Մատչելիության հղումներ

Փաստաբանական թիմը կասկածներ ունի, թե Սպարտակ Ղուկասյանին պատրաստվում են կալանավորել

Լրացված

Սպարտակ Ղուկասյան, արխիվ
Սպարտակ Ղուկասյան, արխիվ

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը մոտ մեկ ամիս է տնային կալանքի տակ է՝ շորթման հարկադրելու մեղադրանքով: Կրտսեր Ղուկասյանի փաստաբանական թիմը կասկածներ ունի, որ իրենց պաշտպանյալին կալանավորելու հիմքեր են նախապատրաստվում՝ խափանման միջոցի պայմանների ենթադրյալ խախտման համար: Այնինչ, նրանց պնդմամբ, Սպարտակ Ղուկասյանը տնային կալանքը չի խախտել.

«Սպարտակ Ղուկասյանը երբևէ չի խախտել իր նկատմամբ կիրառված՝ «տնային կալանք» խափանման միջոցի պայմանները։ Ավելին՝ ՀՀ պրոբացիայի ծառայության կողմից ևս արձանագրվել է, որ Սպարտակ Ղուկասյանի վարքագծի հսկողության համար կիրառվող էլեկտրոնային սարքերը ունեն խնդիր, մասնավորապես՝ վերջինիս բնակության հասցեում՝ որոշակի հատվածներում, առաջանում է կապի կորուստ։ Հենց այս հանգամանքն էլ, հավանաբար, փորձ կարվի ներկայացնել որպես խափանման միջոցի խախտման հիմնավորում»:

Կրտսեր Ղուկասյանի տնային կալանքի որոշումը բողոքարկել են թե' մեղադրող, թե' պաշտպանական կողմը. մեկը պահանջում է բանտային կալանք կիրառել, մյուսը՝ կալանքն ընդհանրապես վերացնել: Վերաքննիչ դատարանն առաջիկայում կհրապարակի որոշումը: Հատկապես վերջին օրերին տնային կալանքի խախտման մասին զանգերը հաճախակի են դարձել, ասում է փաստաբանը, մեկին ինքն է ներկա եղել. - «Սպարտակ Ղուկասյանը իր տան մեջ՝ հաճախակի զանգեր են գալիս պրոբացիայի ծառայությունից, որ իբր ինքը տանից դուրս է եկել: Ընդ որում՝ մեկ անգամ անգամ ես եմ իրենց տանը եղել, երբ էդ զանգը եկել է»:

Ղուկասյանի տանը կապի խնդիրն, ըստ Արամայիս Հայրապետյանի, նաև պրոբացիոն ծառայությունն է արձանագրել ու արձանագրություն կազմել. - «Օրինակ երեկ չէ առաջին օրը պրոբացիայի ծառայությունը եկել է ստուգելու համար, թե կապի հետ կապված խնդիր կա, թե չկա, և ֆիքսվել է, որ Սպարտակ Ղուկասյանը իրենց բակում, այսինքն՝ տան դիմացի բակում, ոչ թե դրսում, որտեղ որ թույլատրված է, կանգնած, կապի կորուստ է եղել, չի ֆիքսել, որ ինքը ներկա է, ցույց է տալիս, որ իբր տարածքից դուրս է եկել՝ այն դեպքում, երբ ինքը տան մեջ է, իրենց բակում կանգնած է: Եվ բակի մի քանի հատվածներում նման պրոբլեմներ են ֆիքսվել»:

«Երբ որ իրենք տեղյակ են էդ ամեն ինչի մասին, հիմա մենք չգիտենք՝ իրենց մոտ իրոք կապի խախտում է տալի՞ս, թե՞ ուղղակի ձևականորեն ահազանգեր են ձևակերպում, որպեսզի հետագայում ասեն՝ խափանման միջոցի պայման է, փոփոխելու: Մեր ապահովության համար էր անհրաժեշտ, որ նրանք գային իրենք համոզվեին, որ կապի հետ կապված խնդիր կա», - նշեց Հայրապետյանը:

Առավել անհանգստացնող են ոստիականների վաղ առավոտյան Ղուկասայնների տուն հաճախակի այցերը: Իսկ ե՞րբ կարող է ոստիկանն այցելել ի՞նչ կարգ է սահմանված:

«Ամբողջ խնդիրն էն է, որ իրենք չունեն էդ իրավունքը: Եթե անձը դուրս է եկել տարածքից, և պրոբացիայի ծառայությունը էդ ֆիքսել է, պրոբացիայի ծառայությունը պետք է ուղարկի քննիչին: Բայց ոստիկանության ծառայողը առավոտ 6-ին, բնականաբար, իրեն ոչ ոք չէր էլ կարող Քննչականից ասել, որ խախտում է եղել կամ չի եղել: Մեր համար առնվազն ողջամիտ կասկածն էն է, որ դա մարդկանց լարվածության մեջ պահելու համար է արվում, չկա որևէ այլ տրամաբական պատճառաբանություն», - ասաց փաստաբանը՝ շարունակելով. - «Ոստիկանը [այդտեղ] անելիք կարող է ունենալ քննիչի հանձնարարության դեպքում, բայց կոնկրետ էս պարագայում քննիչի որևէ հանձնարարություն չի եղել, երբ ոստիկանները եկել են»:

Իր վերջին հարցազրույցում Վարդան Ղուկասյանը ևս մտահոգություն էր հայտնել, պատմեց, թե գիշերը ժամը 4-5-ի սահմաններում նույնիսկ իրենց տան դուռն են թակել, այնինչ որդին բոլորովին այլ հասցեում է բնակվում:

«Երեկ էլ ժամը գիշերը 4-ին-5-ին ոստիկանները գալիս են տուն՝ մեր տուն, տղաս ինձանից առանձին է ապրում, գալիս են ժամը 4-ին-5-ին, նայում են, թե տունն ես, թե տունը չես: Էդ ոտքի բանը քցածը ամեն ինչ երևում է, կարող է ասի՝ «հանկարծ դուռ չբացեք, որ մի բան չանեք, ասեք, որ ներսն եմ ու վերջ», - հայտարարել էր Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետը:

Վարդան Ղուկասյանը համոզված է՝ որդու դեմ քրեական վարույթը նոր թափ ստացավ, քանի որ նա մասնակցել էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավարությանը: Պատահական չի համարում, որ իրավապահները դրանից օրեր անց հիշեցին դեռ մեկուկես տարի առաջ հարուցված քրեական վարույթի մասին:

Վարդան Ղուկասյանի ու իշխանության հակասությունները վերջերս առավել սրվեցին, երբ Գյումրիի քաղաքապետը դարձյալ պնդեց, թե Հայաստանը տեսնում է Ռուսաստանի հետ դաշինքում: Վարչապետը հաջորդիվ հայտարարեց, թե Հայաստանի ինքնիշխանության դեմ հանդես եկողները պետք է դուրս շպրտվեն հանրային ու քաղաքական դաշտից:

Իշխանականները հաստատակամ են քրեական գործով մեղադրյալ Ղուկասյանին հեռացնելու իրենց հայտարարություններում, բայց չեն բացահայտում, թե ինչպես են դա անելու: Ինքը՝ Ղուկասյանը, որ հիմա քրգործով բացակայելու արգելք ունի, կարծում է, որ իրեն ևս ի վերջո կկալանավորեն:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG