Մատչելիության հղումներ

Արդարացումից երեք տարի անց Քոչարյանն ու մյուսները կրկին կկանգնեն դատարանի առջև


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Արդարացումից երեք տարի անց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա նախկին երեք բարձրաստիճան ենթակաները՝ Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը և Արմեն Գևորգյանը, 2008-ի մարտի 1-ի գործով դարձյալ կկանգնեն դատարանի առջև։ Վճռաբեկ դատարանն օրերս բեկանել է դեռ ուժի մեջ չմտած արդարացման վճիռն ու գործն ուղարկել Հակակոռուպցիոն քրեական դատարան՝ նոր քննության։ Դեռ պարզ չէ, թե որ դատավորին կմակագրվի այս գործը, և երբ կսկվի դատավարությունը։

«Սա ավելի շուտ քաղաքականություն է, որտեղ օգտագործվում է իրավաբանությունը՝ որպես միջոց խնդիրները լուծելու համար», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Գլխավոր դատախազությունն, ըստ ամենայնի, Քոչարյանին ու մյուսներին նոր հոդվածով մեղադրանք կառաջադրի՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ Բայց նրանք անգամ մեղավոր ճանաչվելու դեպքում չեն ազատազրկվի՝ ենթադրյալ հանցանքի վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։

Մարտի 1-ի գործին արդեն 16 տարի հետևող իրավապաշտպան Վարդան Հարությունյանը տպավորություն ունի, որ իրավական հետևանք չունեցող այս քայլն արվեց ոչ թե Քոչարյանին ու մյուսներին դատելու, այլ հենց իշխանության համար, որ ցույց տան, թե կատարում են իրենց խոստումները։

«Ե՛վ Մարտի 1-ի գործը, և շատ գործեր փորձում են ուղղակի օգտագործել իրենց քաղաքական նպատակների համար: Հատկապես որ առջևում ընտրությունների տարի է մոտենում, ավելի հակված եմ ես կարծել, որ սա խաղ է՝ հերթական խաղ քաղաքական, որի ընթացքում պետք է ցույց տան, թե իրենք հավատարիմ են իրենց խոստումներին, թե Մարտի 1-ը իրենց մտքում կա, թե բոլոր հանցագործությունները պետք է բացահայտվեն», - ընդգծեց Հարությունյանը:

2018-ի հեղափոխությունից հետո, 10 մարդու կյանք արժեցած հետընտրական արյունալի իրադարձությունների գործով սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրանք էր առաջադրվել Քոչարյանին ու մյուսներին։ Նրանց փաստաբանները, սակայն, շարունակաբար պնդում էին, որ այդ հոդվածը հակասահմանադրական է։ Նույնը եզրահանգել էր Սահմանադրական դատարանը, ինչից հետո գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանն արդարացրել էր ամբաստանյալներին՝ ոչ թե ապացուցելով նրանց անմեղությունը, այլ հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի որոշումը:

«Այն, ինչ որ մենք էինք ասում, արդարադատության հետ համատեղելի չեն, ինձ չեն համոզել, ավելին՝ ես գտնում եմ, որ այն իրավիճակը, որը առաջանում է, առաջացել է այսօր և առաջացել է այդ որոշումը կայացնելու արդյունքում, դա արդրադատության հետ համատեղելի չէ», - այն ժամանակ հայտարարել էր դատախազ Գևորգ Բաղդասարյանը:

Բաղդասարյանն ասել էր՝ եթե անգամ Քոչարյանին մեղսագրվող հոդվածը հակասահմանադրական է ճանաչվել, միևնույն է, դա չի նշանակում, որ վերացել է 2008-ին 10 մարդու կյանք խլած իրադարձությունների մասով նախկին նախագահի պատասխանատվությունը։

Ի վերջո, Դատախազության բողոքարկման արդյունքում վճռաբեկ ատյանը եզրահանգեց, որ ստորադաս դատարաններն ակտ կայացնելիս դատական սխալ են թույլ տվել, օրենք են խախտել, երբ Սահմանադրական դատարանի հայտնի որոշումից հետո դադարեցրել են քրեական հետապնդումը։ Ըստ Վճռաբեկի, նախքան խորհրդակցական սենյակ մտնելը դատավորը պետք է դատախազներին հնարավորություն տար վերաորակել ամբաստանյալների արարքը։

Նախկին նախագահի փաստաբանները դեռ մեկնաբանություն տալ չեն ցանկանում։ Ամիսներ առաջ Սահմանադրական դատարանը որոշեց, որ դատարանները կարող էին վերաորակել նախկին նախագահի ու մյուսների մեղադրանքը, փաստաբան Հայկ Ալումյանը «Ազատության» հետ զրույցում անօրինական էր համարել սա։

«Հետևանքը նա է, որ հերթական անգամ անօրինական ձևով դատավարությունը փորձ է արվելու սկսել: Դատավարությունը ինքը անօրինական է չէ՞ եղել, պարզվեց չէ՞, որ հակասահմանադրական հոդվածի հիման վրա Ռոբերտ Քոչարյանը տարիներով մեղադրվել է և տարիներ անց է կացրել կալանքի տակ։ Հիմա էլ հերթական անօրինականությունն են անում», - հայտարարել էր Ալումյանը:

Թե երբ Քոչարյանին ու նրա երեք նախկին ենթականերին՝ պաշտպանության նախարարին, Գլխավոր շտաբի պետին և նախագահի աշխատակազմի ղեկավարին, նոր հոդվածով մեղադրանք կառաջադրվի, Դատախազությունը դեռ չի մանրամասնում։

XS
SM
MD
LG