«Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության ղեկավար Գայանե Աբրահամյանը համաձայն չէ այսօր Մոսկվայում կայացած Լավրով-Միրզոյան հանդիպմանը հաջորդած գնահատականներին, թե միգուցե Հայաստանը նահանջում է հռչակած եվրաինտեգրման գործընթացից:
«Ես վստահ չեմ, որ դա նահանջի արդյունք է: Ըստ իս, ընդհանրապես Ռուսաստանի հետ հարաբերություններում մոտեցումը, որ Հայաստանը որևէ տեղ չուներ գնալու, [...] այս տրամադրությունը, որպեսզի դառնային հարաբերությունները որոշակիորեն գործընկերային, այսինքն՝ հասկանալի է, որ պետության մասշտաբը և նաև ձևավորված ավանդույթը, որպես այդպիսին, միշտ հարաբերությունները ուղղահայաց են եղել, բայց որպեսզի մի փոքր փոխվեին այդ հարաբերությունները, միշտ պիտի ցույց տալ, որ ունենք այլընտրանք: Հիմա, հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը, եվրոպական որոշակի ուղու հնարավորությունը ցույց տվեց, որ մենք ունենք այլընտրանք, և սա է նաև փոփոխության և մի փոքր, կարծում եմ, տրամադրության, բառամթերքի անգամ փոփոխության և տոնայնության իջեցման հարցը: Առողջացման, այսինքն՝ որոշակիորեն մի փոքր իրապես գործընկերային, կամ նորմալ պետությունների հարաբերություններ՝ դաշնակցային, բնականաբար, չի», - ասաց Աբրահամյանը «Ազատությանը» տված հարցազրույցում: - «Այսինքն, այդ տեսանկյունից ես մի փոքր այդ հոռետեսությունը չեմ կիսում, որ միանգամից մենք հետ ենք կանգնել, և այլն, բայց անգամ, գիտե՞ք, այսինքն, դա ևս գործիք է՝ հնարավորինս որոշակի պահանջներ դնելու»:
Ռուսաստանի արտգործնախարարն այսօր կրկին հիշատակեց եռակողմ հայտարարությունները և ասում էր, որ դրանք առավել քան ակտուալ են, բայց արդյոք ակտուալ է ռուսական միջնորդությունը այսքանից հետո. - «Ընդհանրապես ակտուալ չէ, և նաև այդ փաստաթղթերը ակտուալ չեն, կամ կարող են ակտուալ լինել, եթե այդ փաստաթղթերի մնացած դրույթները՝ ոչ միայն [2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության. - խմբ.] 9-րդ դրույթը հղում անեն, այլ մնացած դրույթները վերականգնվեն: Մինչդեռ հասկանում ենք, որ իրողություններն արդեն իսկ Արցախում այնպիսի անվերադարձ, կարծես թե, ցավալի ողբերգական պրոցեսով են անցել, որ այդ փաստաթուղթը բացարձակ ռելևանտ չէ իրականությանը», - ընդգծեց Աբրահամյանը:
«Այսինքն, փաստաթուղթը, ըստ էության, Արցախի և զինադադարի մասին է: Արցախի հարցում այլևս Ռուսաստանը որևէ վերահսկողություն չունի, և խոսել արդեն իսկ միայն 9-րդ կետի մասին, և ինձ համար ցավալիորեն զարմանալի է, որ Հայաստանի ներսում են նաև շատ դերակատարներ այդ մասին խոսում», - ասաց «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ ղեկավարը:
«Նրանք ասում են՝ դե 9-րդ կետը կատարենք, պայմանով, որ պահանջենք նաև մյուս կետերի կատարումը», - այս դիտարկմանն էլ Գայանե Աբրահամյանն արձագանքեց. - «Հասկանալի է, որ մյուս կետերի կատարումը ուղղակի չի կարող լինել: Եվ երկրորդ, երբ ասում են 9-րդ կետի կատարում, 9-րդ կետի կատարումը մեծ հաշվով նշանակում է վերահսկողությունը հանձնել ռուսական կողմին: Լաչինի միջանցքի վերահսկողությունը հանձնված էր ռուսական կողմին, ի՞նչ տեղի ունեցավ ժամանակի ընթացքում՝ հանձնվեց այդ վերահսկողությունն ադրբեջանական կողմին: Ո՞րն է երաշխիքը, որ Սյունիքի ճանապարհի վերահսկողությունը ևս ինչ-որ մի փուլում չի հանձնվի ադրբեջանական կողմին կամ թուրքական կողմին»:
«Բայց երբ հայ-ամերիկյան փաստաթղթում հստակ սևը սպիտակի վրա նաև գրված է «Խաղաղության խաչմերուկին» աջակցությունը, գրված է ճանապարհների ապաշրջափակումը տվյալ երկրների ինքնիշխանության իրավազորության ներքո և այլն, ունենալով արդեն իսկ այս փաստաթուղթը, ունենալով որոշակի հանձնառություն ամերիկյան կողմից, նորից բերել ռուսական ամբողջ նարատիվը հայաստանյան դաշտ՝ ցավալի է և անընդունելի», - ընդգծեց «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ ղեկավարը:
Աբրահամյանը կարծում է, որ Միացյալ Նահանգների հետ ստորագրված Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը «կարևորագույն փաստաթուղթ է, հայկական դիվանագիտության հաղթանակներից մեկը և կարևոր հանգրվաններից մեկը»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.