Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո այսօր ավագանու հերթական նիստն էր, որ չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով: Ներկա չէին ավագանու 14 ՔՊ-ականները, մյուս խմբակցություններից էլ երեք հոգի:
Թե ինչու էր «Քաղաքացիական պայմանագիրն» ամբողջ կազմով բոյկոտել նիստը, ժամեր շարունակ բացատրություն չկա: Օրվա վերջում խմբակցությունը մի հայտարարություն տարածեց, որից ևս պարզ չդարձավ իրենց բացակայության պատճառը: Փոխարենը մեղադրանքներ ու հարցեր կային մյուսներին.
«Էսօր եկել հասել են մի հանգրվանի, որ ավագանու նիստ չեն կարողանում գումարել ու խնդիրն իրենց մեջ ման գալու փոխարեն ասում են՝ ՔՊ-ն նիստի չեկավ։ Բա էն ձեր հավաքելիք «կոմպրոմատները» գործի դնեիք, թե՞ ուղղակի ոչ մի բան էլ չեք գտել մարդկանց վրա, որ կարողանաք ազդեցություն ունենալ: 19 մանդատ ունեք որպես հավաքական ընդդիմություն, քվորումի համար պետք է 17 մանդատ, մեզնից ի՞նչ եք ուզում»:
Ըստ օրենքի՝ ավագանին կարող է լուծարվել, եթե երեք ամիս նիստ չգումարի: Բայց եթե մյուս խմբակցությունները բացականեր չունենան, քվորում կապահովվի, 33 մանդատից 19-ը ընդդիմադիր ուժերի ձեռքում է, հիմա արդեն՝ 18-ը, քանի որ Վարդան Ղուկասյանը կալանավորված է: Եթե նա մանդատից հրաժարվի, ապա այլևս չի կարող քաղաքապետ լինել, ու ավագանին իր կազմից նոր համայնքապետ կընտրի: Թերևս սա է պատճառը, որ թեև դատարանը Ղուկասյանի լիազորությունները կասեցրել է, նա իր մանդատից չի հրաժարվում:
Ավագանու «Կոմկուս» խմբակցության կալանավորված ևս երկու անդամներ արդեն հրաժարվել են իրենց մանդատներից ու իրենց տեղը հաջորդ համարին փոխանցել, բայց նրանցից մեկը՝ Տիգրան Ավագյանը, ավելի ուշ կալանավորվեց զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով, ու միայն երեկ է մանդատից հրաժարվելու նրա դիմումը ընտրատարածքային հանձնաժողով ուղարկվել: Յոթնօրյա ժամկետում հանձնաժողովը մանդատը հաջորդ համարին կփոխանցի:
Այսօր բացակայող ավագանու մյուս անդամը Ղուկասյանին սատարած, բայց նրա հետ բարդ հարաբերություններ ունեցող Մարտուն Գրիգորյանի առաջնորդած «Մեր քաղաքը» խմբակցությունից էր: Խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանն ասաց՝ այս բացակայության մեջ պետք չէ քաղաքական ենթատեքստ փնտրել:
«Ոչ, որպես խմբակցության ղեկավար եմ հայտարարում՝ սա քաղաքական որևէ ենթատեքստ չունի: Նարեկ Միրզոյանը ունի ընտանիքի հետ անձնական խնդիրներ, իսկ խնդիրը չափազանց զգայուն է՝ կնոջ առողջական վիճակով է պայմանավորված. այսօր առավոտյան մենք իմացանք, որ Միրզոյանի կնոջ հետ խնդիրներ կան, կինը առողջական խնդիրներ, ծայրահեղ վիճակում, այսպես, ցավոք, ինֆորմացիան պիտի ասեմ, որ գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում», - նշեց Գասպարյանը:
Ավագանու նիստն այսօր վարում էր Ղուկասյանի փոխքաղաքապետ փեսան՝ Ավետիս Առաքելյանը: Հենց նա է հիմա փոխարինում կոռուպցիայի ու իշխանության յուրացման կոչի մեղադրանքներով հոկտեմբերից կալանավորված աներոջը: Առաքելյանն էլ էր տարակուսած, թե ինչու ՔՊ խմբակցությունն ամբողջ կազմով նիստին չի մասնակցում:
«ՔՊ-ի դեպքում մեզ անհայտ է՝ խմբակցության ողջ անձնակազմով ինչո՞ւ են բացակայում նիստին: Պետք է ենթադրել, որ սա խոչընդոտ է հանդիսանում Գյումրի քաղաքի բնականոն աշխատանքներին և տեղի ունեցող ծրագրերի իրականացմանը», - հայտարարեց փոխքաղաքապետը:
Հետո թվարկեց, թե այսօրվա նիստի օրակարգում Գյումրիի հետ կապված ինչ հարցեր պիտի քննարկեին ու որոշումներ կայացնեին: Օրինակ՝ սուբվենցիոն ծրագրերը, «մանկապարտեզների հրատապ ջեռուցման հետ կապված հաստատում... »:
Արդյո՞ք ընդդիմադիր ուժերին կհաջողվի մեծամասնություն պահպանել ավագանիում: Ավագանու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների համար ՔՊ-ի նիստին չմասնակցելն անակնկալ չէր:
«Էս ամենը «Քաղաքացիական պայմանագրի» կողմից, իմ կարծիքով, սպասելի է, անակնկալի չենք եկել, էնպես չի, որ դեկտեմբերի 1-ին ձյուն եկավ, զարմացանք, էլի», - ընդգծեց Լիզա Գասպարյանը:
«Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանի կարծիքով՝ հիմա ամեն ինչ «Կոմկուս» խմբակցությունից է կախված. - «Կոմունիստական կուսակցությունը ուղղակի պիտի ապահովի էն մնացած մանդատների քանակը: Եթե ապահովում է մնացած մանդատների քանակը, քաղաքը շարունակում է բնականոն հունով կառավարվել, կառավարման ճգնաժամ չի լինի, և, կոպիտ ասած, եթե կա 17 կամ 18 մանդատ, ցանկացած հարց լուծվելու է»:
Գյումրիում ավագանին վերջին անգամ լուծարվել է ընդամենը մեկ տարի առաջ, քանի որ մեկ նստաշրջանում երեք ամիս նիստ չէր գումարել: Լուծարումից անմիջապես հետո վարչապետը համայանքապետի պաշտոնակատար նշանակեց իր թիմակից Սարիկ Մինասյանին: Եթե ընդդիմադիր ուժերին հաջողվի քվորում ապահովել, ապա այս սցենարը դժվար թե իրականություն դառնա: Մյուս տարբերակով՝ ՔՊ-ին պակասող երեք մանդատի ապահովմամբ է հնարավոր իշխանափոխություն անել Գյումրիում: Ռուբեն Մխիթարյանն, օրինակ, չի բացառում, որ ավագանու առանձին անդամների նկատմամբ ճնշումներ կլինեն:
«Երբեմն կյանքում տեղի են ունենում դեպքեր, որոնք անկանխատեսելի են՝ սկսած էսօրվանից, վերջացրած նույն քաղաքական տարբեր տեխնոլոգիաներով, ճնշումներով, հորդորներով և այլ ուժային կիրառումներով՝ չակերտավոր, այս կամ այն ավագանու գողանալը, լավ, էսպես անվանենք, էլի չակերտների մեջ: Բայց ես կարծում եմ, որ գոնե թե էս փուլում դա էդ դեպքը չի», - ասաց Մխիթարյանը:
«Քաղաքացիական պայմանագիրը», որ Գյումրիում իշխանության գալու ծրագրերը չի թաքցնում, հայտարարում է, թե այդ նպատակով կիրառելու է բոլոր օրինական միջոցները, բայց պլանները չի բացահայտում:
Ավագանու հաջորդ նիստ գումարելու համար արտահերթ նիստ է հրավիրվելու որ օրը որոշվի: