Մարտի 26-ին ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալությունը (USAGM) տեղեկացրել է «Ազատ Եվրոպա/Ազատությունը» ռադիոկայանին, որ չեղարկում է իր նամակը, որով դադարեցվում էր «Ազատության» 2025 թվականի ֆինանսական տարվա դրամաշնորհային համաձայնագիրը, և հետևաբար համաձայնագիրը նորից ուժի մեջ է:
USAGM-ի ծանուցումը հաջորդում է ԱՄՆ Կոլումբիայի շրջանային դատարանի որոշմանը, որով բավարարվեց ռադիոկայանի միջանկյալ պահանջն ընդդեմ USAGM-ի՝ ԱՄՆ Կոնգրեսի կողմից «Ազատությանը» հատկացված ֆինանսավորման ապօրինի դադարեցման առնչությամբ: Դատավոր Ռոյս Լամբետը որոշել էր մինչև գործի վերաբերյալ բուն լսումները կասեցնել «Ազատություն» ռադիոկայանը փակելուն ուղղված քայլերը։ «Ազատություն» ռադիոկայանի հայցի պահանջն է, որ լրատվամիջոցը ստանա Կոնգրեսի՝ իրեն հատկացված մոտ 77 միլիոն դոլարը:
«Սա հուսադրող նշան է, որ «Ազատություն» ռադիոկայանի գործունեությունը կարող է շարունակվել, ինչպես Կոնգրեսն էր նախատեսում։ Մենք սպասում ենք USAGM-ի պաշտոնական հաստատմանը, որ դրամաշնորհային ֆինանսավորումն անհապաղ կվերսկսվի՝ հիմնվելով անցած գիշերվա նամակում արտահայտված մտադրության վրա: Մենք ցանկանում ենք ուղիղ խոսել USAGM-ի ղեկավարության հետ այն արտակարգ և ծախսերի առումով արդյունավետ աշխատանքի մասին, որը «Ազատություն» ռադիոկայանը կատարում է ամերիկացի ժողովրդի համար», - հայտարարել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ և գործադիր տնօրեն Սթիվեն Կապուսը՝ շեշտելով․ - «Այժմ «Ազատություն» ռադիոկայանի լռության ժամանակը չէ։ Միլիոնավոր մարդիկ մեզ են ապավինում փաստերի վրա հիմնված տեղեկատվություն ստանալու հարցում, մասնավորապես, այն վայրերում, որտեղ տարածված է գրաքննությունը: Մենք չպետք է դաշտը զիջենք մեր հակառակորդներին այն ժամանակ, երբ Ամերիկայի դեմ սպառնալիքներն աճում են»:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը 1953-ին հիմնադրված անկախ մեդիա կազմակերպություն է, որը ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից՝ USAGM-ի միջոցով: