Մատչելիության հղումներ

Նոր ձերբակալություններ Գյումրիի համայնքապետարանում


Գյումրիի համայնքապետարանում նոր ձերբակալություններ կան: Նրանք կրթության բաժնի 3 կին աշխատակիցներ են, ովքեր, ըստ Քննչական կոմիտեի, աշխատանքից ազատելու սպառնալիքով, մյուսներին ցուցում են տվել, որպեսզի վերջիններս հրահանգեն իրենց ենթակայությամբ գործող մանկապարտեզների տնօրեններին՝ երեխաներին տուն ուղարկել և իրենց անձնակազմի հետ անմիջապես մեկնել Գյումրու քաղաքապետարան՝ թույլ չտալու ձերբակալել համայնքի ղեկավարին:

Հոկտեմբերի 20-ին, երբ իրավապահները ձերբակալում էին Վարդան Ղուկասյանին, Գյումրիի ՔՊ-ականները տեսանյութեր էին հրապարակում փակ մանկապարտեզներից՝ պնդելով, թե աշխատակիցները հավաքի են տարվել:

Ձերբակալված կանանցից մեկը քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կոշտ քննադատ, խորհրդարանի իշխանական պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչն է, որը նորեկ չէ քաղաքապետարանում: Պատգամավորն այսօր պնդեց, թե ձերբակալված զոքանչին պարտադրել են:

«Իմ զոքանչը հարում է մեր քաղաքական հայացքները, եթե նման բան էլ է եղել, առնվազն դա պարտադրանքի արդյունք է եղել, ստիպելու», - նշեց Սարուխանյանը:

Ավելի վաղ էլ քաղաքապետի խորհրդականն ու բաժիններից մեկի ղեկավարն էին ձերբակալվել: Թե ընդհանուր քանի ձերբակալված կա հոկտեմբերի 20-ին հարուցված քրեական վարույթի շրջանակներում, քանիսի նկատմամբ է քրեական հետապնդում հարուցվել ու խափանման միջոց ընտրվել, դեռ այնքան էլ հստակ չէ: Քննչականից ավելի ուշ տեղեկություն կտրամադրեն:

Ի մի բերելով այս օրերին իրավապահների հայտնած տեղեկությունները, ստացվում է Գյումրիում հոկտեմբերի 20-ի իրադարձությունների հետևանքով ավելի քան չորս տասնյակ մարդ է ձերբակալվել շաբաթասկզբից: Գործը հարուցվել է զանգվածային անկարգություններին մասնակցելու հոդվածով, 15 հոգի արդեն կալանքի տակ է:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը երեկ Հանրայինի եթերում անդրադարձավ հարցին, թե Վարդան Ղուկասյանի ձերբակալության ժամանակ ինչո՞ւ էին մեծ թվով ոստիկաններ բերվել Գյումրի. «Քաղաքապետարանի շենք են գնացել խուզարկություն կատարող քննիչները, նրանց աջակցող օպերլիազորները ու ոստիկանության որոշակի աշխատակիցներ, բայց ոչ մեծաթիվ: Հետագայում, երբ որ պրոցեսն ընթացքի մեջ էր, ականատես եղանք, որ համայնքի ղեկավարի տեղակալների, այլ պաշտոնատար անձանց կողմից հրապարակային հայտարարություններ կատարվեցին, որով քաղաքացիներին կոչ էր արվում հավաքվել քաղաքապետարանի շենքի մոտ, խոչընդոտել վարույթն իրականացնող մարմնի օրինական գործողություններին և արգելել, որպեսզի վարույթ իրականացնող քննիչն ի կատար ածի անձին ձերբակալելու մասին որոշումը: Տվյալ պահից սկսած, բնականաբար, նոր ուժեր ներգրավվեցին, որպեսզի հնարավոր լիներ օրինական գործողությունների կատարումը ապահովել»:


XS
SM
MD
LG