայած դատարանն ապօրինի էր համարել նրա քաղաքապետ եղած տարիներին կայացրած բազմաթիվ որոշումներ, որոնցով համայնքապատկան տարածքներ ու շինություններ անցել էին իր ընտանիքի անդամներին, այդ թվում՝ որդուն՝ Աղասի Դարբինյանին, որ այժմ վարչական դատարանի դատավոր է։ Երեք տարի նաև նախագահում էր վարչական դատարանը։

XS
SM
MD
LG