Մատչելիության հղումներ

Չբացահայտված «Մարտի 1»


«Երբեք չեմ ասել ամբողջությամբ». Փաշինյանը՝ «Մարտի 1-ի» բացահայտման իր հայտարարությունների մասին

10 զոհ, մի քանի տասնյակ վիրավորներ և ոչ մի պատժված: Սա 2008-ի հետընտրական իրադարձությունների քննության պատկերն է: Չնայած խոստումներին՝ անցած 17 տարիների ընթացքում ոչ նախկին, ոչ էլ գործող իշխանությունները չբացահայտեցին «Մարտի 1-ի» հանցագործությունը:

Եթե 2018-ին վարչապետ Փաշինյանն ասում էր, թե «Մարտի մ»-ն ամբողջությամբ բացահայտված է, ապա յոթ տարի անց, ըստ էության, հերքեց ինքն իրեն, ավելին՝ խոստովանեց՝ կբացահայտվի այնքանով, որքանով դա հնարավոր կլինի:

«Երբեք չեմ ասել ամբողջությամբ, ամբողջությւամբ բառը չեմ օգտագործել, - նշեց վարչապետը և ասաց, - գործերը պետք ա բացահայտվեն էնքան, ինչքան դա հնարավոր ա բացահայտել, օբյեկտիվորեն ինչքա՞ն ա հնարավոր բացահայտել: Ինչքան հնարավոր ա բացահայտել, էնքան պետք ա բացահայտվի»:

Վարչապետը, որ այսօր առավոտյան հարգանքի տուրք մատուցեց հետընտրական իրադարձությունների զոհերի հիշատակին, միևնույն ժամանակ հավաստիացրեց՝ «Մարտի 1»-ի բացահայտումը իրավապահների առջև դրված խնդիրներից մեկն է:

«Տեղի է ունեցել հետևյալը՝ բռնի ուժով, բանակի ներգրավմամբ, հանցավոր խմբավորումների ներգրավմամբ, ապօրինի զինված խմբավորումների ներգրավմամբ տեղի է ունեցել քաղաքացիական բողոքների ճնշում ու տեղի են ունեցել սպանություններ: Էս ամեն ինչը պետք է ընթացք ստանա, իրավական գնահատական ստանա», - նշեց վարչապետը:

Սարգիս Քլոյանը հույս ունի՝ մեղավորները բանտերում կհայտնվեն

17 տարի առաջ այս օրը 28-ամյա որդուն կորցրած Սարգիս Քլոյանը տարիներ է անցկացրել քննչականներում ու դատարաններում: Բախտակից ծնողների հետ անուն առ անուն ճանաչում է գործը տարբեր փուլերում քննած քննիչներին, դատախազներին, անգիր գիտի որդու սպանության գործը: Հույս ունի, որ մի օր մեղավորները բանտերում կհայտնվեն:

«Գործը կարող է ավարտվել մեղադրական եզրակացությամբ, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելով կամ առիթը կարճելով, այս պահի դրությամբ ձեզ հուզող դրվագներով այդ որոշումներից որևէ մեկը կայացնելու հիմքեր չունենք, հետևաբար քննությունը շարունակելու ենք այնքան, մինչև դրական արդյունքներ ունենանք», - նշել է դատախազ Հայկ Հովհաննիսյանը:

«Մարտի 1»-ի գործը հսկող դատախազ Հայկ Հովհաննիսյանը դեռ մեկ տարի առաջ էր ասել՝ սպանությունները բացահայտելու ուղղությամբ քննությունը շարունակվում է, բայց և նկատել էր՝ ժամանակն արել է իր գործը. - «Ժամանակը հոսում է և հոսել է նախկինում, վաղեմության ժամկետները լրացել են, այստեղ բախվելու խնդիր չկա, ժամանակը գնացել է, անցել է»։

Վաղեմության ժամկետները լրացել են Քլոյանի որդու և ևս երկու զոհերի դրվագներով: Ու թեև հայտնի են «Չերյոմուխա 7» - ով նրանց կյանքը խլած ոստիկանները, բայց միևնույն է՝ գործը փակվել է, նրանք էլ՝ ազատության մեջ են: Մյուս 7 զոհերի սպանության գործերը դեռ քննիչների դարակներում են՝ անհայտ ելքով:

Փաշինյանը 2023 թվականին ևս հայտարարել էր, թե մարտի մեկը բացահայտված է, բայց, ի տարբերություն 2018-ի, արդեն խոսում էր ապացուցման դժվարությունների մասին:

«Որ «Մարտի 1»-ը բացահայտված է առնվազն մինչև կատարողների մակարդակ, այսինքն, բուն կատարողները հայտնի չեն, իսկ մնացած շղթաները ոնց են աշխատել, իհարկե, բացահայտված է», - ասել է նա:

Փաշինյանի այս հայտարարությունից ամիսներ անց փակվեց հատուկ միջոցով՝ «Չերյոմուխա 7»-ով քաղաքացիներին սպանելու համար մեղադրվող ոստիկանների գործը:

Փաշինյանն իր հայտարարությունն արել էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների արդարացումից հետո: Մի որոշում, որը, սակայն, ուժի մեջ չմտավ: Վճռաբեկը բեկանեց այն ու ուղարկեց նոր քննության: Նոր դատարանում դատախազ Հայկ Հովհաննիսյանը Քոչարյանին ու մյուսներին նոր՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հոդվածով մեղադրանք ներկայացրեց:

Ամիսներ առաջ վերաբացված դատավարության հենց սկզբից Քոչարյանն ու նրա նախկին երեք ենթակաները շարունակում են պնդել՝ ոչ միայն մեղք չունեն մարտյան արյունալի իրադարձությունների համար, այլև Սահմանադրական դատարանն է անվավեր ճանաչել իրենց վերագրվող սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածը, իսկ դա մեկ բան է նշանակում՝ վերաբացված գործով դատավորը ընդամենը պետք է արդարացնի իրենց:

Արդյոք նոր մեղադրանք առաջադրելն իմաստ ունե՞ր: Դեռ ամիսներ առաջ գլխավոր դատախազն էր ընդունել՝ եթե նույնիսկ նախկին նախագահն ու մյուս բարձրաստիճանները մեղավոր ճանաչվեն, պատասխանատվության չեն ենթարկվի ենթադրյալ հանցանքի վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառով: Այդ դեպքում ո՞րն է այս նոր դատավարության նպատակը, իրավապահները չեն մանրամասնում: Ռոբերտ Քոչարյանն էլ դեռ չգիտի՝ կհամաձայնի՞ վաղեմության ժամկետին, թե՞ կգնա մինչև վերջ. նախկին նախագահը արդարացում է պահանջում:

XS
SM
MD
LG