Գլխավոր դատախազությունը կբողոքարկի Գյումրիի գործով անցնող երեք հոգու՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռան՝ Նարեկ Ղուկասյանին, «Մեր ձևով» շարժման Գյումրիի համակարգող, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին և Գյումրիի Կոմկուս խմբակցության արդեն նախկին անդամ Տիգրան Ավագյանին կալանքից ազատելու որոշումները: Թե ինչու համաձայն չեն վերաքննիչի որոշման հետ, Գլխավոր դատախազությունից այսօր չհաջողվեց պարզել:
Անչափահաս Նարեկ Ղուկասյանը, Ռուբեն Մխիթարյանն ու Տիգրան Ավագյանը երեկ ուշ երեկոյան դուրս եկան Արթիկի բանտից:
Վերաքննիչ դատարանն էր բավարարել փաստաբանների բողոքը, վերացրել կալանքն ու նրանց անհապաղ ազատ արձակելու որոշում կայացրել: Զանգվածային անկարգություններին մասնակցելու, դրանց դրդելու, արդարադատությանը խոչընդոտելու հոդվածներով հարուցված գործով 43 մեղադրյալ կա, այս պահին կալանքի տակ են նրանցից 23-ը: Իսկ վարույթը նախաձեռնվեց հոկտեմբերի 20-ին, երբ ոստիկանները փորձում էին ձերբակալել քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, դրսում ոստիկանների ու նրա կողմնակիցների միջև բախում եղավ:
Փաստաբաններն ահազանգում են, որ նրանց մեծ մասը կալանավորվել է մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա, ընդ որում՝ Ռուբեն Մխիթարյանի փաստաբանը, նաև տեսանյութերը վկայակոչելով, հայտարարում էր, որ իր պաշտպանյալը տեղում բացառապես փորձել է փաստաբանի իր գործառույթներն իրականացնել:
Գյումրիի քաղաքապետի փաստաբան Զարուհի Փոստանջյանն էլ տեղեկացնում է, որ վաղը վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը քննելու է իրենց հատուկ վերանայման բողոքը՝ կապված Վարդան Ղուկասյանի խափանման միջոցի հետ. «Նրա պահանջն է ազատել կալանքից, և ես ու պարոն Ղուկասյանն այս դատարանին ներկայացրել ենք բացատրություններ 21 էջից բաղկացած, այդ թվում՝ ապացույցներ՝ կապված կալանքի պայմանների և պարոն Ղուկասյանի առողջության վերաբերյալ»:
Կաշառքի մեղադրանքով արդեն մեկ ամիս բանտում գտնվող Ղուկասյանը երեկ հակաոռուպցիոն դատարանում էր: Նա արդեն մի քանի տարի է՝ մեղադրյալ է պաշտոնեական դիրքի չարաշահման, կեղծիքի ու փողերի լվացման մեղադրանքով: Ամբաստանյալի աթոռին են նաև որդին ու եղբայրը: Դատարանում էին նաև Ղուկասյանի աջակիցները:
Վարդան Ղուկասյանը որդու՝ Սպարտակ Ղուկասյանի կողքին էր նստած: Դահլիճում հայացքով փնտրում էր, թե ովքեր են եկել: Հիշեց անգամ Բրեժնևին:
Այս դատավարությունը վկաների հարցաքննության փուլում է: Կասեցված լիազորություններով Գյումրիի քաղաքապետը կտրականապես հերքում է իրեն վերագրվող կոռուպցիոն մեղադրանքը, թեև Քննչականը հակառակը՝ հայտարարում է, որ հիմնավոր ապացույցներ ունի: Մարտին քաղաքապետի պաշտոնում ընտրված Ղուկասյանը աջակիցներին հորդորեց չկոտրվել: