Մատչելիության հղումներ

Դատարանը կարգադրել է USAGM-ին «Ազատություն» ռ/կ-ին հատկացնել դրամաշնորհային միջոցները ապրիլի համար


«Ազատություն» ռադիոկայանի կենտրոնակայանը, Պրահա, Չեխիա
«Ազատություն» ռադիոկայանի կենտրոնակայանը, Պրահա, Չեխիա

ԱՄՆ դաշնային դատարանը կարգադրել է ԱՄՆ Գլոբալ Մեդիայի գործակալությանը (USAGM) հատկացնել Կոնգրեսի կողմից հաստատված դրամաշնորհի ապրիլ ամսվա միջոցները «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին:

Դատավոր Ռոյս Լամբերտը ժամանակավոր արգելանքի որոշում է արձակել ապրիլի 29-ին, գրելով, որ հենց «Կոնգրեսն է որոշում կայացրել, որ քննարկվող միջոցները պետք է հատկացվեն «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին», և որ նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է այդ ֆինանսավորման մասին բյուջետային որոշումը։

«Այսօրվա որոշումը՝ ԱՄՆ Միջազգային մեդիայի գործակալությանը կարգադրող «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին տրամադրել Կոնգրեսի կողմից հատկացված տարեկան ֆինանսավորման մեկ ամսվա չափով միջոցները, նշանակում է, որ մեր լրագրողները կարող են շարունակել կատարել իրենց աշխատանքը՝ պատասխանատվության ենթարկելով բռնապետներին և բռնակալներին», - հայտարարել է ռադիոկայանի նախագահ և գործադիր տնօրեն Սթիվեն Կապուսը որոշման հրապարակումից հետո:

«Մենք հույս ունենք ստանալ ապրիլ ամսվա ուշացած վճարումը արագ, քանի որ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը ստիպված է եղել այս ամիս հարկադիր արձակուրդի ուղարկել աշխատակիցներին և կրճատել հաղորդումները տարածաշրջաններում, որոնք կարևոր են ԱՄՆ ազգային անվտանգության համար», - հավելել է նա:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը 1953-ին հիմնադրված անկախ մեդիա կազմակերպություն է, որը ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից՝ USAGM-ի միջոցով:

Մարտի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամը յոթ դաշնային գործակալությունները կրճատելու հրամանագիր ստորագրեց։ Կրճատման ենթակա գործակալությունների թվում նաև ԱՄՆ Գլոբալ մեդիա գործակալությունն է։ Հրամանի հրապարակումից ժամեր անց լրատվամիջոցները տարածեցին USAGM-ի նամակը, համաձայն որի՝ Կոնգրեսի հաստատմամբ հատկացվող դրամաշնորհը, որով ֆինանսավորվում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը, դադարեցվել է: Նամակը ստորագրել է Քերի Լեյքը, ով իր պաշտոնը նշում է որպես գործակալության գործադիր տնօրենի պաշտոնակատարի ավագ խորհրդական՝ օժտված տնօրենի պաշտոնակատարի կողմից պատվիրակված լիազորություններով:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Սթիվեն Կապուսը հայտարարել է, որ դրամաշնորհի համաձայնության չեղարկումը «հսկայական նվեր կլիներ Ամերիկայի թշնամիների համար»:

«Ազատություն»-ը ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալության դեմ հայց է ներկայացրել դատարան։ Լրատվամիջոցը պահանջել է դատարանից կանխել Կոնգրեսի կողմից «Ազատության»-ը տրամադրված դրամաշնորհը դադարեցնելու USAGM-ի փորձերը՝ հիմնավորման մեջ նշելով, որ դրամաշնորհի դադարեցումով դաշնային օրենք է խախտվել, այդ թվում՝ ԱՄՆ Սահմանադրությունը, որը Կոնգրեսին բացառիկ լիազորություն է տալիս դաշնային ծախսերի նկատմամբ:

XS
SM
MD
LG