Մատչելիության հղումներ

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ըստ հայկական կողմի՝ զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության արդյունքները, առաջիկա անելիքները ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:

Ռուսական կողմն, իր հերթին, նշում է, որ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ և որ քննարկվել են ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման հրատապ հարցեր, առաջին հերթին էներգետիկ ոլորտում, նշվել են ԵԱՏՄ շրջանակներում գործնական օգուտները, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության համար։

Կրեմլը նաև տեղեկացնում է, որ Փաշինյանը պարզաբանել է ԵՄ-ի հետ հարաբերությունների համատեքստում Երևանի վերջին քայլերը, իսկ Պուտինը տվել է համապատասխան մեկնաբանություններ և գնահատականներ։ Թե ինչ գնահատականների և մեկնաբանությունների մասին է խոսքը, Ռուսաստանի նախագահի գրասենյակը չի մանրամասնում։

Հայաստանը 2024-ի հունվարից 1 տարով ստանձնել էր ԵԱՏՄ նախագահությունը։ Այս տարվա հունվարին այն փոխանցվեց Բելառուսին։

Կառավարությունն անցած շաբաթ հավանություն տվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի նախագծին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ օրինագծի ընդունումը չի նշանակում Եվրամիությանն անդամակցություն՝ «այդ հարցով անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել»։

Մոսկվան արձագանքեց՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունն անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի ցանկության հետ։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մասնավորապես, ընդգծեց․ - «Երկու կառույցներն աշխատում են տարբեր սկզբունքներով, ազատ առևտրի տարբեր գոտիներ են»։

Հայաստանի լեգիտիմ իշխանության որոշումն է սկսել գործընթաց՝ միանալու ցանկացած միջազգային կառույցի, որտեղ սպասում են իրենց, սակայն, Լավրովի խոսքով, կառավարության, իշխանությունների պատասխանատվությունն է կշռել բացասական ու դրական կողմերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG