Կաշառք ստանալու համար մեղադրվող Գյումրիի քաղաքապետը կալանավորվեց երկու ամսով, համայնքի ղեկավարի լիազորություններն էլ կասեցվեցին:
Հակակոռուպցիոն դատարանը Վարդան Ղուկասյանի խափանման միջոցի հարցը քննել է ամբողջ գիշեր, որոշումն առավոտյան հրապարակվեց, փաստաբան Զարուհի Փոստանջյանը դատավորի որոշման մանրամասներին դեռ ծանոթ չէր, սպասում են ամբողջական տեքստին, որպեսզի բողոքարկեն, ձեռքին միայն դատարանի երկու էջանոց որոշման մի թուղթ էր:
Հակակոռուպցիոն կոմիտեն, իրենց պնդմամբ, կոռուպցիոն հանցագործության բացահայտման մասին երեկ հայտարարեց, սրան զուգահեռ ուժայինները մտան Գյումրիի քաղաքապետարան ու ժամեր անց ձերբակալեցին Վարդան Ղուկասյանին:
Իրավապահները հայտարարում են, թե Ղուկասյանն ու քաղաքի գլխավոր ճարտարապետը ապամոնտաժման ենթակա շուրջ 1500 քառակուսի մետր մի ինքնակամ շինություն օրինականացնելու համար 4 միլիոն դրամ կաշառք են պահանջել: Հակակոռուպցիոնը ձայնագրություններ է հրապարակել, որոնցում ենթադրաբար լսվում է քաղաքապետի ու նրա ենթակայի խոսակցությունն այս թեմայի շուրջ:
Ղուկասյանը մեղադրանքը չի ընդունում, պաշտպանությունը գործը քաղաքական հետապնդում է որակում. «Նա ընդդիմություն է ներկայացնում, այսինքն չի՞ հասկանում, որ էդ իր գործողությունները էժան է, խոշորացույցի տակ ինքը պետք է նման գործարքների մե՞ջ մտներ, դա բացառվում է, ակնհայտ է, որ պատվեր է, և պատվեր է, և պատվերը գալիս է գիտեք՝ ումից, էն, ով հրապարակեց հոկտեմբերի 1-ին սպառնալիքներ և ցուցումներ»: