Մատչելիության հղումներ

Եթե Բաքուն առանց ստուգումների ճանապարհ ստանա, կստացվի «միջանցք». փորձագետներ


Ավտոճանապարհ Սյունիքի մարզում, արխիվ
Ավտոճանապարհ Սյունիքի մարզում, արխիվ

Փորձագետները պնդում են՝ եթե իշխանությունը համաձայնի, որ ադրբեջանական բեռները Հայաստանի տարածքով անցնեն առանց ստուգումների, այդպես Բաքուն փաստացի կստանա իր պահանջած միջանցքը:

«Դե եթե մենք առանց ստուգումների թույլ ենք տալիս, որպեսզի Ադրբեջանը Նախիջևանից դեպի իր, այսպես ասած, արևմտյան շրջաններ, ինչպես ասվում է, մի խոսքով՝ եթե մենք թույլ ենք տալիս Նախիջևան-Ադրբեջան չստուգվող կապ, ապա դա նշանակում է, որ մենք դե ֆակտո տալիս ենք միջանցք», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:

«Եթե լինի առանց ստուգումների, դա միջանցք է ենթադրում, այսինքն՝ ենթադրում է, որ սահմանը հատեցին, գնացին, նորից հատեցին, ու ոչ մի հսկողություն, ինչ-որ վճարներ և այլն չեղավ ... Բայց այդ դեպքում տարօրինակ կլիներ, որ Բաքուն մինչև hիմա դրական արձագանք չի տվել», - իր հերթին, նշեց քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը:

Իշխանության տարբեր ներկայացուցիչներ այս շաբաթվա ընթացքում վերահաստատեցին Բաքվին անխոչընդոտ ճանապարհ տրամադրելու Երևանի պատրաստակամությունը, շեշտեցին՝ իրավական բոլոր ընթացակարգերը կպահպանվեն, բայց այդպես էլ ուղիղ չասվեց, որ ապաշրջափակման դեպքում Հայաստանի տարածքով անցնող ադրբեջանական բեռները կստուգվեն:

«Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող, այո, ցանկացած բեռ պիտի մի որոշակի, չասենք ստուգում, բայց վերահսկողության ենթարկվի, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը պիտի իմանա, թե ինչ է իր տարածքով անցնում», - մասնավորապես ասել էր Ազգային ժողովի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ հավելելով. - «Հիմա տեխնիկական միջոցներ կան՝ տարբեր ձևի: Ինչպես որ մյուս պետություններից եկող բեռների դեպքում, կարծում եմ, որ որոշակի ստուգում պիտի լինի: Ինչպես մյուսների դեպքում»:

Այս դեպքում էլ մեկ այլ հարցի պատասխան հստակ չի տրվում՝ հնարավո՞ր է, որ Հայաստանի համար ընդունելի լինի ադրբեջանական բեռների վերաբերյալ տեղեկություն ստանալ հենց Բաքվից և բավարարվել դրանով: Այս տարբերակը քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը դիտարկում է միջանցքային տրամաբանության մեջ:

«Եթե Հայաստանը պետք է մնա, այսպես ասենք, Ադրբեջանի ազնիվ խոսքի կամ առավելապես խոսքի հույսին՝ այդ ճանապարհի վերահսկողության կամ վերահսկողության որևէ ռեժիմով առումով, ապա մենք ի՞նչ ենք մտածում՝ դա կլինի Հայաստանի ինքնիշխանությո՞ւն: Իհարկե ոչ», - ընդգծեց Բադալյանը;

Քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանն այստեղ կարևորում է փոխադարձության սկզբունքը: Բայց անգամ այդ դեպքում, ասում, է, խնդիր կա. - «Այս մեխանիզմը գործում է հիմնականում նույն մաքսային դաշտում գտնվող երկրների միջև, երբ մի կողմը, որից մուտք է կատարվում, ուղղակի հայտարագրում է իր այդ բեռի պարունակությունը, փոխանցում է մյուս կողմին, և մյուս կողմը դա ընդունում է փաստ, մինչև որ այդ բեռը չի լքում այդ մաքսային դաշտի տարածքը: Հայաստանը և Ադրբեջանը նման պայմանագրեր չունեն, ու հետևաբար շատ դժվար է պատկերացնել՝ ինչպես է սա իրագործվելու»:

Բաքուն առանց ստուգումների ճանապարհ է պահանջում արդեն չորս տարի, Հայաստանի իշխանությունն անցած տարիներին տարբեր առաջարկներ է արել Ադրբեջանին համաձայնության հասնելու ակնկալիքով՝ սկսած պահնորդական կազմակերպությանը հարցը արտապատվիրակելուց մինչև պարզեցված ընթացակարգերի կիրառում: Դրանց մասին վարչապետն ու թիմակիցները հրապարակային խոսել են, բայց վերջին առաջարկներից, որոնք Բաքու են ուղարկվել երեք ամիս առաջ, բովանդակային ոչինչ չեն հայտնում: Վարչապետ Փաշինյանը միայն ասել է, թե դրանք համապատասխանում են կողմերի ակնկալիքներին:

Սամվել Մելիքսեթյանը, ինչպես ՔՊ-ականները, կարծում է՝ առաջարկների գաղտնազերծումից բանակցային գործընթացը կտուժի:

«Կոնֆլիկտային բանակցությունների պայմաններում բանակցության դետալների գաղտնազերծումը դիտարկվում է որպես վնասակար հիմնականում քայլ, եթե, իհարկե, կողմերը չունեն փոխադարձ համաձայնություն դրա շուրջ, որ երկուսն էլ բաց պայմաններում են բանակցում», - ընդգծեց քաղաքագետը:

Հակոբ Բադալյանի համար, մինչդեռ, այս փաստարկը համոզիչ չէ: Քաղաքական մեկնաբանն ասում է՝ եթե Հայաստանի իշխանությունը վստահեցնում է, թե որևէ խոսք չի կարող լինել ինքնիշխանությունը զիջելու մասին, հարց է առաջանում՝ ինչո՞ւ են առաջարկները գաղտնի պահվում: Հենց սա է կասկածներ առաջացնում, որ շեղվել են հռչակած ուղենիշներից:

«Իսկ դա առավել խորացնում է, բնականաբար, ենթադրությունները, որ այդ դրույթները այնպիսիք են, որոնք դժվար է, այսպես ասենք, հիմա ներկայացնել հանրությանը: Եթե դրանք խանգարելու են բանակցությանը հրապարակայնացնելու պարագայում, հետևաբար մնում է եզրակացնել, որ դրանք այնպիսին են, որ կարող են Հայաստանի հանրության մոտ առաջացնել, մեղմ ասած, ընդդիմախոսություն և դժգոհություն», - նշեց Բադալյանը:

Հայ պաշտոնյաների փոխանցմամբ՝ Բաքուն հայկական առաջարկներին դեռ գրավոր չի պատասխանել: Օրերս, սակայն, Ադրբեջանի արտգործնախարարությունն այդ առաջարկները «գործնական նշանակություն չունեցող» որակեց:

XS
SM
MD
LG