Մատչելիության հղումներ

«Ֆինանսական բեռ է բոլորի համար». ուսանողները՝ տրանսպորտի նոր սակագների մասին


Երևանի քաղաքային ավտոբուսներ, արխիվ
Երևանի քաղաքային ավտոբուսներ, արխիվ

Երևանցիները հանրային տրանսպորտից նոր սակագներով փետրվարի 1-ից կօգտվեն. 300 դրամից մինչև տարեկան 90 հազար դրամ փաթեթներ կգործեն: Արձակուրդի մեջ գտնվող քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ ֆեյսբուքյան գրառմամբ ասաց՝ ուսումնասիրել են քաղաքացիների արձագանքներն ու որոշ փոփոխություններ են մտցրել՝ «արդարացի լուծում տալու» համար, իսկ փոփոխություններն ավագանու փետրվարի 11-ի նիստում կքննարկվեն: Սակայն Ավինյանի նախկին թիմակից ու նախին քաղաքապետ Հայկ Մարությանն այլ կարծիք է. - «Բնականաբար նրա համար չի արվել, որ նրանք շատ են մտածում ժողովրդի մասին, սա արվել է միայն մի պատճառով, որ ժողովուրդն ասել է, որ բոյկոտում է, չի ընդունում իրենց առաջարկած գները»:

Մի քանի տոմսի ժամկետներն վերանայում, օգտագործման սահմանափակումների կրճատում ու 10 ուղևորության համար 2200 դրամի փաթեթի 200 դրամով էժանացում. Ավինյանի արդարացի լուծումը սա է ներառում, առաջարկվող ամսական, եռամսյակային ու տարեկան փաթեթների գինը նույնն է մնացել: Արտոնյալ խմբերի զեղչերը չեն փոխվել, ուսանողների համար կշարունակի 15 տոկոսը գործել:

Բուհերի մոտակայքում մի քանի ժամ տևած հարցման ընթացքում զեղչից օգտված ուսանողների «Ազատություն»-ը չհանդիպեց.

«Առհասարակ ուսանողների համար պետք է բարենպաստ պայմաններ ստեղծեն, որ իրենց ուսումնառությունը ավելի հեշտ լինի, բայց իշխանություններն ամեն ինչ անում են, որ տանեն մեզ դեպի անդունդը ... »:

«Ես Չարենցավանից եմ, գալիս եմ էստեղ, շատ դժվար է, եթե պետք եղավ տրանսպորտից օգտվեմ, ո՞նց եմ օգտվելու, հավելյալ ֆինանսական բեռ է, ու էդ համակարգը TelCell-ին ամրացնելն էլ չեմ հասկանում ... »:

«Ֆինանսական բեռ է, բնականաբար, բոլորի համար ...»:

«Ամսական, օրինակ, ես տրանսպորտի վրա ծախսում եմ 4000 դրամ, իսկ այդպես 9000 դրամ պետք է ծախսեմ՝ ավել 5000 դրամ պետք է տամ ... »:

«500 դրամ տալիս եմ՝ մարզից հասնեմ էստեղ, երկու անգամ էլ Երևանի մեջ եմ օգտվում ... »:

«Ակնկալում եմ, որ սակագների հետ կապված նաև տրանսպորտի վիճակը պետք է բարելավվի, վարորդների վիճակը լավ լինի, դրա համար լավ սպասումներով եմ ... »:

Քաղաքապետարանը դեռ շարունակում է վարորդներ փնտրել: Ավինյանը դարձյալ ֆեյսբուքյան գրառմամբ նշել է, որ 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս արդեն Երևանում են, մեծ մասը շահագործվում է, խոստանում է՝ Երևանը կգնի 15 նոր տրոլեյբուս, բանակցում են ևս 250 ավտոբուս գնելու համար:

«Այնուամենայնիվ, բոլոր առկա շարժակազմերը երթուղիներում լիարժեք ներգրավելու համար մեզ անհրաժեշտ են նոր վարորդներ։ Գիտեմ, որ դեռ կանգառներում տրանսպորտի սպասելու խնդիր ունեք, և վստահեցնում եմ, որ մենք անում ենք ամեն ինչ այդ խնդիրը լուծելու ուղղությամբ», - ընդգծում է քաղաքապետը:

Ուսանողներից շատերը ընտանիքում միակ ուսանողը չեն:

«Օրական երկու անգամ օգտվում եմ՝ մեկ անգամ՝ ավտոբուսից, մեկ անգամ՝ մետրոյից, բայց էդ գնայինը հարմար չի հատկապես ուսանողների համար ... »:

«Ուսանողներից շատերը չեն աշխատում, ընտանիքներ կան, որ մի քանի ուսանող ունեն, պատկերացնենք, որ հայրը այդքան գումար տա, ուսանողը բայց նաև սննդի կարիք ունի, իր անձնական կարիքները ունի ... »:

«Երկուսից ավելի, օր է լինում՝ ավելի շատ ենք օգտվում, ու ամեն գնալուց 300 դրամը շատ-շատ է արդեն ... »:

«Առավոտը լինում է երկու տրանսպորտով եմ գալիս, որ ժամանակին հասնեմ, արդեն քարտային համակարգը մեկ է ինչ-որ չափանիշով ավելի բարձր է, քան ներկայիս 100 դրամը ... »:

Այս ամենին զուգահեռ՝ տոմս գնելու և վճարման հետ կապված տեխնիկական խնդիրները շարունակում են չլուծված մնալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG