Գյումրիում անցած շաբաթասկզբին՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունից հետո բերման ենթարկված 41 անձանցից 24-ը կալանավորվել են մինչև երկու ամսով, 15-ի դեպքում սահմանվել է տնային կալանք, 1 -ի նկատմամբ՝ վարչական հսկողություն, հայտնում են Քննչական կոմիտեից: Նրանք մեղադրվում են գործի քննությանը միջամտելու և զանգվածային անկարգությունների մասնակցելու կամ՝ դրդելու համար։
Կալանավորվածների թվում են քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռները, ապօրինի շինությունների բաժնի պետ Արթուր Մեսրոպյանը, քաղաքապետի խորհրդական Աշոտ Պետրոսյանը: Տնային կալանքի տակ է ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչը: Հաղորդվում է, որ մեկ անչափահասի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը, մյուս անչափահասի նկատմամբ՝ տնային կալանքը:
Քրեական վարույթը նախաձեռնվել էր, երբ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին էին ձերբակալում: Նրա աջակիցները հավաքվել էին քաղաքապետարանի մոտ: Երբ Ղուկասյանին ձերբակալեցին ու տեղափոխեցին Երևան, Գյումրի բերված մեծ թվով ոստիկանների ու Ղուկասյանի աջակիցների միջև բախում եղավ, որի հետևանքով էլ եղան բերման ենթարկվածներ: