Երևանյան տրանսպորտի սպասվող թանկացումների շուրջ երևանցիների համատարած դժգոհությունների ֆոնին իշխանությունները փոքրիկ հետքայլ են անում: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարում է՝ ուսումնասիրել են քաղաքացիների արձագանքներն ու առաջարկները և որոշ փոփոխություններ են մտցրել, ինչպես նշում է՝ «արդարացի լուծում տալու» նպատակով: Փոփոխությունները կքննարկեն ավագանու փետրվարի 11-ի նիստում:
Հետքայլը, սակայն, թանկացումը չեղարկելու մասին չէ: Պարզապես մի քանի տոմսի ժամկետներն են վերանայել ու տասն ուղևորության համար 2200 դրամանոց փաթեթը 200 դրամով էժանացրել: Առաջարկվող ամսական, եռամսյակային ու տարեկան փաթեթների գինը նույնն է մնացել:
Թանկացումներին ուղիղ տասը օր է մնացել, ու մինչ քաղաքային իշխանություններն ակտիվորեն առաջարկվող փաթեթներն են գովազդում, քաղաքացիներին դժգոհությունն է՛լ ավելի է մեծանում: Կենսաթոշակառուները, որոնց համար թանկացումը հատկապես ծանր բեռ է լինելու, «Ազատության» հետ զրույցներում ընդգծում են՝ դրանք ձեռք բերել չեն կարող, անգամ զեղչի դեպքում փաթեթներն իրենց համար չափից ավելի թանկ են.
«Ես ստանում եմ 42 հազար դրամ թոշակ, ինչպե՞ս կարող եմ դա առնել... »:
«36 հազար դրամ, դրանով ի՞նչ պետք ա անեմ, չգիտեմ, երևի ավելի լավ ա տները ծախել գնալ ուրիշ տեղ... »:
«Ես սկի չեմ էլ հասկանում ինչ են անում, թոշակառու մարդ եմ... »:
Չնայած սպասվող շեշտակի թանկացումներին, տարեցների կենսաթոշակները չեն բարձրացել, քաղաքային իշխանությունների առաջարկած ամսական փաթեթը գնելու համար 50 հազար դրամ ստացող տարեցը անգամ 30 տոկոս զեղչից օգտվելու դեպքում իր եկամուտների ավելի քան 10 տոկոսը տրանսպորտին պետք է հատկացնի, առանց այն էլ սոցիալական լրջագույն խնդիրներ ունեցող քաղաքացիները ստիպված կլինեն իրենց ծախսերն է՛լ ավելի կրճատել տրանսպորտից օգտվելու հնարավորության համար.
«Հլը քիչ ա, թանկացրեեեք, թանկացրեք, թող ստեղ մարդ չմնա, թողեն փախնեն, թողնեն փախնեն Հայաստանից, տենց են անելու... »:
«Լավ բան չեն անում, լավ բան չի էդ... »:
Քաղաքապետարանը կենսաթոշակառուների համար 30 տոկոս զեղչ է առաջարկում, 9000 -անոց փաթեթը նրանց համար 6300 դրամ կարժենա, եռամսյակային տարբերակի համար ստիպված կլինեն իրենց առանց այն էլ նեղլիկ դրամապանակներում 16 800 դրամ հայթայթել: Տարեկան փաթեթը կվաճառվի 63 հազար դրամով.
«Ինքը մեծահասակ քույր ունի, հեռու ա ապրում, ամեն անգամ տրանսպորտով պետք ա գնա գա, ինքը շատ ա նեղվում... »:
«Լավ էլի, թոշակառուն ի՞նչ ա ստանում, որ մի բան էլ զեղչ անեն, լավ էլի... »:
Զեղչով վաճառվում են միայն ամսական, եռամսյակային, տարեկան փաթեթները, նաև 200 դրամով էժանացող 10 ուղևորության տոմսը: Այսպիսով, տրանսպորտից ոչ ամենօրյա ռեժիմով օգտվող կենսաթոշակառուների համար այս պահի դրությամբ ամենաձեռնտու տարբերակը հենց 10 ուղևորությունների փաթեթն է. եթե 30 տոկոս զեղչով հաշվենք, այն 1400 դրամ կարժենա, այսինքն մեկ ուղևորությունը՝ 140 դրամ:
Առաջարկվող զեղչերի համար էլ կենսաթոշակառուները կամ պետք է yerevan. transport. am կայքում նույնականացվեն, կամ Telcell-ի սպասարկման կետ այցելեն, կամ էլ թաղապետարան գնան: Այսօր «Ազատության» լրագրողը թաղապետարաններից մեկում եղավ, 20 րոպե սպասեց, այդ ընթացքում զեղչի համար որևէ կենսաթոշակառու չներկայացավ: Քաղաքապետարանից հետաքրքրվեցինք՝ մինչ այս պահը միասնական տոմսային համակարգի քանի՞ փաթեթ է վաճառվել, ու վերջին տվյալներով քանի՞ կենսաթոշակառու է օգտվել զեղչերից:
Այսպես, վերջին տվյալներով՝ թանկացումներից տասն օր առաջ, կենսաթոշակառուներին հասանելի 30 տոկոս զեղչով 564 փաթեթ է վաճառվել, այնինչ Երևանում ավելի քան 170 հազար կենսաթոշակառու կա, այսինքն՝ քաղաքապետարանի առաջարկները շատ փոքր թվով տարեցների են համոզել: Ընդ որում, մինչ այս պահը կենսաթոշակառուներին ընդամենը 7 տարեկան փաթեթ է վաճառվել:
Երևանի ավագանու ընդդիմադիր ուժերը ստեղծված իրավիճակից մեկ ելք են առաջարկում՝ բոյկոտել նոր սակագները և շարունակել 100 դրամ վճարել. նրանք, ի դեպ, տասնյակ հազարավոր ստորագրություններ են հավաքել թանկացման դեմ:
«Խառնվել են իրար, որովհետև զգում են, որ ժողովուրդը միահամուռ ուժերով պայքարելու է, զգում են ձեր ուժը, զգում են ձեր բողոքը, զգում են, որ իրենք սխալ են անում», - հայտարարում էր նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:
Ընդդիմադիրների այս կոչերի ու համատարած դժգոհությունների ֆոնին, միասնական տոմսային համակարգի PR արշավին բարձրագույն պաշտոնյաներն են միացել, անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նույնիսկ մետրոյից օգտվեց՝ ցույց տալու նոր համակարգը:
«Անկանխիկով տոմս ձեռք բերելու համակարգը շատ տպավորեց՝ լավ ա և հարմար ա», - ասում էր Փաշինյանը:
Այսօր էլ վարչապետը խորհրդարանի ամբիոնից թեմային անդրադարձավ. - «Մենք երբ որ տրանսպորտից օգտվում ենք, մեր մտայնությունը էն պետք ա չլնի, որ ես հիմա օգտվում եմ Ա կետից Բ կետը գնալու համար: Մեր մտայնությունն էն ա, որ մենք բոլորով էդ հանրային տրանսպորտը պտի պահենք ընենց, որ հաջորդ սերունդն էլ էդ նույն տրանսպորտով գնալու հնարավորություն ունենա; Որովհետև թե մենք էդպես չանենք, «Իկարուս»-ի նման MAN ավտոբուսները դառնալու են «Գազել»-ներ, և էդ «Գազել»-ները նորից զրոյանալու են, և մենք ամեն ինչ սկսելու ենք զրոյական կետից»:
Քննարկմանը նաև վարչապետի տիկինն է միացել. թանկարժեք ու հարմարավետ ավտոմեքենայով երթևեկող Աննա Հակոբյանը, անդրադառնալով թանկացման մասին լրատվամիջոցների հրապարակումներին, հորդորում է տեղում չդոփել , սովորել լավ ապրել ու լավ ապրելու համար վճարել: