Մատչելիության հղումներ

«Մեր գումարները չեն տալիս, պատրաստվում եմ կառավարությանը դատի տալ». Վարդան Ղուկասյան


Գյումրիում քաղաքային իշխանությունը մտադիր է Սահմանադրական դատարան դիմել՝ վիճարկելու անցած տարվա պետական բյուջեի հոդվածներից մեկի սահմանադրականությունը:

Վերջնական նպատակն է ավելի շատ գումար ստանալ կառավարությունից համայնքի վճարած եկամտահարկի մասով: Հարցն ընդգրկված է ավագանու առաջիկա՝ հոկտեմբերի 16-ի նիստի օրակարգում:

«Մոտ օրերս էլ պատրաստվում եմ ՀՀ կառավարությանը դատի տալ: Անկախությունից հետո նման քաղաքապետ չի եղել էս երկրում, որ կառավարությանը դատի տա: Որ 85 միլիարդ դրամ Գյումրի քաղաքից տանում են Հանրապետական բյուջե, հետ են վերադարձնում 4 միլիարդը: Իրենք պետք է Գյումրի քաղաքին տան 27 միլիարդ, մինչև 30 միլիարդ դրամ: Մեր գումարներն իրենք չեն տալիս, այդ գումարների համար ես պիտի դատի տամ», - հայտարարեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

Գյումրի քաղաքապետը դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ էր հայտարարում, թե ընտրվելուց հետո լինելու է առաջին համայնքապետը, որ կառավարությանը դատի է տալու ու Գյումրիից հավաքագրվող եկամտահարկից ավելի շատ գումար հետ պահանջելու: Այդ մասին նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էր Ղուկասյանին հուշել ու իր վերլուծությունը ներկայացրել:

«Գյումրի համայնքի տարածքում ձևավորվում են հարկային եկամուտներ, չհաշված առանց ավելացված արժեքի հարկի, 2024 թվականին Գյումրի համայնքի տարածքում ձևավորված հարկային ռեսուրսները կազմել են 85 միլարդ դրամ: 85 միլիարդ դրամից համայնքի տնօրինությանը թոնվել է 3,5 տոկոս: Այսինքն՝ ինչ է ստացվում, փոխանակ մենք ասենք՝ համայնք, առ քո բյուջեն, ամբողջը խլում տանում ենք, հետո ասում են՝ դե արի խնդրի, մի «թուլափայ» կտանք: Սա դեմ է տեղական ինքնակառավարման մասին տրամաբանությանը: Ի՞նչ խնդիր կարող է լուծի մի համայնք, որին տալիս են իր կողմից արտադրված եկամտի ընդամենը 3 տոկոսը», - նշել էր Հրանտ Բագրատյանը:

Ղուկասյանը և՛ իր հարցազրույցներում, և՛ ավագանու նիստերին ամեն անգամ հիշեցնում էր իր մտադրության մասին, բայց մինչև հիմա գործնական քայլեր չէր արել: Իսկ ի՞նչ է գրված պետական բյուջեի այն հոդվածում, որի Սահմանադրությանը համապատասխանությունը ցանկանում է պարզել Վարդան Ղուկասյանը. «Համայնքների բյուջեներին «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 86-րդ հոդվածով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 73-րդ հոդվածով եկամտային հարկից և շահութահարկից նախատեսված մասհանումները 2024 թվականի բյուջետային տարում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չեն կատարվում»:

ՍԴ-ում դիմումը ներկայացնելու ու պաշտպանելու համար նաև իրավաբանական թիմի մրցույթ կհայտարարվի, որի համար առավելագույն շեմ 6 մլն դրամ է սահմանվելու: Այսինքն՝ ավագանին պետք է նախ հաստատի՝ դիմեն ՍԴ, թե՞ ոչ, հետո տեղական բյուջեից իրավաբանների համար գումար հատկացնի: Համայնքապետարանից այս պահին որևէ հավելյալ մեկնաբանություն չցանկացան տալ: Գյումրիի ավագանիում ընդդիմադիր դաշտում դիրքավորված ՔՊ-ից ևս. ասացին՝ իրավաբանական թիմի հետ քննարկում են՝ հասկանալու արդյո՞ք ՍԴ դիմելու հիմք կա, թե ոչ:

Բայց արդեն կարելի է ենթադրել, որ հենց այս հարցը թերևս ամենաթեժը կքննարկվի ավագանու առաջիկա նիստում: Վերջին շաբաթներին Ղուկասյանի ու կենտրոնական իշխանության հարաբերություններն էլ ավելի են սրվել: Այն բանից հետո, երբ Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետը դարձյալ պնդեց, թե Հայաստանը տեսնում է Ռուսաստանի հետ դաշինքում, վարչապետը հայտարարեց, թե Հայաստանի ինքնիշխանության դեմ հանդես եկողները պետք է դուրս շպրտվեն հանրային ու քաղաքական դաշտից: Սա Ղուկասյանը քաղաքական հետապնդում է համարում ու բացատրություններ պահանջում Նիկոլ Փաշինյանից:

Վերադառնալով Սահմանադրական դատարան դիմելու մտադրությանը՝ Գյումրիի քաղաքապետը ամեն անգամ ավագանու նիստերին հիշեցնում է, որ ներկայիս՝ 9 մլրդ դրամանոց բյուջեով բազմաթիվ խնդիրներ ունեցող քաղաքի հոգսերը չես լուծի: Նույնիսկ պարբերաբար համեմատում է, որ Գյումրիից ավելի փոքր քաղաքները ավելի շատ դոտացիա են ստանում:

«Գյումրիին տալ 4 միլիարդ 500 միլիոն, Արտաշատին 6 միլիարդ դրամ, սա խայտառակություն է, ընդհանրապես ուղեղիս մեջ չի մտնում: Մասիսին տալիս են 4 միլիարդ 200 միլիոն», - ասում է Գյումրիի քաղաքապետը:

Ղուկասյանը նաև պարբերաբար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն է դիմում, թե այս հարցում իրենց կողքին լինեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG