Գյումրիի քաղաքապետին ձերբակալելու համար իրավապահներից շուրջ վեց ժամ պահանջվեց: Ի վերջո Վարդան Ղուկասյանին ոչ թե քաղաքապետարանի գլխավոր մուտքից հանեցին, որտեղ մեծաթիվ ոստիկանական ուժեր էին կենտրոնացած, այլ հետնամուտքից ու տեղափոխեցին Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե: Կառույցից փոխանցում են՝ «Գյումրի համայնքի ղեկավարի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան»:
Համաձայն կոմիտեի հաղորդագրության՝ Վարդան Ղուկասյանը և ևս 7 հոգի, այդ թվում Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը ձերբակալվել են 4 մլն դրամ կաշառք ստանալու համար: Առավոտյան՝ քաղաքապետարան ուժայինների մտնելուց կարճ ժամանակ անց, կոմիտեն հրապարակելով մի շարք գաղտնալսումներ, հայտնեց.
«Գյումրի համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը, տեղեկանալով այն մասին, որ քաղաքացու կողմից Գյումրի համայնքի Գարեգին Նժդեհ փողոցի 1/9 հասցեում կառուցվել է շուրջ 1500 մ2 մակերեսով ինքնակամ շինություն, որը ենթակա է եղել քանդման, եկել են նախնական համաձայնության՝ քաղաքացու հետ մտնել «կոռուպցիոն» գործարքի մեջ՝ խոստանալով կառուցված ինքնակամ շինության քանդման ուղղությամբ միջոցներ չձեռնարկել, ավելին՝ կազմել շինությունն իբրև քանդված և նոր կառուցված լինելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր, օրինականացնել այն՝ դրա դիմաց պահանջելով խոշոր չափերով՝ չորս միլիոն ՀՀ դրամ գումարի կաշառք»:
Մինչ իրավապահները քննչական գործողություններ էին անցկացնում քաղաքապետարանի շենքի ներսում ու փորձում ձերբակալել Վարդան Ղուկասյանին, դրսում հավաքվել էին նրա աջակիցները, զուգահեռ ավելանում էր ոստիկանների թիվը: Գյումրիի քաղաքապետը նախքան ձերբակալվելը կարճ խոսել էր տեղի ունեցածի շուրջ. «Նորմալ կլինի, գնում ենք, թող նայեն ոնց որ պետքն է, ինչ ուզում է լինի: Դրանից հետո ամեն ինչ կերևա, ամեն ինչ կանենք»
Այդ ընթացքում ՔՊ-ական ավագանու անդամները կադրեր էին հրապարակում մանկապարտեզներից՝ պնդելով, թե երեխաներին տուն են ուղարկել, որ աշխատակիցները հրապարակ գան՝ ի աջակցություն Ղուկասյանի: Ժամեր անց Կրթության նախարարությունը զգուշացրեց տնօրեններին՝ նախատեսում են հաղորդում ներկայացնել իրավապահներին՝ իրենց ստացած ահազանգների հիման վրա:
Գյումրիում նաև տրանսպորտն էր կաթվածահար եղել, միկրոավտոբուսները քաղաքապետարանի մոտ էին կայանված:
Ղուկասյանի ձերբակալությունից հետո նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանը Գյումրիի քաղաքապետի դիրքորոշումը փոխանցեց.
«Կասկածներ կան, որ փորձում են մարդկանց արածները բերել, կապել Վարդան Ղուկասյանի հետ: Այս պահին Վարդան Ղուկասյանի դիրքորոշումը հետևյալն է. անգամ ուրախ կլինի, եթե ապացուցվի, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան է արել և բացահայտվել է: Բայց խնդիրն այլ է. երբ մինչև քրեական վարույթ նախաձեռնելը կամ մինչև քննչական գործողությունները, ՔՊ-ական բոլոր պատգամավորները՝ որպես Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակներ, տիրապետում էին նախաքննական գաղտնիքին և հրճվանքով նյութեր էին հրապարակում, սա արդեն խոսում է այն մասին, թե էստեղ կատարվածը իրավական գործընթաց էր, թե՞ ՔՊ- գործընթացն էր»:
Ինչ վերաբերում Հակակառուպցիոն կոմիտեի հրապարակած հաղորդագրությանն ու գաղտնալսմանը, փաստաբանն ասաց. «Հաղորդագրության մեջ եղած որևէ խոսակցություն կաշառքի չի վերաբերում, սա մեկ, երկրորդը՝ էն, ինչ կա այստեղ գրված, չի վերագրվում Վարդան Ղուկասյանին։ Նկարագրության մեջ այլ անձի է վերաբերվում։ Այլ տվյալներ այս պահին չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում խոսքը այլ անձի մասին է»:
Հրմշտոց ու բախում. 23 հոգի բերման ենթարկվեց
Այսօր մեծ թվով ոստիկականներ էին տեղափոխվել Գյումրի: Ուժայինների մուտքը Վարդանանց հրապարակ հավաքվածները դիմավորեցին ամոթ վանկարակումներով: Անընդմեջ լարվում էր նաև իրավիճակը: Հրմշտոց ու բախում եղավ, Ներքեին գործերի նախարարության փոխանցմամբ՝ 23 հոգի է բերման ենթարկվել:
Քննչականն արդեն քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցած իրադարձությունների փաստով քրեական վարույթ է հարուցել՝ երեք բավականին ծանր՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու, պաշտոնատար անձի ծառայության գործունեությանը միջամտելու և արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու հոդվածներով: Պնդում են՝ մի խումբ անձինք բռնություն են գործադրել, գույք ոչնչացրել ու վնասել:
Կես տարի պաշտոնավարող Գյումրիի քաղաքապետը ձերբակալվեց վարչապետի հայտարարությունից ուղիղ 20 օր անց: Արձագանքելով Հայաստանը Ռուսաստանի հետ նույն դաշինքում տեսնելու մասին Ղուկասյանի հայտարարությանը Փաշինյանը սա որակել էր Հայաստանի ինքնիշխանության դեմ հայտարարություն և ասել, որ նման հայտարարությունները հեղինակները պետք է դուրս շպրտվեն հանրային ու քաղաքական դաշտից:
Ղուկասյանը սա քաղաքական հետապնդում ու կյանքի սպառնալիք էր որակել, կանխատեսել էր իր կալանավորումը: Նա արդեն իսկ մեկ այլ՝ փողերի լվացման ու պաշտոնական դիրքի չարաշահման գործով մեղադրյալի աթոռին է:
Իրավապահների գործողություններից հետո արդեն Ղուկասյանի աշխատասենյակի դուռը փակ էր: Վաղը, ըստ ամենայնի, քաղաքապետին կփոխարինի իր առաջին տեղակալ փեսան: