11 օրից մայրաքաղաքում ուժի մեջ կմտնեն հանրային տրանսպորտի նոր սակագները. 90 րոպեանոց 300 դրամից մինչև 90 հազար դրամանոց տարեկան փաթեթներ կգործեն: Քաղաքային իշխանությունը մեկ երթի համար 100 դրամը պահելու մտադրություն կարծես թե չունի, իսկ ընդդիմադիր ուժերը շարունակում են թանկացումը բոյկոտելու կոչերը:
Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքացիների հետ քննարկեց և առաջարկեց բոյկոտի ձևը. - «Մտնում ենք ավտոբուս, բոլոր ավտոբուսներում այսպիսի տեղ կա, 100 դրամը դնում ենք էստեղ, ընդ որում դա կարող է լինել և՛ 100 դրամանոց, և՛ երկու հատ 50, կամ այլ մանրադրամ, դնում ենք և անցնում ենք առաջ: Եթե այս ընթացքում ավտոբուսի վարորդը փորձի խոչընդոտել ձեզ կամ ինչ-որ մի բան ասի, խնդրում եմ, ոչ մի դեպքում մի մտեք նրա հետ վիճաբանության մեջ»:
Մարությանը պնդում է՝ ավտոբուսի վարորդները որևէ իրավական հիմք չունեն քաղաքացիներին տրանսպորտից իջեցնելու կամ նրանց խոչընդոտելու համար: Նրա առաջնորդած «Ազգային առաջընթաց» խմբակցությանն արդեն իսկ նաև նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է պահպանել քաղաքապետ Տիգրան Ավինյանի թիմի ներկայացրած փաթեթները, սակայն ամենի հետ գործի նաև 100 դրամ սակագինը: Այս նախագիծը կարող է քննարկվել առաջիկա չորս ամսվա ընթացքում;
«Իշխանությունը, կարծում եմ, մի խնդրի է առնչվել, որը ժողովրդի լեզվով ասում են՝ «էշին նստելը մի խնդիր է, էշից իջնելը՝ մեկ այլ խնդիր»: Նրանք իրենք էլ են տեսնում, և հենց Ավինյանն էլ դա փաստեց, որ չունեն դեռ իրենք անխափան աշխատող համակարգ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը:
Թոշակներն ու աշխատավարձերը Հայաստանում ցածր են, ընդգծում է Աբգարյանը, տրանսպորտի համար սահմանված գները համարժեք չեն մարդկանց եկամուտներին:
«Թանկացումը ամեն դեպքում արդարացված չի լինի, որովհետև մենք գործ ունենք հանրային ծառայության հետ, հանրային ծառայությունը պետք է մատչելի լինի բոլորին՝ մարդիկ տեղափոխվում են աշխատանքի և ուսման: Այսինքն՝ պետք է հաշվի առնեն մարդկանց եկամուտները և վճարունակությունը», - ընդգծեց ավագանու ընդդիմադիր անդամը:
Թանկացման դեմ բողոքում է նաև ավագանու մյուս ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցությունը:
«Մայր Հայաստան»-ն էլ հանրային տրանսպորտի սակագների նվազեցման նախագիծ է մշակել, անհրաժեշտ մոտ 8 հազար ստորագրության փոխարեն քաղաքապետարան 17 հազար ստորագրություն է ներկայացրել: Առաջարկում է ավտոբուսի ու տրոլեյբուսի համար թողնել նույն սակագները՝ համապատասխանաբար 100 և 50 դրամ, իսկ տարեկան փաթեթը սահմանել 35 հազար դրամ: Խմբակցությունը վաղը ավագանու արտահերթ նիստ գումարելու համար անհրաժեշտ ստորագրություններն արդեն հավաքել է: Սակայն նիստը կկայանա, եթե քվորում ապահովվի, այսինքն՝ դահլիճում ներկա լինեն 65-ից առնվազն 33-ը: Մեծամասնությունը՝ 24 անդամ ունեցող «Քաղաքացիական պայմանագիր»-ը նիստին չի մասնակցի, թե ինչու՝ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն ասաց՝ հայտարարությամբ կբացատրեն:
«100 դրամի պահպանման մասին «Քաղաքացիական պայմանագրում» քննարկում չկա, մեր մոտեցումն այլ է», - «Ազատությանն» ասաց Գալջյանը, սակայն հիշեցրեց, որ նոր սակագների գործարկումից հետո հնարավոր է փաթեթների հետ կապված փոփոխություններ լինեն:
Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» հետ հուշագիր ստորագրած «Հանրապետություն» խմբակցությունը, որն 8 անդամ ունի, նույնպես կբոյկոտի արտահերթ նիստը:
«Մենք պետք է ունենանք 21-րդ դարի զարգացած մայրաքաղաքին համապատասխան տրանսպորտային համակարգ: Մեր նպատակը հստակ ժամանակացույցով աշխատող, կահավորված կանգառատեղիներով, վարորդների աշխատանքի նպաստավոր պայմաններով համակարգ ստեղծելն է: Այո, սկզբում բարդություններ են լինելու ու ժամանակավոր դժվարություններ: Նոր համակարգ է ներդրվում, որին պետք է տիրապետել ու ընտելանալ», - ասված է կուսակցության հայտարարությունում:
Ընդդիմադիր «Հանրային ձայն»-ը կմասնակցի վաղվա նիստին:
«Ինձ մոտիկացել են մյուս ֆրակցիայի ղեկավարները, առաջարկել են, որ սենց գաղափար ունեն, ես էլ ասել եմ՝«տղերք, անիմաստ ա, բայց եթե ձեզ տենց հետաքրքիր ա, ուզում եք ցույց տաք, որ ինչ-որ գործ եք անում, որպես օպոզիցիա ու կոլեգա՝ մենք իհարկե կմասնակցենք ինչպես միշտ», ինչպես իրանց բոլոր բերած նախագծերին մենք կողմ ենք», - «Ազատությանն» ասաց խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը:
Նա նկատեց, որ «Մայր Հայաստան» խմբակցությունը նախորդ տարվա սեպտեմբերի 10-ին բերել էր նախագիծը, որին չէին մասնակցել հենց իրենց անդամները. - «ՔՊ-ից մի հոգի կողմ էր քվեարկել, մենք բոլորս կողմ էինք քվեարկել, «Մայր Հայաստան»-ը 2 ավագանի իրա կողմից չէր բերել, «Ազգային առաջընթացն» էլ նեղացել գնացել էր էդ օրը»:
Վաղվա նիստը ամենայն հավանականությամբ չի կայանա՝ քվորում չի լինի անգամ ընդդիմադիր բոլոր խմբակցությունների մասնակցության պարագայում, քանի որ, օրինակ, «Հանրային ձայն»-ից Արտակ Գալստյանը տնային կալանքի տակ է և նիստերն մասնակցելու ու քվեարկելու հնարավորություն չունի, «Մայր Հայաստան»-ից Զարուհի Փոստանջյանն էլ մինչ օրս նիստերին չի մասնակցել:
Իսկ քաղաքային իշխանությունն այսօր փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի վարած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում տրանսպորտի խնդրին սովորականի պես անդրադարձավ. զեկուցվեց՝ 76 երթուղի են դուրս եկել 3 հազար 974 մեքենաներ՝ նախատեսված 4 հազար 691-ի փոխարեն, այսինքն՝ 717-ով պակաս:
Անսարք ավտոբուսների թիվը չի նվազում՝ 41-ը դեռ չի շահագործվում: Քաղաքային իշխանությունը շարունակում է վարորդների փնտրտուքը, սակայն թիվը կրճատվել է:
«Դեռ 115-ի թափուր հաստիք ունենք: Նախորդ շաբաթվա ինտենսիվությամբ որ գնանք, այս շաբաթ կավարտենք», - ասաց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանը:
110 վարորդ արդեն ընդունվել է աշխատանքի, «Երևան ավտոբուս» ընկերության տնօրենը վստահեցրեց՝ նոր դիմողներ ունեն: