Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետարանը մտադիր է տրանսպորտի համար չվճարող ուղևորներին տուգանել 15 հազար դրամով


Երևանի քաղաքապետարանը մտադիր է տրանսպորտի համար չվճարող ուղևորներին տուգանել 15 հազար դրամով, իսկ եթե արտոնություն ունեցող քաղաքացու զեղչված կամ անվճար փաթեթով այլ անձ երթևեկի, տուգանքի չափն էլ ավելի մեծ կլինի՝ 18 հազար դրամ:

Քաղաքային իշխանությունների մշակած նախագծերի փաթեթը Տարածքային կառավարման նախարարությունն է հանրային քննարկման դրել: Առաջարկում են նաև վճարումների հատուկ կարգ կիրառել:

Ուղևորները պարտավոր կլինեն տրանսպորտ նստելուց անմիջապես հետո՝ մեկ րոպեի ընթացքում վալիդատորների միջոցով վավերացնել իրենց տոմսն ու մինչ ուղևորության ավարտն իրենց մոտ պահել, որ եթե հսկիչը պահանջի, ցույց տան: Հսկիչները կկարողանան նաև տեսաձայնագրություններ անել չվճարող քաղաքացիներին նույնականացնելու համար:

Ինչպե՞ս մեկ րոպեում ակտիվացնել տոմսը, երբ օրվա պիկ ժամերին ավտոբուսներում անգամ մեկ ոտքի տեղ չկա, հսկիչներն ինչպե՞ս են տեղավորվելու սեղմված մեքենաներում: Այսօր քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանին հարցրեցինք, այս նախագծի հեղինակները տրանսպորտից օգտվո՞ւմ են, գիտե՞ն՝ ինչ է կատարվում ներսում:

«Մեկ րոպեն, երբ ներդրվել է, ես չեմ կարող վստահաբար ասել՝ ինչ տրամաբանության մեջ է այդ մեկ րոպեն ընտրվել, բայց ես կարծում եմ՝ ինչպես մեր նախորդ այս կամ այն որոշման մեջ, որը իրականության եկել ենք ու հասկացել, որ գոցե իդեան ու մտքերը լավն են իրականացնելու համար, գուցե այստեղ տեխնիկական որոշակի փոփոխություններ անենք», - պատասխանեց Կոստանյանը:

MAN ավտոբուսներում երկու վալիդատոր է տեղադրված, մեկը առջևի, մյուսը մեջտեղի դռան մոտ: Մեկ րոպեում դրանց մոտենալ ֆիզիկապես հնարավոր չէ կամ էլ պետք է մյուսներին հրել, քաշել, մի խոսքով անցավ գլուխը ցավի տակ դնել:

«Ժոնգ Տոնգ» ավտոբուսներում միայն մեկ վալիդատոր կա՝ վարորդի կողքին: Պիկ ժամերին ոչ թե մեկ րոպեում, այլև երբեմն ամբողջ ուղևորության ընթացքում հնարավոր չի լինում մոտենալ այդ սարքին:

Երևանցիները տրանսպորտի համար 50 դրամ ավելի շատ են վճարում արդեն 1.5 ամիս, տրոլեյբուսների դեպքում թանկացումը եռակի է՝ 50-ից 150 դրամ: Չնայած թանկացմանը՝ ծանրաբեռնված ժամերին A կետից B կետը հասնելու համար քաղաքացիները դեռ նման փորձությունների միջով են անցնում:

«Էն որ խնդիր ունենք, այո, դրանից խուսափել չենք կարող, դրա համար է, որ նախատեսում ենք էս տարի ևս 45 տրոլեյբուս բերենք, քննարկումներ կան, չգիտեմ ինչ հաջողություններ ունենք այս պահին այդ մասով, բայց նաև 250 նոր էլեկտրական ավտոբուս ձեռք բերելու մասին ենք հայտարարել», - ասաց Կոստանյանը:

Խնդրի առկայությունն ընդունելը, փաստորեն, քաղաքապետարանին չի խանգարում զուգահեռ տուգանքների մասին մտածել: Ըստ հանրային քննարկման դրված նախագծի՝ հսկողությունն իրականացնելու են կա՛մ քաղաքապետի կողմից լիազորված անձինք, կա՛մ «Երևանի ավտոբուս» ընկերության աշխատակիցները, որոնց կողմից տրված հրահանգները «պարտադիր են ուղևորների և վարորդի համար, այդ թվում՝ տրանսպորտային միջոցի շարժը կանգնեցնելու, դռները բացելու կամ փակելու հրահանգները»:

Այս առաջարկի համաձայն՝ հսկողները կկարողանան նաև ոստիկաններին դիմել տոմսերը ստուգելու ու չվճարած կամ կանոնները այլ կերպ խախտող անձանց երթևեկությունը դադարեցնելու համար: Քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը, մինչդեռ, վստահեցնում է, մարդկանց մասսայաբար տուգանելու խնդիր չունեն. - «Մեր խնդիրը այն է, որ մարդը գիտակցի՝ եթե չի վճարում, դրա հետևանքը լինելու է սա»:

Տրանսպորտայի փոփոխություններին զուգահեռ ընդդիմադիրները պայքարում էին դեմ, հորդորելով չվճարել; Արդյոք բոյկոտի ու թերհավաքագրումների պատճառով են քաղաքային իշխանություններն այպիսի քայլի են գնում: Քաղաքապետի խոսնակն ընդդիմադիրների կոչերին այսօր անուղղակիորեն անդրադարձավ՝ եթե գումարը բյուջե չմուտքագրվի գուցե չկարողանան պլանավորված տրոլեյբուսները գնել:

Նախագծերի փաթեթը Е-draft համակարգում հանրային քննարկման է դրված մինչ մարտի 26-ը, քաղաքացիները հնարավորություն ունեն այնտեղ առաջարկի վերաբերյալ կարծիք հայտնել, կողմ կամ դեմ քվեարկել:





XS
SM
MD
LG