Մատչելիության հղումներ

Սամվել Բալասանյանը պնդում է՝ Սև բերդն իր ընտանիքը գնել է օրինական եղանակով, սեփականատիրոջից


«Արձանագրվեց, որ Գյումրիի կարևորագույն սիմվոլներից մեկը՝ Սև բերդը. սեփականաշնորհվել է ապօրինի և պետք է վերադարձվի համայնքին», - վարչապետ Փաշինյանի այս հայտարարությունից հետո միայն Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը խախտեց կես տարվա լռությունը և պնդեց, որ ամրոցը իր ընտանիքը գնել է օրինական եղանակով ու ոչ թե համայնքից, այլ սեփականատիրոջից:

«Ես ուղղակի ասում եմ, որ մենք ձեռք ենք բերել 12 թվականին, էս է իմ խնդիրն էսօր, որ հասարակությանն ասեմ, որ մենք էս ամեն ինչի հետ ընդհանրապես կապ չունենք», - նշեց Գյումրիի նախկին քաղաքապետը:

Նման մի պնդում Բալասանյանն արել էր նաև 2020 թվականին «Ազատության»-ը տված հարցազրույցում: Այն ժամանակ իրավապահները քրեական գործ էին հարուցել ու հայտարարել, թե 2000-ականներին հուշարձանը մի շարք խախտումներով օտարվել է ֆիզիկական անձի, իսկ գործընթացում ներգրավված են եղել Պաշտպանության և Արդարադատության նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Կադաստրի կոմիտեի և Նոտարիատի աշխատակիցներ, թե ովքեր՝ անուններ այդպես էլ չհրապարակվեցին: Այս գործի մասին տարիներ շարունակ ոչ ոք չէր խոսում, մինչև Նիկոլ Փաշինյանը կրկին թեժացրեց թեման:

«Ավագանու ընտրությունները տեղի են ունենում այն պատճառով, որ Գյումրիի ավագանին հռչակեց, թե ինքը հրաժարվում է գյոմրեցիներից գողացված գույքի վերադարձի օրակարգը սպասարկել», - հայտարարել է Փաշինյանը:

Եվ մինչ վարչապետն իր ելույթում օրինակ բերելով Սև բերդը, պնդում էր, թե Գյումրիի իշխող «Բալասանյան» դաշինքի հրաժարականի ու արտահերթ ընտրություններ նշանակելու պատճառը ապօրինի գույքի վերադարձին նրանց ընդդիմանալն էր, նախկին քաղաքապետը հիշեցրեց, որ իր քրեական հետապնդումը ոչ թե հենց ամրոցի, այլ դրան հարակից հողերի օտարման մասին է: Իսկ Բալասանյանի փաստաբանը հայտարարեց, որ ամրոցի գործը հարուցվելուց մի քանի ամիս անց կարճվել է:

Դատախազությունը շտապեց պնդել, թե Քննչական կոմիտեում քննվող վարույթով Սև բերդ ամրոցի օտարումը ևս քննության առարկա է, ավելին՝ նախաքննությունը շարունակվում է: Անցած հինգ տարիներին ի՞նչ են պարզել, ինչո՞ւ էր այս քրեական վարույթը մոռացության մատնվել, ինչո՞ւ են Բալասանյանները պնդում, թե այն կարճվել է. «Ազատության» այս հարցերին, դատախազությունից ասացին, որ միայն գրավոր կպատասխանեն:

Իսկ հարցեր նաև Բալասանյանների շահերի պաշտպանն ունի. - «2021 թվականի ապրիլին կայացրած որոշումը քննիչի, եթե հաստատել է հսկող դատախազը, դա վերացնելու համար պետք էր 6 ամիս, 6 ամսվա ընթացքում այն ժամանակվա գործող օրենքով գլխավոր դատախազը իրավասու էր վերացնելու կարճման որոշումը և շարունակելու նախաքննության ընթացքը»:

Հաշվում է՝ եթե նման որոշում եղել է, ապա 2021-ի սեպտեմբերին իրենք պետք է այդ մասին հավաստող որոշումը ստանային ու հիմա չի պատկերացնում, թե ինչ վարույթի մասին է խոսքը:

Իսկ ՔՊ-ականները ակնարկում են, թե 19-րդ դարում կառուցված ամրոցը Բալասանյան ընտանիքին ինչ-ինչ ապօրինի սխեմաներով է հասել: Փաստաբան Տիգրան Գրիգորյանը հակադարձում է՝ ինչո՞ւ են նախաքննական մարմնի փոխարեն խոսում, դա իրենց տիրույթում գտնվող հարց չէ: Վստահեցրեց՝ Բալասանյանները պայքարելու են Սև բերդի համար, պատրաստ են անգամ ՄԻԵԴ գնալ:

«Չեմ կարա սխեմաների հեղինակների տեղը մեկնաբանել, բայց որևիցե իրավական գործընթացի Բալասանյան ընտանիքը իրավական լեզով իրավական զենքով միանշանակ մինչև վերջ պայքարելու է», - նշեց նա:

Սամվել Բալասանյանը, կրտսեր որդին ու նրանց երեք մերձավորներն այժմ մեղադրյալ են Սև բերդի հարակից հողերի օտարման գործով: Նախկին քաղաքապետը Միացյալ Նահանգներում է, նրա նկատմամբ հայաստանյան իրավապահները հետախուզում են հայտարարել:



XS
SM
MD
LG