Ընտրություններից վեց ամիս անց կենտրոնական իշխանության ու Գյումրիի քաղաքապետի սուր հակասությունների ֆոնին քաղաքային իշխանության ներկայացուցիչներն այսօր առաջին անգամ մասնակցում էին մարզխորհրդի նիստին: Բայց ոչ թե քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էր եկել, այլ՝ նրա առաջին տեղակալն ու աշխատակազմի ղեկավարը:
Վարդան Ղուկասյանի տեղակալ փեսայից՝ Ավետիս Առաքելյանից «Ազատություն»-ը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցին այս անգամ մասնակցել նիստին:
«Բայց ճիշտն ասած, առաջին անգամ ասելով ի նկատի ունենք, որ նոր ենք ստացել մենք էս անգամ, անցած անգամ էդպես տեղեկություններ չունեինք՝ չէր եկել մեզ գրությունը, չգիտեմ` ինչ պատճառով չէր հասել, թե չէ մենք չենք բացակայում, ոչ էլ արհամարհում ենք մարզպետարանը», - վստահեցրեց Առաքելյանը:
Երեկ Շիրակի մարզպետարանն ու Գյումրիի համայնքապետարանը իրենց պաշտոնական ֆեյսբուքյան էջերում իրար կարգի էին հրավիրում: Արդյո՞ք այդ մեղադրանքների ֆոնին փոխքաղաքապետի մասնակցությունը հաշտեցմանն ուղղված քայլ է: «Մեր աշխատանքային գործընթացն է, որը որևիցե լարվածության հետ, եթե լարվածությանը նայենք, այլուայլ աշխատանքներ էլ պիտի չկատարե՞նք», - եղավ պատասխանը:
Երեկ մարզպետարանը բավականին կոշտ հայտարարությամբ Գյումրիի քաղաքապետարանին հորդորել էր համայնքապետարանի կայքն ու սոցիալական էջերը ոչ թե անձնական ու կուսակցական շահերին ծառայեցնել, այլ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով տեղեկություն տրամադրել համայնքի արած-չարածից.
«Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական էջ» ֆեյսբուքյան էջն օգտագործում է որպես անձնական հարաբերությունների պարզաբանման ու քաղաքական գրագրությունների հարթակ, ինչն ինքնին անհարգալից վերաբերմունք է գյումրեցիների նկատմամբ, ովքեր ակնկալում են համայնքապետարանի էջում տեսնել արված աշխատանքի մասին տեղեկատվություն»։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ասում է՝ մարզպետարանը վերահսկողության լիազորություն ունի: Կառավարության որոշմամբ է սահմանված, թե ինչ բովանդակություն պետք է ունենան համայնքապետարանների կայքերը, բայց Գյումրիի համայնքապետարանը որոշել է «փոխել խաղի կանոնները»:
«Արդյո՞ք գյումրեցիները ուզում են իրենց քաղաքապետարանի էջում տեսնել անձնական նամակագրություններ կամ այլ քաղաքական ուժերի՝ երկրի ղեկավարին վիրավորող արտահայտություններով պաստառներ կամ հայտարարություններ: Վստահ եմ՝ չեն ուզում», - ասաց մարզպետը:
Չուշացավ նաև քաղաքապետարանի պատասխանը: «Շիրակի մարզպետի աշխատակազմը, որը վերածվել է կուսակցական օթևանի իշխող ուժի ներկայացուցիչների համար, թող զբաղվի իր ուղիղ պարտականություններով և չփորձի հիմա էլ տեղեկատվական ստրկատեր դառնալ», - հայտարարեցին քաղաքապետարանից:
Մարզպետ Դավիթ Առուշանյանն ասաց՝ իր համար ակնհայտ է, թե ում ձեռագիրն է, ինքը չի պատրաստվում պատասխանել քաղաքապետարանի հանրային կապերի պատասխանատուին. - «Ցավում եմ, որ Գյումրու քաղաքապետարանի էջը դարձել է Լիլիթ Աղեկյանի բլոգը, և պատասխանի մասով, էդ մասով՝ ես, գիտեք, որ Լիլիթ Աղեկյանին չեմ պատասխանում, ուղղակի դեղին կակաչներ եմ ուղարկում ամեն անգամ իրա գրառումներին»:
Վարդան Ղուկասյանի ու իշխանության հակասությունները վերջերս առավել սրվեցին, երբ Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետը դարձյալ պնդեց, թե Հայաստանը տեսնում է Ռուսաստանի հետ դաշինքում: Վարչապետը հաջորդիվ հայտարարեց, թե Հայաստանի ինքնիշխանության դեմ հանդես եկողները պետք է դուրս շպրտվեն հանրային ու քաղաքական դաշտից: Սա Ղուկասյանը քաղաքական հետապնդում է համարում ու բացատրություններ պահանջում Նիկոլ Փաշինյանից՝ պնդելով, թե հանրային դաշտից դուրս շպրտելը ֆիզիկական գոյությանը սպառնալիք է նշանակում, անգամ դիմել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին:
Առուշանյանը թեև ընդունում է՝ օտարերկրյա դեսպաններին դիմելու իրավունքը Ղուկասյանինն է, բայց չի հասկանում, թե ինչու. - «Ինչի՞ համար են դիմում, ի՞նչ, ռեպրեսիանե՞ր կան քաղաքապետի հանդեպ, ես չեմ տեսել: Եկեք ժամանակը մի քիչ հետ տանենք, եկեք ռեպրեսիաները հիշենք էն ժամանակները, երբ որ հաջորդ ընտրություններում Վարդան Ղուկասյանին թույլ չտվեցին մասնակցել ընտրություններին. էդ մասին ես չեմ ասում, էդ մասին պարոն Ղուկասյանն է ասում»:
Քրեական գործով մեղադրյալ Վարդան Ղուկասյանը պարբերարաբար հայտարարում է, որ իր համար ակնհայտ է իշխանությունների՝ իրեն պաշտոնանկ անելու սցենարը՝ մինչև 26 թվականի ընտրությունները իրեն կալանավորելու են, փոխքաղաքապետ փեսային պաշտոնանկ են անելու, ու ավագանու այլ անդամների իրենց կողմը ներգրավելով՝ իշխանությունը վերցնելու են Գյումրիում: Արդյո՞ք հենց այս սցենարով են փորձելու Գյումրիում իշխանությունը վերցնել, «Ազատություն-ը հետաքրքրվեց Շիրակի ՔՊ-ական մարզպետից:
«Հիմի որևիցե սցենար չկա, պարոն Ղուկասյանը ինչի մասին է խոսում՝ չեմ կարող ասել, գուցե ինքը ինֆորմացիաներ ունի: Մենք նման սցենար չունենք, մենք նման ձեռագրով չենք առաջնորդվում», - վստահեցրեց Առուշանյանը:
Հոկտեմբերի 25-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կհրապարակի միանգամից երկու եզրակացություն՝ արդյո՞ք Գյումրիի քաղաքապետի՝ փեսային տեղակալ նշանակելու որոշման մեջ շահերի բախում կա, իսկ փեսան էլ արդյո՞ք խախտել է Հանրային ծառայության մասին օրենքը ու աներոջ ենթակա նշանակվել:
Ավետիս Առաքելյանը ստացել է հանձնաժողովի գրությունը:
«Իրավաբանները զբաղվում են, ոչ մի խնդիր չեմ տեսնում էդտեղ», - հայտարարեց փոխքաղաքապետը՝ հավաստիացնելով, թե մտավախություն չունի, որ իրեն կարող են պաշտոնանկ անել. - «Ոչ, ոչ, ոչ, մենք մնալու ենք, երկար ենք մնալու»:
Վարդան Ղուկասյանն, ըստ ամենայնի, առաջիկա օրերին նաև քրեական ոստիկանության գլխավոր վարչություն կհրավիրվի, քանի որ ուսումնասիրվում է նրա՝ «Քաղաքացիական պայմանագրի» կողմից ընտրակաշառք բաժանելու մասին հայտարարությունը: