Վաշինգտոնի դաշնային դատավորը հրահանգել է Թրամփի վարչակազմին գործադրել «բոլոր ողջամիտ ջանքերը»՝ վերականգնելու «Ամերիկայի ձայն»-ի աշխատակիցներին, ովքեր հեռացվել են կամ հարկադիր պարապուրդի ուղարկվել, ինչպես նաև շարունակել ԱՄՆ Գլոբալ մեդիայի երկու այլ լրատվամիջոցների՝ «Ազատ Ասիայի» (Free Asia) և Մերձավոր Արևելքի հեռարձակման (MBN) ֆինանսավորումը: Դատարանի որոշման մեջ ասվում է, որ վարչակազմը պետք է դադարեցնի «Ամերիկայի ձայն»-ը փակելու քայլերը:
Նախագահ Թրամփը մարտի կեսերին ԱՄՆ Գլոբալ ԶԼՄ-ների գործակալության (USAGM) կրճատման մասին հրամանագիր ստորագրեց, ինչից հետո գործակալության ժամանակավոր ղեկավարությունը սկսեց Կոնգրեսի կողմից USAGM-ի միջոցով ֆինանսավորվող լրատվամիջոցների գործունեությունը, այդ թվում՝ «Ամերիկայի ձայն»-ը և «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը դադարեցնելու գործողություններ: Արդյունքում, «Ամերիկայի ձայն»-ի ավելի քան 1000 աշխատակիցներ ուղարկվել էին վարչական արձակուրդի կամ կրճատվել, հեռարձակումները դադարեցվել էին՝ առաջին անգամ 1942 թվականի հիմնադրումից ի վեր:
USAGM-ը դեռևս չի արձագանքել դատարանի որոշմանը։
«Ազատությունն» էլ է դատական հայց ներկայացրել գործակալության դեմ, այն քննվում է նույն դատավորի կողմից, բայց դիտարկվում է առանձին։