Մատչելիության հղումներ

Գյումրիի դեպքերի գործով երկու մեղադրյալ ազատ կարձակվի կալանքից


Գյումրիի դեպքերի գործով մեղադրյալներից երկուսն ազատ կարձակվեն կալանքից՝ «Մեր ձևով» շարժման Գյումրիի համակարգող, փաստաբան Ռուբեն Մխիթարյանն ու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը՝ Նարեկ Ղուկասյանը:

Երկուսի փաստաբաններն էլ տեղեկացրել են, որ խափանման միջոցը փոխելու բողոքը վերաքննիչ դատարանն ամբողջությամբ բավարարել է, և որոշում է կայացվել կիրառված կալանք խափանման միջոցը վերացնել ու անհապաղ ազատ արձակել:

Փաստաբանները պնդում են, որ առաջադրված մեղադրանքի հիմքում մեկ ոստիկանի ցուցմունք է եղել:

Գյումրիի գործով 43 մեղադրյալ կա, կալանքի տակ կմնան նրանցից 24-ը:

Քրեական վարույթը նախաձեռնվել էր, երբ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին էին ձերբակալում հոկտեմբերի 20-ին: Նրա աջակիցները հավաքվել էին քաղաքապետարանի մոտ: Երբ Ղուկասյանին ձերբակալեցին ու տեղափոխեցին Երևան, Գյումրի բերված մեծ թվով ոստիկանների ու Ղուկասյանի աջակիցների միջև բախում եղավ, որի հետևանքով էլ եղան բերման ենթարկվածներ:

Նրանք մեղադրվում են գործի քննությանը միջամտելու և զանգվածային անկարգությունների մասնակցելու կամ դրդելու համար:

XS
SM
MD
LG