Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել ապօրինի ձեռքբերված Range Rover մակնիշի ավտոմեքենա՝ արտադրված 2010 թվականին: Վարչապետ Փաշինյանն այս լուրը հայտնեց Մյունխենի անվտանգության համաժողովից հետո՝ շաբաթ ուշ երեկոյան:
«Իրականում, ցավոք սրտի, Փաշինյանն այս գրառմամբ իրեն ավելի շատ ծիծաղելի վիճակի մեջ է դնում», - ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:
Ո՞ր պաշտոնյայի ապօրինի գույքն են բռնագանձել, ե՞րբ ու որքա՞ն է այդ մեքենայի արժեքը, Հայաստանի ղեկավարը չի կարևորել այս մանրամասները: Նրա գրառումից տպավորություն էր, որ հենց այդ օրն էր եղել ապօրինի գույքի վերադարձի որոշումը:
Պարզվում է՝ սա երկու տարվա վաղեմության գործ է, որն առնչվում է Էրեբունու նախկին համայնքապետ Արմեն Հարությունյանին: Իսկ պետությանը վերադարձրած մեքենան Պետական գույքի կառավարման կոմիտեն աճուրդի է դրել 5,5 միլիոն դրամով:
Ոչ որոշումն է նոր, ոչ էլ հետ բերած գույքն է մի բան, ասում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը: Փաշինյանի աղմուկն ազդակ է, որ նա տապալել է իր ամենաթմբկահարված խոստումը՝ թալանի վերադարձը, պնդում է իրավապաշտպանը:
«Տարօրինակ է, թե ինչու է մի քանի տարի հետո նմանատիպ փոքրիկ գործարքի վերաբերյալ հրապարակում կատարվում Փաշինյանի կողմից ու ի վերջո նաև պետք է ասել, որ այստեղ նաև ազդակ է հնչեցվում, որ պետությունն այս կետում իհարկե ձախողել է», - նշեց նա:
Էրեբունու նախկին թաղապետը մեղադրվում էր լիազորությունների չարաշահման համար, նրա գույքը իրավապահներն ուսումնասիրում էին դեռ 2020 թվականից: 2023-ին Հակակոռուպցիոն դատարանում գործն ավարտվել է հաշտությամբ, դատարանը վճռել է պետությանը սեփականության իրավունքով փոխանցել 1 միավոր անշարժ և 1 միավոր շարժական գույք՝ ընդհանուր 16 մլն 400 հազար դրամ շուկայական արժեքով, ինչպես նաև՝ 28 մլն 700 հազար դրամ։
Փաշինյանը միայն մեքենայի մասին է գրել, որը դատարանի գնահատած տասը միլիոնի ուղիղ կեսով է Պետական գույքի կառավարման կոմիտեն աճուրդի հանելու փետրվարի 25-ին:
«Փաստացի հանրությանը տրված ամենամեծ խոստումը՝ թալանչիների թալանածը, հանրությունից թալանածը հետ վերադարձնելը չի կատարվում: Եվ փաստացիորեն մենք տեսնում ենք նմանատիպ միկրոմենեջմենտի մակարդակի հայտարարությունների փոքրիկ տեքստեր, որոնք թե՛ վաղեմության ժակմետների և թե՛ ծավալների իմաստով բավականին խնդրահարույց են: Եթե մենք նայում ենք պետական շահի պաշտպանության հայցեր հարուցելու միջոցով 2018-22 թվականների վերականգնած դրամական միջոցների ծավալի, մեկ տոկոսն էլ չի գերազանցում որպես այդպիսին», - ասաց Հովհաննիսյանը:
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը նկատել է, որ նրա գրառումը ավելի շատ ծաղրի առարկա է դարձել, քան Փաշինյանի ակնկալած ազդեցությունն ունեցել. - «Արձագանքը հեգնական էր, ծաղրական էր»:
Իրավապաշտպանի տպավորությամբ Փաշինյանը այս բովանդակությամբ գրառումներով նախընտրական քարոզարշավն է սկսել: Անվտանգային հարցերից իր ընտրազանգվածին տեղափոխում է թալանի հարթություն՝ արթնացնելով նախապատերազմական Հայաստանում տիրող տրամադրությունները, մարդկանց հիշողությունը:
«Նմանատիպ գրառումները կամ նմանատիպ հաշվետվությունները հաստատ վարչապետի մակարդակով կատարվելիք հաշվետվություններ չեն ու միևնույն ժամանակ թե՛ հանրության շրջանում ծիծաղ են առաջացնում և թե՛ առաջացնում են որոշակի կասկածամտություն նաև այն իմաստով, որ՝ այո, պետությունը փաստացիորեն ձախողել է այս գործընթացը», - նշեց իրավապաշտպանը:
Ըստ Գլխավոր դատախազության՝ Հակակոռուպցիոն դատարանում այս պահին ապօրինի գույքի բռնագանձման 136 հայցադիմում կա: Ընդհանուր հայցագինը կազմում է շուրջ 600 միլիարդ դրամ: Մինչ այժմ վճիռներ չկան նախկին ազդեցիկ պաշտոնյաների, այդ թվում նախկին նախագահների ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործերով: