Մատչելիության հղումներ

Դատախազությունը նոր մեղադրանք առաջադրեց Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործով


Գլխավոր դատախազությունը 2008 թվականի Մարտի 1-ի գործով նոր մեղադրանք առաջադրեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Նախկին բարձրաստիճանի զինվորական, այժմ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մեղադրվում է ուժի գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար:

Հակակոռուպցիոն դատարանում այս պահին ընթանում է դատական նիստը, որին ներկա են նաև երեք նախկին պաշտոնյաները՝ Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը, Արմեն Գևորգյանը:

Արդարացումից երեք տարի անց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա նախկին երեք բարձրաստիճան ենթակաները կրկին կանգնեցին դատարանի առջև։ Վճռաբեկ դատարանը բեկանել էր դեռ ուժի մեջ չմտած արդարացման վճիռն ու գործն ուղարկել Հակակոռուպցիոն քրեական դատարան՝ նոր քննության։

2018-ի հեղափոխությունից հետո10 մարդու կյանք արժեցած հետընտրական արյունալի իրադարձությունների գործով սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրանք էր առաջադրվել Քոչարյանին ու մյուսներին։ Նրանց փաստաբանները, սակայն, շարունակաբար պնդում էին, որ այդ հոդվածը հակասահմանադրական է։ Նույնը եզրահանգել էր Սահմանադրական դատարանը, ինչից հետո գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանն արդարացրել էր ամբաստանյալներին՝ ոչ թե ապացուցելով նրանց անմեղությունը, այլ հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի որոշումը:

Այն ժամանակ դատախազ Գևորգ Բաղդասարյանն ասել էր՝ եթե անգամ Քոչարյանին մեղսագրվող հոդվածը հակասահմանադրական է ճանաչվել, միևնույն է, դա չի նշանակում, որ վերացել է 2008-ին 10 մարդու կյանք խլած իրադարձությունների մասով նախկին նախագահի պատասխանատվությունը։

XS
SM
MD
LG