Մատչելիության հղումներ

Միրզոյանը հունվարի 21-ին կմեկնի Մոսկվա, կհանդիպի Լավրովին


Հունվարի 21-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։

Նախատեսված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով, հայտնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն՝ առանց այլ մանրամասներ նշելու:

ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ Լավրով-Միրզոյան հանդիպման օրակարգում նաև ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցության հարցն է:

«Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները մտքերի հանգամանալից փոխանակում կանցկացնեն ռուս-հայկական հարաբերությունների ողջ շրջանակի, ԵԱՏՄ-ի և եվրասիական տարածքում ինտեգրացիոն այլ ասոցիացիաների շրջանակներում համագործակցության և համաշխարհային օրակարգի արդի թեմաների շուրջ», - ասված է ռուսական կողմի հաղորդագրությունում։

Նշվում է, որ հանդիպման ուշադրության կենտրոնում կլինի նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռված կարգավորման հասնելու շեշտադրմամբ։

Պաշտոնական Մոսկվան հույս է հայտնում, որ նախարարների առաջիկա հանդիպումը կանցնի «կառուցողական ձևով, կնպաստի համագործակցության գործնական խնդիրների առաջխաղացմանը և կնպաստի Անդրկովկասում անվտանգության և կայունության ամրապնդմանը»։

Օրերս Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր հայտնել Միրզոյանի այցի մասին:

Միրզոյանի այցից մի քանի օր առաջ էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինն էին հեռախոսազրույց ունեցել: Ըստ Մոսկվայի՝ հեռախոսազանգը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:

Եթե Երևանը տարածած հաղորդագրությունում բավարարվել է միայն ընդհանուր տեղեկություններ հրապարակելով, ղեկավարները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի առաջիկա անելիքները, ինչպես նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, ապա Մոսկվան հաղորդել է՝ Փաշինյանը Եվրամիության հետ հարաբերությունների կոնտեքստում Երևանի վերջին քայլերն է պարզաբանել, Վլադիմիր Պուտինն էլ համապատասխան գնահատականներ ու մեկնաբանություններ է տվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG