Հերթական սկանդալը Երևանի քաղաքապետարանի շուրջ. երեկվանից սոցցանցերում մի ձայնագրություն է տարածվում, որի մեջ անհայտ անձինք ավտոբուսների վարորդներին հրահանգում են մարդկանց հորդորել վճարել, չվճարելու դեպքում մեքենան կանգնեցնել, վճարման կտրոնները ստուգել:
«Կանգնեք, ասեք` վճարեք, չեմ քշում, թե չէ, ոչ մեկ ձրի չնստի, ձրի են նստում, ասեք` վճարեք, չէ, տրանսպորտը չշարժեք», - ասված է ձայնագրությունների մեջ:
Ովքեր են այս ձայնագրություններում հրահանգ տվողները՝ պարզ չէ: Հայտնի չէ նաև, թե ով և ինչպես է ձայնագրել զրույցները: Սկանդալային հատվածները համացանցում են արդեն մեկ ամբողջ օր, բայց մինչ այս պահը քաղաքապետարանը պարզաբանում չի տվել, չի հերքել դրանց իսկությունը, ոչ էլ իր առնչությունը ձայնագրություններում կոշտ զգուշացումներ տվողների հետ: Քաղաքապետարանի լրատվականից «Ազատությանն» ասացին, որ այս պահին մեկնաբանություն չունեն:
Դատելով այս ձայնագրություններից՝ անհայտ անձինք վարորդներին, ըստ էության, հորդորում են առճակատման գնալ թանկացած տրանսպորտի համար չվճարողների հետ: Բանը վիրավորանքների է հասնում, չվճարող երիտասարդներին անվանում են «թուլա» ու «լակոտ»:
Վարորդների աշխատանքային պայմանագրերում որևէ ուղիղ կետ չկա չվճարողներին իջեցնելու, ներս չթողնելու կամ էլ այդ պատճառով վարելուց հրաժարվելու մասին: Դրույթ կա միայն զգուշացման մասին, որպեսզի վճարները միայն սահմանված կարգով կատարվեն, ևս մեկ կետով էլ վարորդները պարտավոր են թույլ չտալ կանխիկ վճարումները: Ուղևորավարձի վերաբերյալ կետերը պայմանագրում այսքանն են:
Այս փաստը, սակայն, չի խանգարում նման կարգադրություններ իջեցնել ու անգամ սպառնալ վարորդներին, որ բոլորին օնլայն հետևում են: Հատվածներից մեկում դժգոհում են նրանց աշխատանքից, հրահանգ տվողը բարկացած է, որ վարորդներն ավտոբուսի երկու դռներն էլ բացում են:
Թանկացած տրանսպորտի դռներ փակել-չփակելու հարցը քաղաքացիների հիմնական դժգոհություններից մեկն է, «Ժոնգ Տոնգ« ավտոբուսներում վճարում ընդունող միայն մեկ սարք է տեղադրված՝ առջևի դռան մոտ: Բողոքներից ու լրատվամիջոցների հրապարակումներից հետո վերջին շրջանում վարորդները բացում են նաև երկրորդը, սակայն, փաստորեն ձայնագրությունում հրահանգողներին այդ փաստը դուր չի եկել:
Ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամները «Երևանի ավտոբուս» ընկերություն էին գնացել պարզաբանումներ ստանալու համար: Մեծ հիմնարկի դռներն ու դարպասները, սակայն, փակ էին, նրանց ոչ ոք չընդունեց:
«Փախել են», - ասաց ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը:
Օրվա ընթացքում «Ազատություն»-ը ևս մի քանի անգամ զանգահարեց «Երևան ավտոբուսի» խոսնակին, սակայն նրա հեռախոսը դարձյալ անհասանելի էր: Իսկ այս սկանդալի մասին լռող քաղաքապետարանն այսօր տեղեկացրել է կանաչապատման աշխատանքների, փողոցներից մեկում երթևեկության կարգի փոփոխության, աշակերտների հյուրընկակելու ու ձնամաքրման աշխատանքների մասին: Ո՛չ պաշտոնական հաղորդագրություններում ու ո՛չ էլ սոցցանցերի հրապարակումներում աղմկահարույց ձայնագրությանը որևէ անդրադարձ չկա: