Մատչելիության հղումներ

Դեռ սպասելով միջոցներին՝ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռ/կ-ը հարկադիր արձակուրդի է ուղարկում աշխատակիցներին և հայցում դատարանի պաշտպանությունը


«Ազատության» կենտրոնակայանը Պրահայում
«Ազատության» կենտրոնակայանը Պրահայում

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանն այսօր սկսել է հարկադիր արձակուրդի ուղարկել Պրահայի կենտրոնակայանի աշխատակիցներին, քանի որ ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալությունը (USAGM) չի ուղարկել Կոնգրեսի կողմից հատկացված ֆինանսավորումը:

Չնայած USAGM-ը մարտի 26-ին չեղարկել է ռադիոկայանի դրամաշնորհային համաձայնագրի դադարեցման մասին իր նամակը, մինչ օրս «Ազատությունը» չի ստացել Կոնգրեսի կողմից հատկացված միջոցները, և ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալությունը չի հաստատել «Ազատության» ապրիլ ամսվա ֆինանսական ծրագիրը:

Երեկ «Ազատ Եվրոպա/Ազատությունը» նոր միջնորդություն է ներկայացրել Վաշինգտոնի շրջանային դատարան՝ խնդրելով ապահովել, որ ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալությունը «Ազատությանը» տրամադրի Կոնգրեսի կողմից հատկացված միջոցները և հաստատի ռադիոկայանի ֆինանսական ծրագիրը։

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ և գործադիր տնօրեն Սթիվեն Կապուսն ասել է. «Մեր աշխատակիցներն ու նրանց ընտանիքներն են հիմա վճարում դրա գինը, մինչ «Ազատություն» ռադիոկայանը շարունակում է սպասել, թե երբ USAGM-ը մեզ կտրամադրի Կոնգրեսի հատկացրած միջոցները: Ավելի քան յոթ տասնամյակ «Ազատություն» ռադիոկայանն ԱՄՆ ազգային անվտանգության կենսական միջոց է եղել՝ պայքարելով գրաքննության դեմ՝ նորությունները հասցնելով միլիոնավոր մարդկանց աշխարհի ամենաճնշող հասարակություններում:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը կշարունակի մնալ դատարանում այնքան, մինչև մենք կստանանք բավարար երաշխիքներ, որ USAGM-ը կհետևի օրենքին և կտրամադրի Կոնգրեսի կողմից մեզ հատկացված միջոցները»:

X-ում Սթիվեն Կապուսը լուսանկար է հրապարակել և նշել. «Ազատության» հպարտ պատմության ամենադժվար օրերից մեկը»:

«Մենք ստիպված ենք հարկադիր արձակուրդի ուղարկել անձնակազմի մեծ մասին։ ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալությունը, չնայած հավաստիացումներին, շարունակում է չտրամադրել Կոնգրեսի կողմից հատկացված գործառնական միջոցները: Մենք եթերում ենք, բայց ծառայում ենք լսարանին կրճատված անձնակազմով և միջոցներով»:


XS
SM
MD
LG