Մատչելիության հղումներ

Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանն ու Ադրբեջանը սահմանին 3-րդ երկրների ուժեր չեն տեղակայի, հայցերը հետ կկանչեն. Փաշինյան


Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո դիտորդները դուրս կգան հայ-ադրբեջանական սահմանից, միջազգային ատյաններում միմյանց դեմ ներկայացված հայցերը հետ կկանչվեն։ Սրանք այն կետերն էին, որոնք ամիսներ շարունակ Բաքուն պահանջում էր համաձայնեցնել։

Չնայած Հայաստանն Ադրբեջանին առաջարկում էր ԵՄ դիտորդներին հանել միայն սահմանազատված հատվածներից, իսկ ամբողջությամբ միայն հայ-ադրբեջանական սահմանի ամբողջական սահմանազատումից հետո, այսօր «Ազատության» հարցին ի պատասխան վարչապետը նշեց՝ համաձայնագրի ուժ մեջ մտնելուց հետո կողմերը համաձայնել են իրենց ընդհանուր սահմանին երրորդ երկրի ուժեր չտեղակայել։

Հարցին, թե ինչո՞ւ Երևանը փոխեց դիտորդների վերաբերյալ դիրքորոշումը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մենք ըստ էության մեր նախապես հայտարարված դիրքորոշումը չենք փոխել, այսինքն փոխել ենք մեր ընկալումը տեքստի վերլուծության արդյունքում։

«Պատրաստ ենք սկսել քննարկումները ստորագրման ժամկետների և տեղի մասին»

ՔՊ նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետը հայտարարեց՝ «մենք պատրաստ ենք սկսել քննարկումները ստորագրման ժամկետների և տեղի մասին»:

«Մենք էդ տեքստում մեր հանրությունից ոչ մի գաղտնիք չունենք և ըստ էության հոդված-հոդված առանձին հրապարակվել է, չեմ կարծում, թե կարելի է ասել, թե հանրությունը բովանդակությանը ծանոթ չէ», - ասաց վարչապետը:

«Ադրբեջանի արտգործնախարարությունը որքան հասկացա հայտարարությամբ է հանդես եկել, որ երկկողմ ֆորմատով պատրաստ է քննարկումներ սկսել, իրենք իրենց պատկերացումներն ունեն, մենք՝ մեր պատկերացումները, ենթադրվում է, որ այդ քննարկումների ժամանակ կփորձենք պատկերացումները մոտեցնել», - նշեց Փաշինյանը:

Պատասխանելով երկու կետերի վերաբերյալ հարցին, որոնց շուրջ Հայաստանը համաձայնել է, Նիկոլ Փաշինյանն ասաց. - «Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետոյին, չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ մենք հիմա այդ հարցերով պետք է որոշ նյուանսների հետ կապված էլ քննարկում ունենանք»:

«Երկու հոդվածներից մեկը վերաբերում էր սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժեր չտեղակայելու հարցին, մյուսը միջազգային ատյաններից փոխադարձաբար հայցերը հետ վերադարձնելու և միմյանց նկատմամբ գործողություններ չիրականացնելուն: Այդ դրույթներն էլ որոշակի ոչ մեծ, բայց էվոլյուցիա են ապրել: Այն պահից, երբ ակնհայտ դարձավ, որ մեզ չի հաջողվում և չի հաջողվելու ունենալ իդեալական ձևակերպումներ այդ առումով, մենք նաև Անվտանգության խորհրդի ֆորմատով ենք քննարկել և եկել ենք այն եզրակացության, որ այս պահին առկա բովանդակությունը կարող է համարվել այն փոխզիջումային տարբերակը, որը կարող է ընդունելի լինել: Ըստ էության, այո, այս հանգամանքներում ընդունելի է Հայաստանի Հանրապետության համար», - նշեց Փաշինյանը:

Հարցին, թե ո՞րն է ադրբեջանական կողմի փոխզիջումը, վարչապետը պատասխանեց. - «Այս փուլում շատ կարևոր է, որ մենք միակողմանի ձևակերպումներ և հայտարարություններ չանենք: Եթե համաձայնություն է ձեռք բերվել, նշանակում է, որ ադրբեջանական կողմը մտածել է, որ այս տեքստը որոշակիորեն ձեռնտու է իրեն, ՀՀ-ն էլ որոշել է, որ նաև իրեն է ձեռնտու: Դրանք այն կոմպրոմիսներն են, որոնց մասին մենք հրապարակային խոսել ենք: Այո, մենք կայացրել ենք որոշում, որովհետև համարում ենք, որ սա կոմպրոմիսային տեքստ է, ինչպիսին և կարող է լինել խաղաղության համաձայնագիրը, այլ բանաձև խաղաղության համաձայնագիրը չի նախատեսում»:

Փաշինյանն ընդգծեց, որ խաղաղության համաձայնագրում միակողմանի ոչ մի դրույթ չկա. - «Խաղաղության համաձայնագրում չկա մի դրույթ, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը և չի վերաբերում Ադրբեջանին»:

Այսօր ավելի վաղ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը հաստատել էր «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։ Ադրբեջանի ատգործնախարարն էր հայտարարել, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վրա տարվող աշխատանքներն ավարտվել են, Երևանը ընդունել է բաց մնացած վերջին երկու կետերը»։

Սահմանադրության փոփոխության մասին

«Ազատության» հարցին՝ Սահմանադրության փոփոխության հետ կապված որևէ քննարկում Բաքվի հետ հայկական կողմն ունի՞, վարչապետն արձագանքեց. - «Ոչ, չունի դրա հետ կապված քննարկում»:

«Մենք կարծում ենք, որ առավել ևս Սահմանադրական դատարանի նախորդ տարվա որոշումից հետո ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի կամ որևէ այլ երկրի նկատմամբ: Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի Սահմանադրությունում կան տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, բայց այս բոլոր հնարավոր ընկալումների հետ կապված կա հիմա արդեն նոր իրողություն: Այդ նոր իրողությունը խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստի առկայությունն է: Իսկ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը բոլոր այդ մտահոգությունները հասցեագրում է, լուծում է», - ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց՝ «առաջիկա քննարկումներում կփորձենք Ադրբեջանի հետ խոսել այս հարցի վերաբերյալ և տեսնել՝ որն է նրանց դիրքորոշման հիմնավորումը»:

Հարցին էլ՝ մինչ օրս բանակցային սեղանի շուրջ Սահմանադրության հարց չի՞ քննարկվել Ադրբեջանի հետ, բայցի իրենց հրապարակային հայատարարություններից, վարչապետը պատասխանեց. - «Ասել են, որ խնդիր են տեսնում, մենք էլ ասել ենք, որ մեր ներքին հարցերը չենք քննարկում»:

Բաքուն գրեթե ամենօրյա ռեժիմով Հայաստանից պահանջում է փոխել մայր օրենքը, մասնավորապես, Սահմանադրությունից դուրս բերել Անկախության հռչակագրի հղումը, որտեղ խոսվում է Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին՝ պնդելով առանց Սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար կլինի:Հայ պաշտոնյաները նախ հակադարձում էին, թե դա երկրի ներքին գործն է, հետո նշում էին, թե խաղաղության պայմանագրի նախագծում համաձայնեցված դրույթ կա, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ ստանձնած պարտավորությունները չկատարելու համար:

Ինչ վերաբերում է Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդներին Փաշինայնն ասաց. - «Հայաստանը համաձայնել է այն դրույթին, որ խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո կողմերը չպետք է երրորդ երկրների ուժեր տեղակայեն իրենց ընդհանուր սահմանի երկայնքով»:

Գերիների մասին

Անդրադառնալով գերիների թեմային՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց. - «Մենք բոլոր հնարավոր տեղերում ու բոլոր հնարավոր ձևերով այդ հարցը բարձրացնում ենք, եթե չի լուծվել հարցը, դա նշանակում է, որ համաձայնություն չկա: Դա նշանակում է, որ ոչ թե Հայաստանի Հանրապետությունը չի բարձրացնում հարցը, այլ՝ չկա համաձայնություն»:

Ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG