2008-ի մարտի 1-ի գործով Գլխավոր դատախազությունն այսօր նոր մեղադրանք ներկայացրեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին:
Իրավապահները Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Օհանյանին մեղադրվում են Քրեական նոր օրենսգրքի՝ ուժի գործադրմամբ պաշտոնական լիազորություններն անցնելու հոդվածով, որը ծանր հետևանքներ է առաջացրել։ Դատախազությունը պնդում է՝ նախկին բարձրաստիճան զինվորականը բանակին է ներգրավել 10 մարդու կյանք խլած հետընտրական գործընթացներում։
«Զինված ուժերն օգտագործել է քաղաքական հարցերում խաղաղ հանրահավաքների մասնակից քաղաքացիների դեմ», - նշեց մեղադրող դատախազ Հայկ Հովհաննիսյանը:
Արդարացումից երեք տարի անց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա նախկին երեք բարձրաստիճան ենթակաները կրկին դատարանում են՝ Վճռաբեկ դատարանի որոշմամբ: Բարձրագույն այս ատյանը բեկանել էր նրանց՝ դեռ ուժի մեջ չմտած արդարացման վճիռն ու գործն ուղարկել Հակակոռուպցիոն քրեական դատարան՝ նոր քննության։
Մեղադրող դատախազը նախորդ նիստում հասցրեց միայն Յուրի Խաչատուրովին ու Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք ներկայացնել՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար։
«Ռոբերտ Քոչարյանը վերը նշված հրամանագրով ապօրինի սահմանել է արտակարգ դրության ռեժիմ՝ դրանում ներառելով այնպիսի միջոցառումներ և ժամանակավոր սահմանափակումներ նախատեսող գործողություններ, որպիսիք նախատեսված են եղել 2006 թվականի դեկտեմբերի 5-ին ընդունված ռազմական դրության իրավական ռեժիմի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում», - ներկայացրել է մեղադրող դատախազը:
Ըստ մեղադրանքի, մինչ մարտի 1-ը Հայաստանի զինված ուժերի, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մի շարք ստորաբաժանումներ, դուրս են բերվել տեղակայման վայրերից, այդ թվում՝ սահմանից ու վարժանքների են մասնակցել. զինվորականներին հրաձգային զենքեր է բաժանվել։ Այնուհետև՝ արդեն մարտի 1-ի հետընտրական արյունալի իրադարձությունների օրը զինվորականները տեղակայվել են մայրաքաղաքի կենտրոնի մի քանի փողոցներում՝ ոստիկանության ու այլ խմբերի հետ։
«Պարոնյանի և Լեոյի փողոցներում բախվելով ցուցարարների առանձին խմբերի, կիրառել են հրազեն, մասնավորապես, 2-րդ բանակային կորպուսի համապատասխան զորամասի զինծառայողներն իրենց ամրակցված ինքնաձիգներից ու ատրճանակներից համազարկ ու անկանոն կրակահերթեր են արձակել ցուցարարների, ինչպես նաև հարակից բնակելի ու հասարակական նշանակության շենքերի, շինությունների ուղղությամբ», - նշեց Հայկ Հովհաննիսյանը:
Գլխավոր դատախազությունը հաջորդ նիստին մեղադրանք կներկայացնի 2008-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած, այժմ ընդդիմադիր պատգամավոր Արմեն Գևորգյանին: Հակակոռուպցիոն Դատարանն այնուհետև պետք է որոշի՝ հաստատել ներկայացված մեղադրանքները, թե՝ ոչ՝ գործը քննելու համար։
Ոչ նախկին նախագահ Քոչարյանը, ոչ էլ նրա երեք նախկին ենթակաները չեն ընդունում մեղադրանքը: Սեյրան Օհանյանն այսօր չցանկացավ մեկնաբանել իրեն ներկայացված նոր մեղադրանքը: