Մատչելիության հղումներ

Երևանի ավագանու արտահերթ նիստը չկայացավ. ընդդիմադիրները վիճաբանեցին


Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության նախաձեռնած արտահերթ նիստն այսօր չկայացավ՝ քվորում չկար: Օրակարգում երկու հարց էր՝ տրանսպորտի թանկացումն ու կայանման «կարմիր գծերի» սակագների կասեցումը:

Մեսրոպ Մանուկյանը որոշեց տրանսպորտի ոլորտը համակարգող փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին ներկայացնել պաստառը, որի վրա տրանսպորտի սակագների հաշվարկներն էին:

Գրիգորյանը թեև տեղում չէր, Մանուկյանը շարունակեց հաշվարկը ներկայացնել, ասելով, թե օրական 630 հազար ուղևորի պարագայում տարեկան հավաքագրումները 100 դրամով կկազմեն 22,9 մլրդ դրամ, իսկ իշխանությունները գրել են, որ 2025-ին 17 մլրդ դրամը բավարար է «Երևանի ավտոբուսի» ծախսերը հոգալու համար:

«Մեզ մոտ ինքնարժեքը 110 դրամ է, եկեք 105-ը դուք վճարեք, 5-ը՝ մենք, բայց իրենց ասած թվերը, որ մենք բազմապատկում ենք, հասկանում ենք, որ 100 դրամն իրատեսական է ստացվում», - ասաց նա:

Ավագանու արտահերթ նիստին ներկա էին ընդդիմադիր բոլոր խմբակցությունները: Նիստը բոյկոտել էին իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» ու նրանց դաշնակից «Հանրապետություն» կուսակցությունը:

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել է. «Ընդդիմության համար խնդիրը երբեք էլ չի եղել տրանսպորտի որակի բարձրացումը. նրանց մի մասը ժամանակին եղել է «Գազելների» գծատերերի կլանային խմբի թիմակից, իսկ մյուս մասը, օգտագործելով հանրության հույզերը, փորձում է ընդամենը փոքր հնարավորություն ստեղծել՝ հաջորդ ընտրություններում որևէ դերակատարում ունենալու համար»։

«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը հակադարձեց՝ մեծամասնությունը բոյկոտելով ի ցույց դրեց, որ հանրային տրանսպորտի հարցը չի ցանկանում լուծել՝ խորհրդակցելով այն ուժերի հետ, որոնք նույնպես ներկայացնում են երևանցիներին:

«Նշանակում է, որ հետագա բոլոր զարգացումների համար թող պատասխանատվություն վերցնեն իրենց վրա: Այնպիսի օրհասական խնդիր է, որ մարդ ամեն տեսակի նյարդային պոռթկումներ կարող է ունենալ», - ասաց նա:

«Մայր Հայաստանից» Զարուհի Փոստանջյանն էլ պնդեց՝ իշխանությունը մտնում է քաղաքացու գրպանը: 100 դրամով հնարավո՞ր է զարգացած տրանսպորտային համակարգ ունենալ, հարցին Փոստանջյանը պատասխանեց, թե տրանսպորտի ձեռքբերման ու շահագործման հստակ ծրագիր պետք է լիներ, ինչը բացակայում է. - «Փորձեցին խաբել հանրությանը, թե իրենք բարեփոխումներ են իրականացնում, դրա համար պետք էր գնել միջին գնային տարբերակով ավտոբուսներ»:



Տապալված նիստից հետո կրքերը նաև ընդդիմության շարքերում բորբոքվեցին՝ վիճեցին «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանն ու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը։

«Մայր Հայաստան» խմբակցությունը նախկինում արդեն հայտարարել է՝ եթե նախագիծը չընդունվի, իրենք կգնան Երևանում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 10 տոկոս ձայների հետևից և հարցը կդնեն հանրաքվեի: Առաջարկվում է ավտոբուսի ու տրոլեյբուսի համար թողնել նույն սակագները՝ համապատասխանաբար 100 և 50 դրամ, իսկ տարեկան փաթեթը սահմանել 35 հազար դրամ: Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը մինչդեռ վստահ է՝ քաղաքացիների բոյկոտն ու դժգոհությունն ունենալու են իրենց արդյունքը. - «Իսկ ժողովրդի պահանջն իրապես արդար է, որովհետև սա կոնկրետ պետական թալան է: Մարդիկ ուղղակի չեն կարող այդ գումարները վճարել»:

Խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, որը 2013 թվականին դեմ էր հանրային տրանսպորտը 100-ից 150 դրամ դարձնելուն, այսօր ասում է՝ չի կարող տրանսպորտի գինը հավերժ լինել 100 դրամ: Ինքը նախկինում առանց օդորակիչի մահվան «Գազելների», ծխող վարորդների և իրար մեջ խցկված տրանսպորտի դեմ էր պայքարում:

«Դա համակարգ է, որ որ պետք է ձևակերպվի, որ պետք է հղկվի, որևիցե երկրում միանգամից այսպես գավազանը գետնին խփելով ամեն ինչ չի կայացել: Ես համարում եմ, որ դա կեղծ, դեմագոգիկ օրակարգ է, նման օրակարգ չկա, չի կարող ևս 3000 տարի տրանսպորտի գինը լինել 100 դրամ», - ասաց նա:

Տրանսպորտի նոր սակագները, որ 90 րոպեի համար 300-ից մինչև տարեկան 90 հազար դրամանոց փաթեթներ են ներառում, ուժի մեջ կմտնեն փետրվարի 1-ին:

XS
SM
MD
LG