Մատչելիության հղումներ

Միջադեպեր Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով դատական նիստին


Դատական նիստը, 25-ը փետրվարի, 2025թ.
Դատական նիստը, 25-ը փետրվարի, 2025թ.

Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց Մարտի 1-ի գործով դատավարությունը: Մինչ փաստաբաններն իրենց դիրքորոշումը կհայտնեին նոր մեղադրանքի վերաբերյալ, մի քանի միջադեպ տեղի ունեցավ:

Առաջինը կապված էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա փաստաբանների հետ՝ նրանք դժգոհեցին, որ անընդհատ շեշտվում է մեղադրյալ արտահայտությունը, բայց դատարանում որևէ մեղադրյալ չկա՝ հիշեցնելով, որ իրենց վերագրվող հոդվածը տարիներ առաջ ճանաչվել է հակասահմանադրական, հետևաբար չկա նման հոդված, և չկա մեղադրյալ:

Մյուս միջադեպը կապված էր Սեյրան Օհանյանի հետ: Նրա փաստաբան Կարեն Մեժլումյանը ներկայացրեց, որ որևէ տեղ գրված չէ, որ Օհանյանը պատգամավոր է, մինչդեռ, շեշտեց՝ դա շատ կարևոր է, քանի որ թե՛ Օհանյանը, թե՛ Արմեն Գևորգյանն ունեն անձեռնմխելիություն:

Սեյրան Օհանյանն իր ելույթում հայտարարեց, որ իր և Արմեն Գևորգյանի հետ կապված նոր մեղադրանքը հակաօրինական է, ապա նորից անդրադարձավ անձեռնմխելիությանը: Երբ նրա փաստաբան Մեժլումյանը նշում էր, որ որևէ տեղ գրված չէ, որ Օհանյանը պատգամավոր է, Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները սկսեցին ժպտալ: Դա դուր չեկավ դատավորին, հարցրեց, թե ինչի՞ վրա են ժպտում:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը ևս անդրադարձավ այս նոր մեղադրանքին, որն առնչվում է պաշտոնեական լիազորություններն անցնելուն: Արամ Վարդևանյանը հղումներ արեց մեղադրանքի ներկայացրած եզրակացություններին, հետ գնաց 2008թ., ապա հայտնեց իրենց դիրքորոշումը, այն է՝ որևէ հանցագործություն թե՛ Քոչարյանը, թե՛ մյուսները չեն արել:

«Մեծ ողբերգություն է, որ 2008թ. մարտի 1-ին մենք 10 զոհ ենք ունեցել: Բայց ինչո՞ւ երբեք չի սկսվում այդ նախադասությունը, որ սկզբից ոստիկան է զոհվել, ոստիկան: Խաղաղ ցուցարարը կարո՞ղ է ոստիկանի մահվան հանգեցնել, թե՞.... մեքենա այրել, երկաթյա ձողերով զինվելն է այդ ամեն ինչի ...: Կարող ենք ֆիքսել մի բան՝ փորձ է արվում մեղադրական եզրակացությունն ամբողջությամբ փոխել», - ասաց նա:

Ապա դատարանը նկատողություն արեց Ռոբերտ Քոչարյանին, ասելով, թե ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորել դատական նիստերի դահլիճում:

«Տեսական ադեկվատության խնդիր ես իսկապես տեսնում եմ: Չշարժվեք, չշնչեք, չծիծաղեք, էլ ի՞նչ չանենք: Ես առաջարկում եմ հաջորդ նիստին բոլորս դիմակներով գանք», - արձագանքեց նախկին նախագահը:

Տարիներ առաջ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել Ռոբերտ Քոչարյանին և նրա նախկին երեք ենթականերին առաջադրված մեղադրանքը՝ սահմանադրական կարգի տապալումը: Դրանից հետո արդեն առաջին ատյանի դատարանը արդարացրեց նրանց, բայց արդարացման որոշումն այդպես էլ ուժի մեջ չմտավ: Վճռաբեկ դատարանը երկուսուկես տարի քննելուց հետո գործը ուղարկեց հետ նոր քննության արդեն Հակակոռուպցիոն դատարան:

XS
SM
MD
LG